Հայ գյուտարարը գտել է երկրագնդի գլոբալ տաքացման եւ էներգետիկ ճգնաժամի խնդիրների լուծումները

71-ամյա գյուտարար Հենրիկ Մխիթարյանը 23 գյուտի հեղինակ է, որոնցից 16-ը արտոնագրված է Մտավոր սեփականության գործակալությունում։ Նրա խոսքով՝ այդ գյուտերը Նոբելյան մրցանակի են արժանի, սակայն Հայաստանում իրեն նույնիսկ նախագահի մրցանակ չեն տվել: Գյուտարարը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասել է, որ իր գյուտերը մի շարք հայ գիտնականների կողմից հավանության են արժանացել՝ նախագահի մրցանակին ներկայացվելու համար։ Սակայն, գյուտարարի խոսքով, իր գյուտերը քննարկման չեն դրվում ոչ նախագահի մրցանակ շնորհող հանձնաժողովի կողմից, ոչ էլ՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում, քանի որ դրանք ապացուցում են ֆիզիկայի որոշ օրենքների անճշտությունները։ «Իմ կատարած փորձերը ապացուցում են, որ ֆիզիկայի մի շարք բանաձեւեր պարզապես սխալ են»,-ասել է գյուտարարը։ Նրա խոսքով, օրինակ, իր ստեղծած «Հավերժական շարժիչի» օգտակար գործողության գործակիցը 100 տոկոսից ավելի է, իսկ դա հակասում է էներգիայի պահպանման եւ փոխակերպման օրենքին։ «Էներգիայի պահպանման օրենքը որեւէ մեկը որեւէ կերպ չի ապացուցել, իսկ նման օրենքների խախտումները որեւէ կերպ չեն քննարկվում»,-ասել է գյուտարարը։ Նրա կարծիքով՝ հավերժական շարժիչի հիման վրա կարելի է ստանալ էլեկտրաէներգիա, կամ տաք ջուր ու սառը օդ, եւ այդ ամենն առանց բնապահպանական արտանետումների։ «Նույնիսկ ատոմակայան կառուցելու կարիքը կվերանա»,- պնդել է գիտնականը: Հ. Մխիթարյանի արտոնագրված գյուտերից է «Ավտոմեքենայի խլացուցիչ» գյուտը, որը վերացնում է մեքենաների խլացուցիչներից արտանետվող թափոնները։ «Աղբի այրում առանց վնասակար թափոնների արտանետման» գյուտը թույլ է տալիս այրելուց հետո դեպի մթնոլորտ ծուխ չարտամղել։ Նմանապես՝ «Կաթսայատուն» գյուտը ենթադրում է կաթսայի գործունեություն առանց ծխնելույզի եւ վնասակար թափոնների արտանետման։ Այս ամենը ֆանտազիա է, թե իրականություն՝ առայժմ հայտնի չէ։ Նշենք, որ Մտավոր սեփականության գործակալությունը գյուտը գրանցելիս պետք է հաշվի առնի նաեւ հիմնավորումները եւ ապացույցները։ Փաստն այն է, որ եւ պետական մարմիններում, եւ գիտությունների ակադեմիայում, եւ բիզնես շրջանակներում այս գյուտարարին, որ նախկինում մաթեմատիկայի ուսուցիչ էր, լուրջ չեն վերաբերում։ Բայց եթե դրանք ֆանտազիա են եւ գիտության հետ ոչ մի կապ չունեն, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ է պետական մարմինը դրանք արտոնագրում։ Մտավոր սեփականության գործակալության Գյուտերի, օգտակար մոդելների բաժնի պետ Ավետիս Պերյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ յուրաքանչյուր գյուտ արտոնագիր տրամադրելու համար անհատական փորձաքննության է ենթարկվում։ «Մենք արտոնագրեր են տալիս այն գյուտերին, որոնք չեն խախտում օրենքները, համապատասխանում են ֆիզիկայի օրենքներին եւ կարող են աշխատել, իսկ գյուտերի օգտակարությունը որոշում է շուկան»,-ասել է Պերյանը։

Մեկնաբանություն
X