Սյունյաց թեմից առանձնացվեց Վայոց Ձորը

>

Վերջերս Ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակով Վայոց Ձորի մարզի եկեղեցական համայնքները առաձնացան Սյունյաց թեմի կազմից։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու տերունապատվեր կազմակերպման, հոգևոր սպասավորների ծառայության կանոնակարգման և տարածքային վերատեսչությունը արդյունավետ իրականացնելու համար է արվել փոփոխությունը։ Սյունյաց թեմի Առաջնորդական տեղապահ է նշանակվել Զավեն Աբեղա Յազիչյանը՝ ազատվելով թեմի Սյունիքի փոխառաջնորդի պաշտոնից։ Իսկ ինչու տեղապահ, որովհետև Զավեն Յազիչյանի հոգևոր կոչումը թույլ չի տալիս առաջնորդ լինելու: Գործող կարգի համաձայն, թեմերի առաջնորդները պետք է առնվազն վարդապետի կոչում ունենան: Մեկ տարի է, ինչ Հայր Զավենը Սյունյաց թեմում է ծառայության նշանակվել: Անցած տարում հաջողվեց Սյունիքի բոլոր քաղաքային համայնքներում կիրակնօրյա դպրոցներ բացել: Հայր Սուրբի խոսքով, սյունեցի աշակերտները, երիտասարդները պետք է հավատքը ի սրտե ընդունեն, եկեղեցի չմտնեն որպես պարտադրանք։ Հիմնականում կիրակնօրյա դպրոցները այս նպատակը ունեն։ Այս տարի, հոգևոր հոր խոսքով, մարզկենտրոնի Սրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին որոշ փոփոխությունների կենթարկվի: Ինչ վերաբերում է Սյունյաց թեմի առաջնորդարանը Գորիսից Կապան տեղափոխելուն, ապա առաջիկայում դա հնարավոր չէ։ Կապանի եկեղեցու հարևանությամբ համապատասխան շինություններ չկան: «Տարածքի խնդիր կա, կացարաններ պետք է կառուցվեն, էնպես չէ, որ միանգամից վեր կենանք ու տեղափոխվենք Կապան»,-ասում է Սյունյաց թեմի Առաջնորդական տեղապահը: Թե ում կողմից կկառուցվեն այդ շինությունները՝ բարերաների, հովանավորների, թե իշխանությունների, դեռ հայտնի չէ, բայց գործին կաջակցի նաև նաև Էջմիածինը: Համապատասխան կառույցների առկայությունից հետո Հայր Զավեն Յազիչյանը խոստանում է բերել Կաթողիկոսի կոնդակը՝ Կապանը որպես Սյունյաց թեմի կենտրոն դարձնելու մասին։ Չէ որ սա իր ծրագրային դրույթներից մեկն է, ու հետո էլ հեշտ է մարզկենտրոնից կառավարելը։ «Թող Տերն Իր Սուրբ Աջի հովանու ներքո անսասան պահի Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, Հայաստան աշխարհը եւ Սյունյաց Տիրախնամ Թեմը: Թող Մանուկ Հիսուսի Սուրբ Ծննդյան հրաշափառ խորհրդով բացվող Փրկչական 2011 թվականը Սյունյաց անդաստանից ներս հարստացնի ազգային-եկեղեցական մեր կյանքը՝ նոր ձեռքբերումներով ու նորանոր նվաճումներով”,-այսպես ավարտեց մեր զրույցը Սյունյաց թեմի Առաջնորդական տեղապահը:

Մեկնաբանություն
X