Ազգային հավաքականի պարտությունը, Հենոյի ջղայնությունն ու Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը

Երեկ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հերթական «փառահեղ» պարտությունը կրեց՝ 1։4 հաշվով պարտվելով Դանիային։ Խաղի ավարտից հետո երկրպագուները վանկարկում էին «Նեմե՛ց, հեռացի՛ր» ՝ պահանջելով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը:

Հայաստանի պարտությունից հիասթափվել էին Ազգային հավաքականի երկրպագուները, ֆուտբոլասերները։ Ֆեյսբուք սոցիալական ցանցում, որտեղ ամեն իրադարձությունը դառնում է քննարկման առարկա, ծաղրական մեմեր, երեկվա խայտառակ պարտությունից հետո բաժանվել էր 2 մասի։ Այս անգամ քննարկվում էր ոչ թե Ազգային հավաքականի հանդիպումը, այլ՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած խաղը։

Ոմանք քննադատում էին նրան՝ նշելով, որ այնպես չի խաղում ինչպես «Մանչեսթեր Յունայթեդ»-ում եւ եթե այդպես պետք է լինի, ուրեմն ավելի նպատակահարմար է, որ Մխիթարյանը ընդհանրապես չխաղա Ազգային հավաքականում։ Հակառակ այսպիսի գրառումների՝ ֆեյսբուքահայության մի մասն էլ պաշտապնում էր «կարմիր սատանային»՝ «մի Հենո, մի Դանիայի հավաքական, ինչպե՞ս կարող է միայնակ պայքարել»։

Այս քննարկումներից բացի, ֆեյսբուքում լուր տարածվեց, որ Հենրիխը հանդիպումից հետո արհամարհել է երկրպագուներին, ձայնը բարձրացրել։ Օգտատերերից մեկը գրել է․ «Հայաստան ֊ Դանիա հանդիպումից հետո, չգիտես ինչու, Մխիթարյանը, դուրս գալով հանդերձարանից, շտապում էր դեպի իր մեքենան, իսկ այդ ժամանակ մի շարք երկրպագուներ (ու ասեմ փոքր տարիքի) փորձում էին լուսանկարվել նրա հետ՝ ուղղակի քայլելու ընթացքում, բայց չգիտես «Կարմիր սատանայի» մտքով ինչ անցավ, որ ձեռքի ճամպրուկը գցեց գետնին ու գոռաց․

֊Հանգստացեք հլը արա։

Դրանից հետո անվտանգության աշխատողները երկրպագուներին բառիս բուն իմաստով մի կողմ շպրտեցին, բայց կային թասիբով երկրպագուներ, ովքեր ուղղակի սուլոցներով ճանապարհեցին»։

Այս ամենից հետո եղան ֆեյսբուքյան օգտատերեր, որոնք Մխիթարյանի արարքը արդարացրին՝ նշելով «դե ինքն էլ ա մարդ, ջղայնացած ա եղել։ Ռուբեն Հայրապետյանը երեւի հետը «քաղցր ա» խոսել»։

Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի 30-ին երկրպագուների, Red Eagles շարժման անդամների հետ հանդիպման ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի ձախողվելու դեպքում հրաժարական կտա։

Նշենք, որ երեկվա հանդիպումից հետո Հայաստանը մնաց 6 միավորով եւ շարունակում է ընթանալ ընտրական E խմբի նախավերջին՝ 5-րդ, հորիզոնականում: Դանիան միավորների քանակը հասցրեց 16-ի եւ շարունակում է պայքարել խմբի 1-ին, 2-րդ տեղերի համար: 16 միավոր ունի նաեւ Մոնտենեգրոն, որը Դանիայի գերազանցում է լրացուցիչ ցուցանիշներով եւ 2-րդն է: Խումբը 19 միավորով միանձնյա գլխավորում է Լեհաստանը:

Այս ընտրական փուլում Հայաստանին մնացել է 2 հանդիպում: Հոկտեմբերի 5-ին մեր թիմը «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Լեհաստանին, իսկ 8-ին կհյուրընկալվի Ղազախստանին:

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Մեկնաբանություն
X