Իրավունք

Փայլակն ի սկզբանե պլանավորել էր իմ անունն օգտագործելով ստանալ վարկը և «քցել» բանկին․ Աշոտ Սուքիասյան

>

Hraparak.am-ը մի քանի հարց էր ուղարկել Օֆշորի հայտնի սկանդալով մեղադրյալ Աշոտ Սուքիասյանին, ով արդեն 4 տարի է, ինչ գտնվում է անազատության մեջ, դատական պրոցեսը դեռ նոր մոտենում է ավարտին։ Աշոտ Սուքիասյանը մոտ 15 էջի սահմաններում է պատասխանել մեր հարցերին, սակայն հարցազրույցը ներկայացնում ենք կրճատ։

Աշոտ Սուքիասյանը, ով ժամանակին հանդիսացել է գործարար Փայլակ Հայրապետյանի գործընկերը, մեղադրվում է խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտները օրինականացնելու մեջ, ինչպես նաև չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց։

-Պարոն Սուքիասյան, եթե այնուամենայնիվ դատախազի 15 տարի Ձեզ դատապարտելու միջնորդությունն ընդունվի, արդյոք այլ ատյաններ դիմելո՞ւ եք, հնարավո՞ր է գործը հասնի մինչև ՄԻԵԴ։

-Ես կարծում եմ, որ ինձ արդեն դատել են, քանի որ գրեթե 4 տարի ես բանտում եմ և իմ դեմ հարուցված մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը։ Ինչպիսի վճիռ էլ կայացնի դատարանը, միևնույնն է, ես պիտի բողոքարկեմ այդ վճիռը բոլոր ատյաններում, այդ թվում նաև ՄԻԵԴ-ում, մինչև հասնեմ արդարացման և վնասներիս փոխհատուցման։ Այս գործի հաղթական, արդարացի ավարտն ինձ համար արդեն ապահովված է, քանի որ այս նույն դատական պրոցեսը ես արդեն անցել եմ Աֆրիկայի Սիեռա-Լեոնեի երկրում, որտեղ գործում են միջազգային իրավունքի չափանիշները՝ համապատասխան անգլիական օրենսդրության։ Այս նորմերով առաջնորդվող Սիեռա-Լեոնեի դատարանը վճիռ է կայացրել Փայլակ Հայրապետյանի դեմ։ Բացի այդ Աֆրիկայի գերագույն դատարանը Փայլակի, իմ դեմ նրա ցուցմունքով կեղծված փաստաթղթերով դատական գործ սկսելու և բիզնեսից ինձ մեկուսացնելու համար, համագործակցած իմ նախկին գործընեկրների՝ Ռոբերտ Մկրտչյանի, Սերգեյ Տրիկազյուկի և այլոց՝ վճռով պարտավորեցրել է իմ ընկերությանը փոխհատուցել 3 միլիոն ԱՄՆ դոլար, ինչպես նաև կազմակերպությունից թաքցրած հսկայական գումարները։ Աֆրիկյան դատավարության ընթացքում Փայլակի և նրա համախոհների կողմից կատարված բազում թաքուն հանգամանքներ պարզվեցին՝ ինձանից թաքուն գործարքներ իմ նկատմամբ կազմակերպված դավերի մասին։

Ասածներս վերացական չթվալու համար բերեմ օրինակ․ Փայլակի խնդրանքով Աֆրիկյան իմ կազմակերպությունում նրա բազմաթիվ ծանոթ-բարեկամներ էին աշխատում՝ մոտ 2 տարի։ Իմ ունեցած բիզնեսը կամավոր իրեն փոխանցելու Փայլակի պահանջները մերժելուց հետո, այդ մարդիկ միահամուռ բողոք էին գրել, որ ես իրենց մի քանի ամսվա աշխատավարձ եմ պարտք։ Մի կողմից որպես աշխատողներ, նրանք Փայլակի հորդորներով ՀՀ դատախազին դիմումներ էին գրում, մյուս կողմից այդ նույն դատախազին Փայլակն էր բողոք գրում, պնդելով, որ ես իրեն խաբել եմ և Աֆրիկայում ոչինչ էլ չունեմ։ Եթե ոչինչ չունեի, ապա որտե՞ղ էին մոտ 2 տարի աշխատում և ումի՞ց էին մինչ այդ ամենքը միջինը 2 հազար ԱՄՆ դոլար աշխատավարձ ստանում։

