Մշակույթ ասելով` հասկանում են շոու-բիզնեսը

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի ու բանաստեղծ Կարեն Անտաշյանի ասուլիսի մասին երեկ տեղեկացա «Ֆեյսբուքում»՝ ինձ ուղարկված «Գրանիշ» գրական ակումբի հաղորդագրությունից: Ի հավաստումն այս փաստի, Արքմենիկ Նիկողոսյանը, ամփոփելով անցնող տարին, նշեց, որ 2010թ.-ն առանձնացավ նրանով, որ գրական դաշտն ընդլայնվեց ինտերնետ տիրույթում. «Վերջին 3 տարիների լճացումից հետո գրական կյանքը արթնացման նշաններ է ցույց տալիս: 2010թ.-ի ամենակարեւոր խնդիրներից մեկը գրող-ընթերցող կապի սերտացումն էր, որ տեղի ունեցավ շնորհիվ ինտերնետի, Կարեն Անտաշյանի ու մի խումբ նախաձեռնողների կողմից ստեղծված «Գրանիշ» գրական ակումբի»: Բանաստեղծ Կարեն Անտաշյանն էլ նշեց, որ 2010-ը որակապես նոր փուլի սկիզբ դարձավ. հայրենական հեռուստաալիքների անտարբերության ֆոնին ինտերնետն ու սոցիալական ցանցերը բում արձանագրեցին: Բայց, այնուամենայնիվ, իրականության մեջ գրականությունը ԶԼՄ-ներով լուսաբանման խնդիր ունի: Ու եթե ինտերնետ, տպագիր մամուլն ու ռադիոն հետաքրքրություն են ցուցաբերում գրականության հանդեպ, ակտիվ շփվում գրողների հետ, ապա հեռուստաընկերությունների կողմից դեռ զրո ուշադրություն է գրանցվում: «Եթե իրենց թվում է, որ գրականությունը գովազդ չբերող ապրանք է, սխալվում են, որովհետեւ ինտերնետի օրինակով համոզվեցինք, որ ճիշտ քարոզչության դեպքում հետաքրքրություն առաջանում է: Ժամանակակից հայ գրականությանը պակասող ամենամեծ բանը լրագրողների եւ ԶԼՄ-ների ուշադրությունն է: Մինչեւ ԶԼՄ-ները չսկսեն սիրել գրականությունը, այդ գրական շարժումը չի ծավալվելու»,- նշեց Կարեն Անտաշյանը: Իսկ Արքմենիկ Նիկողոսյանի կարծիքով՝ մամուլում գրական աղմուկների մեծ մասը սարքովի է, որովհետեւ շատ մարդիկ ԶԼՄ-ներում կապերի շնորհիվ իրենց շուրջ աղմուկ են սարքում: «Երբեմն 2-րդական, 3-րդական հեղինակներն ավելի մեծ ուշադրության են արժանանում: Տարվա ընթացքում շատ լավ գրքեր լույս տեսան, որոնցից էին Հովհաննես Գրիգորյանի «Երբեք չմեռնես»-ը, Վրեժ Իսրայելյանի «Տոնապետը», բայց այդ գրքերի մեծ մասը տարածվում է գրական նեղ շրջանակում»,- նշեց գրականագետն ու փաստեց, որ այսօր մեր երկրում «մշակույթ» ասելով՝ հասկանում են շոու-բիզնեսը: Կարեն Անտաշյանի բնութագրմամբ՝ այսօր ունենք սերիալ նայելու ավանդույթ, բայց չունենք ընթերցանության ավանդույթ. «Մենք ուզում ենք նոր ընթերցող ստեղծել: Դրա համար մեր գրական արտադրանքը ձրի ինտերնետի միջոցով տարածելով՝ փորձում ենք ստեղծել այդ ընթերցողին»: Իսկ այն, որ ընթերցողը պատրաստ չէ փող տալ գրքին, ըստ բանախոսների, ուռճացված է ու սուտ, լավ քարոզչության, տեղեկացվածության դեպքում ընթերցողը գնում է դեպի գիրքը: «Օրինակ Հովիկ Չարխչյանի գրքերը մեծ պահանջարկ ունեն, դա պայմանավորված է ոչ միայն նրա ընտրած փաստակենսագրական ժանրով, այլ նաեւ սյուժե կառուցելու, գրողական տաղանդի, լավ հայերենի եւ լավ գրականությունը լավ վաճառելու՝ փիառի կանոններին տիրապետելու հանգամանքով»,- նշեց Արքմենիկ Նիկողոսյանը:

Մեկնաբանություն
X