Սոս Սարգսյանի կիսանդրին թատրոնում՝ ռոյալի վրա

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում տեղադրվել է քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի հեղինակած Սոս Սարգսյանի կիսանդրին։ Թատրոնի ֆեյսբուքյան էջում դրված լուսանկարից տեսնում ենք, որ կիսանդրին տեղադրվել է թատրոնի ճեմասրահում գտնվող ռոյալի վրա։ Լուսանկարի տակ արված տարբեր մեկնաբանությունների կողքին թատրոնի դերասաններից մեկը հետաքրքրվել է, թե ինչու է Գազազի նկարը փոխարինվել Թոքմաջյանի քանդակով. «Փոխել կամ նորը բերել՝ դա չի նշանակում «վատն» ավելի վատով փոխել»։ Ակնհայտ է, որ քանդակն այնքան էլ լավ արձագանք չի գտել թատրոնում։

Թե ով է իրեն պատվիրել, եւ ինչ առիթով է Սոս Սարգսյանի կիսանդրին քանդակել, Լեւոն Թոքմաջյանը մեզ հետ զրույցում նշեց, որ թատրոնի գեղղեկավար Վիգեն Չալդրանյանն իր մանկության ընկերն է, որի թատրոն գալով շատ է ուրախացել, ահա նա էլ պատվիրել է իրեն։ «Ինքն ինձ զանգեց ասաց՝ Լեւոն ջան, քանի որ թատրոնի սեզոնի բացումը չի եղել, գուցե այնպես անենք, որ ինքն իր թատրոնում ներկա լինի իր էությամբ։ Ես էլ Սոսի կերպարի վրա երկար ժամանակ էր՝ աշխատում էի, արվեստանոցում ունեմ շատ տարբերակներ, ինքն իմ մոտ եղել է, մոտ ենք եղել իրար հետ»,- ասում է Թոքմաջյանն ու հավելում, որ ոգեւորությունը շատ մեծ է եղել, հատկապես որ օրիգինալ լուծում են գտել, կիսանդրին դրել են միջանցքում տեղադրված 18-րդ դարի գերմանական ռոյալի վրա, ու, ըստ հեղինակի, տպավորություն է ստեղծվում, որ դերասանը հենվել է ռոյալին ու հսկում է բոլորին, նայում գնացող-եկողին, իր սաներին, ներկայացումները։

Թոքմաջյանն ասում է, որ սա իր նվերն է թատրոնին, եթե գումար լիներ, ապա կիսանդրին բրոնզից կձուլեր, բայց առայժմ գիպսե տարբերակն է տեղադրվել թատրոնում։ Նա զարմանում է, որ իր աշխատանքը շատերին դուր չի եկել, քանի որ միայն դրական կարծիքներ է լսել, իսկ մնացածը համարում է չարություն։ Ավելին, ըստ նրա, ինչպե՞ս կարելի է նկարը համեմատել քանդակի հետ։ «Չէ՞ որ քանդակի մեջ նաեւ ստեղծագործական պահ կա։ Ինձ թվում է՝ դա չարություն է, նախանձություն, մեծ մասը գալիս են՝ կողքը նկարվում, ինձ այդպես ասացին»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X