Ինչու պարտվեց հավաքականը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Դանիային ընտրանուն Մանչեսթեր Յունայթեդի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անհաջող խաղի պատճառով չպարտվեց: Պարտվեց քանզի հաջողության ու դրական արդյունքի հասնելու համար հայկական ֆուտբոլում տարիներ շարունակ որևէ ֆունդամենտալ փոփոխություն չի կատարվել: Պարտվեց քանի որ ազգային առաջնության որակը նույնը մնաց՝ թույլ, անտեսված, անհետաքրքիր, նաև ինչպես Ռուբեն Հայրապետյանն էր բողոքում՝ այն պատճառով, որ իր հիմնադրած Ֆուտբոլի ակադեմիայում չկան իսկապես լավ մարզիչներ, որոնք կբարելավվեն մանկապատանեկան ֆուտբոլը՝ (Զավեշտալի է, թե այդ դեպքում որն է Ակադեմիայի գործառույթը): Վերջապես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտվեց, քանի որ ՀՖՖ նախագահը Ռուբեն Հայրապետյանն է, որն ինչպես երկրի նախագահ Սերժ Սարգսյանը բնավ մտադրություն չունի թողնել «մեծ խաղի» ասպարեզը՝ իր հարատևությունը պատճառաբանելով Ֆեդերացիայի նախագահի պաշտոնում նոր, իրական թեկնածուների բացակայությամբ:

Այս ամենը անխոս տիպական է հայաստանյան քաղաքական կյանքին, առհասարակ իշխանության բնույթին:

Կա Սերժ Սարգսյանը, կա ՀՀԿ-ն, գալիս-գնում են վարչապետները: Կա Ռուբեն Հայրապետյանը, կա՝ ՀՖՖ-ն, գալիս քոռուփոշման գնում են մարզիչները՝ մեղավորության և պատասխանատվության ողջ բեռը տեղավորելով իրենց տարաբախտ ուսապարկերում: Ուշադիր եղեք նաև նրանց խոսքերն են մերձ և տիպական: Նախագահ Ս. Սարգսյանը ասում է՝ «Ինչ կարևոր է վարչապետի ով լինելը», ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյան՝ «Ասեք, ով ա էդ մարդը, որը կարա»: Ձախողման համար բոլորը մեղավոր են, բոլոր պատասխանատու են բացի՝ իհարկե գլխավոր հրամաններ արձակողներից: Պատճառը բոլորի մեջ է, բայց ոչ այն մարդու, ով ավելի բարձրում է քան ըստ էության բուն պատճառը:

Ափսոսանքով ես նայում գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին, ով ուշ թե շուտ արժանանալու է մյուսների ճակատագրին՝ հեռանալու է հրաժարականի դիմում գրելով: Նույնը ոչ հեռավոր ապագայում կարող է տեղի ունենալ նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի պարագայում՝ չի գոհացնի, չի կարողանա փրկել պետության խորտակված տնտեսությունը, ուրեմն մնաս բարյավ, ուրեմն ողջ պատասխանատվությունը միայն ու միայն քոնն է, եթե ի զորու լինեիր ինչ-որ բան անելու միանշանակ կանեիր:

Հետո կգան ուրիշները, հետո նրանց կփոխարինեն նորերը, և այսպես շարունակ: Այս զբոսանքին վերջ չկա, ինչպես Դանթեի «Դժոխքի» պարույրներին:

Իսկ մեզ զայրացնում է Հենրիխ Մխիթարյանի վատ խաղը, պահվածքը, կամ թիմում մարզչական ուրույն մարտավարության, ֆուտբոլային փիլիսոփայության իսպառ բացակայությունը:

Ճիշտ էր Արթուր Պետրոսյանը, երբ մամլո ասուլիսում մեկնաբանում էր մեր հավաքականի դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանի խաղը՝ «- 31 տարեկան է արդեն, ինչ-որ բան ուղղելն ուշ է»: Նույնը կարող ենք ասել հայկական ֆուտբոլի և հայկական պետության համար: Նման հավերժատենչ վերադասների առկայությամբ արդեն ուշ է ինչ-որ բան ուղղելը, չափազանց ուշ:

Զավեն Մխիթարյանը

Մեկնաբանություն
X