(Աշոտ Սուքիասյանն իր պատասխաններում բավականին երկար խոսում է իր նախկին գործընկեր Ռուբեն Մկրտչյանի մասին, ով ըստ Սուքիասյաինի՝ Փայլակ Հայրապետյանի համագյուղացին է,-հեղ․) Փայլակ Հայրապետյանի համագյուղացի Ռուբեն Մկրտչյանը Սիեռա Լեոնեում էր գտնվում Գանայից ստացած անձնագրով: Մինչ այդ նրա նկատմամբ ինչ-որ հանցանքի համար հետախուզում էր հայտարարել Կիպրոսի հանրապետությունը, մինչ այդ նա փախել էր ՌԴ Վոլգոգրադ քաղաքից, քանի որ այդ երկրի կողմից նրան միջազգային հետախուզում էր հայտարարված՝ մարդասպանության մեղադրանքով։ Ինքներդ պատկերացրեք ինչերի է ընդունակ այդ ոհմակը, որին ղեկավարում էր նորից մարդասպանության՝ իր որդու գործընկերոջը իր իսկ տան մեջ բազմաթիվ մարդկանց ներկայությամբ սպանած Փայլակ Հայրապետյանը։

-Պարոն Սուքիասյան, ի վերջո, եթե այս պատմության մեջ խարդախություն չի եղել, ապա գումարների օգտագործումը ո՞ր պահից է եղել ոչ նպատակային, որ երկու գործարար միանգամից կորցրել են իրենց ունեցվածքը։

-Չէի ցանկանա, որ իմ անունը որպես գործարարի կապեիք Փայլակ Հայրապետյանի հետ, քանի որ ես սկզբից չգիտեի թե ով է, նաև նրա բազում խնդրանքներից հետո միայն որոշեցի ընդունել նրա համագործակցության առաջարկը։ Շատերին է հայտնի, թե ոչ մի մասնագիտություն չունեցող Փայլակը ինչպես է դարձել այդպիսի կարողության տեր։ Փայլակին իր թալանը վերջնական ձևակերպումներ տալու և «մաքրելու» համար պետք էր մաքուր կենսագրությաբ, ֆինանսական խնդիրներ չունեցող ու բանկերի հետ լավ հարաբերություններ ունեցող մի գործարար։ Փայլակի գույքերի մեծ մասի ձեռքբերման կամ վարձավճարների, ինչպես նաև հարկերի գումարները, որոնք ահռելի չափերի էին հասնում, վճարված չէին։ Ես իմ միջոցներով, մոտ 875․000 ԱՄՆ դոլար ծախսելով, այդ բոլոր գույքերը բերել եմ իրավական տեսքի ՝ Փայլակի և նրա հարազատների անունով, հետո նոր դրանք գրավադրել իմ կազմակերպության անունով։

Վարկի առաջին փուլերով ստացված վարկերից մուծվել է Փայլակի այլ բանկերում ունեցած ժամկետանց վարկերի պարտքերը։ Այդ «ոչ նպատակային» ծախսված գումարների դիմաց ես բանկի նկատմամբ առաջացած պարտավորությունները փակել եմ իմ անձնական միջոցներով։ Երբ տուժում էի ես և օգտվում էր ինքը, նա ինձ ընդունում էր հարազատ որդու պես։ Հետո, երբ նրա իրական մտադրությունները պարզ դարձավ նա նախաքննական մարմնին ցուցմունք էր տվել իբրև թե Կիպրոսի իմ հաշիվներից եկած բանկի վարկերի մարմանն ուղղված այդ գումարները ոչ այլինչ է, քան խարդախություն և փողերի լվացում։ Դեպքերի հետագա զարգացումներից պարզվեց որ Փայլակն ի սկզբանե պլանավորել էր իմ անունն օգտագործելով ստանալ վարկը և «քցել» բանկին։ Բայց քանի որ վարկի ստացումը տևեց նախատեսվածից ավելի երկար և ստացվում էր փոքր մասնաբաժիններով, նրա այդ մտահաղացումն ամբողջությամբ չիրականացավ։

