Տրանսֆորմացիա

Անկախության հերթական տոնին ընդառաջ մարդիկ արդարացիորեն հարց են տալիս՝ ինչպե՞ս պատահեց, որ 2017 թվականին մենք ոչ թե հզոր ու ծաղկուն պետություն ունեցանք, այլ մի իրավիճակ, որտեղ պետության վերջին ունեցվածքն ենք վաճառում, ասենք՝ Հանրապետության հրապարակի շենքերը, որ կարողանանք աշխատավարձ ու թոշակ տալ։ Ինչպե՞ս պատահեց, որ Մետաքսի ճանապարհի, Ասիայի ու Եվրոպայի միջեւ ճանապարհային խաչմերուկի մասին պոռոտախոսող հայաստանցիներս հայտնվեցինք փակուղում՝ անկլավի մեջ, որտեղով տարածաշրջանային ոչ մի նախագիծ չի անցնում։ Ինչո՞ւ եւ ե՞րբ հասանք այն մակարդակին, որ 90-ականներին Հայաստանից ինքնաթիռներով հեռացող հայերին փոխարինելու եկան կասկածելի ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով, «վերմակ-դոշակով», գերդաստաններով Հայաստանը լքող, Ռուսաստան մեկնող չքավորների քարավանները։ Այդ ո՞ր պահից սկսեց մեր հասարակությունը հաշտվել «արա»-ով» խոսող, փողով դիսերտացիա ու ձայն գնող իշխանավորների գոյության հետ։ Ինչպե՞ս եղավ, որ պետական բարձր պաշտոնյան դադարեց մտածել իր հեղինակության, իր երկրի ապագայի մասին, եւ նրա գլխավոր մտահոգությունը դարձավ իր երեխաների նեղլիկ «ապագան»՝ միլիոնների տեսքով։ Եվ այդ ճանապարհին՝ «վերադասի» կամքը հլուհնազանդ կատարելն ու իր աթոռը պահպանելը։ 90-ականների սկզբի նվիրվածության ու նվիրյալների մթնոլորտը ե՞րբ իր տեղը զիջեց գռփող-չռփողների, թալանչիների, անվերջ հարստացողների այս բանակին։ Այդ տարիներին մամուլում աշխատած մարդիկ կվկայեն, որ որեւէ պաշտոնյայի զավակի շքեղ հարսանիքը, ծնունդ-կնունքը համընդհանուր դատապարտման առարկա կարող էր դառնալ, իսկ երկհարկանի նորակառույց տունը՝ ակնհայտ կոռուպցիայի ապացույց։ Այսօր հասարակությունը եթե անգամ դատապարտում է այդ երեւույթները, ապա ոչ բարձրաձայն։

Մեկնաբանություն
X