Ոստիկանության մոնտաժը չե՞ք զգում,- հարցնում է Լիանա Զուրաբյանը

Ոստիկանությունը ներկայացրել է տեսանյութ, թե ինչպես են ՃՈ աշխատակիցները Պռոշյանի վրա՝ նախագահի տան հատվածում, տեխզննման կտրոն պահանջել ասմունքող Լիանա Զուրաբյանից: Մենք երեկ անդրադարձել էինք այդ միջադեպին՝ «Ինչո՞ւ էին կանգնեցրել Լիանային ու իր փոքրիկին՝ նախագահի տան հատվածում» վերտառությամբ հոդվածով:

Լիանան ասել էր, որ իր մի տարեկան փոքրիկը անընդհատ լացում,
անհանգստանում էր։ Ժամից ավելի խնդրում էր, որ իրեն տուն թողնեն՝ երեխայի
հետ է, չէին ընդառաջում։ Ոստիկանության տեսանյութում այդ հատվածը չկար։ Կարելի էր կարծել, որ փոքրիկ երեխա չի եղել, եթե մի տեղ նրա նվնվոցը չլսվեր։

Այժմ փորձեցինք լսել Լիանա Զուրաբյանի կարծիքը ոստիկանության տեսանյութի մասին: Նա չէր նայել ոստիկանության տեսանյութը՝ «կուղարկե՞ք լինքը»: Հետո տեսանյութը նայելուց հետո զանգում է. «Ինչ որ բան ճի՞շտ չեմ ներկայացրել։ Ամեն ինչ ճիշտ եմ ասել։ Սկզբում ես շատ հանդարտ էի խոսում, հետո երբ չէին ընդառաջում ինձ, որ երեխային տուն տանեմ, սկսեցի ափերից դուրս գալ։ Ինչ վերաբերվում է, որ ես անընդհատ իրար ետևից ասում եմ՝ ասմունքող Լիանա Զուրաբյան, այդպես լինել չէր կարող։ Ներկայացել եմ, չներկայանա՞մ․․․ Մոնտաժը չե՞ք զգում։ Ինչևէ, իմ ամբողջ զայրույթը կապված է եղել փոքրիկիս հետ, ով անընդհատ լացում էր, դա չկա․․․ Ու նաև էլի բաներ»։

Ավելի ուշ Լիանա Զուրաբյանը ֆեյսբուքյան էջում իր փոքրիկ Լևոնի լուսանկարն է տեղադրել՝ մակագրելով՝ «Շնորհակալ ենք ես ու մամաս բոլորիդ ջերմ խոսքերի ու մտահոգության համար, մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, բայց այ կմեծաաաանամ՝ առաջ Աստված պապը, ու ես այդ գայշնիկներին կասեմ, ձեր Լևոն....5.08.2017»

Իսկ դրանից հետո մեզ է ուղարկել մի հայտարարություն՝ խնդրելով հրապարակել այն. «Հարգելի հայրենակիցներ, ես արդարանալու ոչինչ չունեմ, թող մտածեն երկրի ազնվայրերը, ես իրենց դեմքն եմ ու իրենց կյանքը, եթե երբևէ մեր ավտոտեսուչները կարձանագրեն իրենց որդու, ընկերուհու, բարեկամի կամ նույնիսկ պետի սիրուհու մեքենային, ես կհարգեմ և կենթարկվեմ ամեն մի օրենքին, մենք ապրում ենք մի երկրում, ուր բացարձակ օրենք չի գործում, ինչի մասին եք խոսում,մտածեք երկրի մասին որ կործանման եզրին է, որ հայաթափ է լինում, և մի բան էլ այս նյութը հրապարակել են ամբողջը մոնտաժված, իմ երեխայի լացն են մոնտաժել, այն որ ասում եմ՝ ձեզ մայր չի բերել մոնտաժել են, անընդհատ իմ խոսքն են իրար կպցրել որ ասում եմ՝ ես ասմունքող Լիանա Զուրաբյանն եմ, ինչևէ կխնդրեմ բոլոր լրագրողներին ինձ հանգիստ թողնել, հանրությանն էլ կխնդրեմ մոտենալ ըմբռնումով և հասկանան ինչ են գրառում, ամեն դեպքում բոլորից շնորհակալ եմ, այլևս ինձ հանգիստ թողեք խնդրում եմ»:

ՀԳ Ամեն դեպքում չչարանանք՝ ոչ մենք, ոչ պետավտոտեսուչները, ոչ Լիանան․․․ Ի՞նչ անենք, որ մեկս մյուսին նման չենք։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X