Փայլակի իրարամերժ ցուցմունքների և նախաքննական մարմնի «ջանքերով» է, որ վարկի օգտագործումը դիտվել է որպես ոչ նպատակային։ Միայն նախաքննական մարմնի մեծ երևակայության շնորհիվ էր կարելի նման եզրակացության գալ։

-Պարոն Սուքիասյան, Փայլակ Հայրապետյանը հայտարարում է, որ բիզնես-ծրագրի տապալումը կապված է նաև «Ամերիաբանկի» հետ։ Որքանո՞վ եք կարևորում այս պրոցեսներում բանկի դերը։

-Փայլակը պարզապես պատճառաբանելով բիզնես-ծրագիրը ցանկանում է հեղինակազրկել բանկին և մեղադրել ինձ։ Անհեթեթություն է, քանի որ եթե մենք վարկը ստացած լինեինք այդ բիզնես ծրագրին համապատասխան, ապա ինչպե՞ս կարող էինք այդ գումարները ծախսել հենց Փայլակի կարիքների համար։ Կենտրոնական բանկը փողերի լվացումը կանխելու նպատակով վերահսկում է ամեն մի գործարք։ Ստացվում է, որ Փայլակն ինձ մեղադրում է իր պարտքերը մարելու համար՝ դրանք ներկայացնելով որպես ոչ նպատակային ծախսեր։ «Ամերիաբանկը» մեզ վարկ է տվել ոչ թե կոնկրետ բիզնես ծրագրի հիման վրա, այլ՝ ազատ գրաֆիկով։

-Թեպետ դուք բազմիցս անդրադարձել եք արք․ Նավասարդ Կճոյանի և նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությանն այս գործում, մարդկանց հետաքրքիր է Ձեր ընտրած ռազմավարությունը, այդ մարդկանց գործում չներգրավելը, որը կարծես աշխատում է ի վնաս Ձեզ։ Ինչո՞ւ։

-Արդարության իր անունը զրպարտանքներից մաքրելու համար կամովին հայրենիք վերադարձած մարդուն ռազմավարություն պետք չէ։ Զարտուղի ճանապարհով իրականությունը խեղաթյուրելով, արհեստական միջոցներով արդարության չես հասնի։ Փախնելով Հայաստան՝ Փայլակը սկսեց ԶԼՄ-ների միջոցով իր հետագա ռազմավարությունը, համապատասխան խեղաթյուրելով իրականությունը սկսեց քաղաքականացնել հարցը։ Այդ մեթոդի ընտրությունը պատահական չէ։ Քաղաքական դաշտում Փայլակը հզոր բայց ինքնահաստատման գնացող հովանավորներ ուներ, որոնք ժամանակին հովանավորել էին նրա թալանչիական գործերը։ Հարցը քաղաքական դաշտ տեղափոխելու արդյունքում նրանց շահերը համընկնում էին, և Փայլակը ակտիվացնում է իր գործողությունները։ Լավ իմանալով, որ ես՝ որպես Արարատյան թեմի առաջնորդանիստ սբ․Սարգիս եկեղեցու ջրօրհներքի խաչքավոր, մտերիմ հարաբերությունների մեջ եմ Ձեր նշած մարդկանց հետ, արք․ Կճոյանը թեմի առաջնորդ է, իսկ Տիգրան Սարգսյանը՝ նույն թեմի ատենապետը, Փայլակը սկսում է շահարկել այդ մարդկանց անունները։

Հ․Գ․ Ի ապացույց, որ Աֆրիկայում ադամանդի հանքերի շահագործումը կեղծ տեղեկատվություն չէ, Աշոտ Սուքիասյանն ուղարկել է իր և Փայլակ Հայրապետյանի միասին արված լուսանկարները հանքավայրում։

Մեկնաբանություն
X