Մի քիչ համբերեք` կհեռանամ

Հայաստանի ճարտարապետության պատմության մեջ երեկ «լուրջ» իրադարձություն էր՝ լրանում էր ՀՀ պալատական ճարտարապետ Նարեկ Սարգսյանի՝ երկրորդ անգամ Երեւանի ճարտարապետ նշանակվելու 100 օրը: Թեեւ բազմաթիվ ճարտարապետներ ու քաղաքացիներ, որոնց հայտնի էր նարեկսարգսյանական ձեռագիրը, մեծ ցավով ու դժգոհությամբ արձագանքեցին նրա նշանակմանը, սակայն քաղաքապետ Կարեն Կարապետյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մի սրտաճմլիկ տեքստով պաշտպանեց իր ընտրյալին, իսկ վերջինս երեկ, հավաքելով լրագրողներին, միալար, ծոր տալով՝ զեկուցում էր իր ու Կարապետյանի համագործակցության առաջին պտուղների մասին: Դրանք՝ ոչ ավել, ոչ պակաս, իր կատարած նախկին աշխատանքի սրբագրումներն էին, բայց գլխավոր թեման իր ընդդիմախոսներն էին: Թե ինչու են իրեն այդքան քննադատում ու համարում Երեւանի ճարտարապետության գլխավոր աղավաղող, մեկնաբանեց անձամբ ինքը՝ այն պայմանավորելով անձնական հաշիվներ մաքրելու հանգամանքով. «Ես ժամանակին առաջարկել էի Հյուսիսային պողոտան, Ճարտարապետների միությունը մինչ այսօր դեմ է, առաջարկել էի ԱԺ ցանկապատն ապամոնտաժել եւ այն հանրային այգի դարձնել՝ Ճարտարապետների միությունը խոչընդոտեց: Ստացվում է այնպես, որ ես մի բան եմ ասում, իրենք հանդես են գալիս հակառակ կարծիքով… Ես 1998թ. կամավոր դուրս եմ եկել Ճարտարապետների միության վարչության կազմից, 2007-ին՝ նաեւ Ճարտարապետների միության կազմից՝ համարելով, որ միությունը չունի սկզբունքային մոտեցում»,- իր հերոսական անցյալն ու պայքարի ուղին էր ներկայացնում նա: Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ վերջին տասնամյակում, դեռ ավելին, նա է հանդես գալիս ՀՀ ճարտարապետների համայնքի ու ճարտարապետության անունից, միայն նրան են «վստահվում» բոլոր կարեւոր պետական ու մասնավոր նախագծերը: Արդյո՞ք սա չի նշանակում, որ դաշտը մենաշնորհվել է,- հարցրինք Սարգսյանին: «Այդ հարցն ինձ չի ուղղված, ես հասկանում եմ, որ դուք գրելու եք ուրիշ բան՝ ձեր տարիների պատկերացումից, անալիզից կարող եմ ասել: Ուրեմն գնացեք Թամանյանի թանգարան՝ հարցրեք, թե ում են պատկանում այդ թանգարանի նյութերը, եւ կտեսնեք, որ ամբողջապես պատկանում են Թամանյանի ընտանիքին, ոչ թե պետությանը, եւ կտեսնեք ընդամենը մի էքսպոնատ, որը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, դա Հարավսլավիայում Թամանյանի տոնավաճառի մակետն է, որն արել եմ ես իմ նախաձեռնությամբ, վճարել ու նվիրել իրենց: Հարցրեք՝ ո՞վ է հրատարակել Թամանյանի արխիվը…»,- թվարկեց Սարգսյանն ու «համեստորեն» անցավ ինքնագովեստին. «Վերցրեք-կարդացեք Ճարտարապետների միության նախագահի 38 թվականի ելույթն Ալեքսանդր Թամանյանի հասցեին, Աղասի Այվազյանը լավ խոսք է ասում, ասում է՝ ամբողջ ճարտարապետական հասարակությունը պահանջում էր դադարեցնել Թամանյանի սրտի աշխատանքը, ինչ ասենք, ասենք՝ հաջողակ էր կամ այսպես էր, այնպես էր: Քավ լիցի, բոլորովին նպատակ չունեմ նման համեմատության, ես շատ լավ գիտեմ իմ կարողություններն ու տեղը… Շատ լավ գիտեմ, որ միակն եմ, որն արժանացել է Ռուսաստանի ցմահ գլխավոր ճարտարապետ կոչմանը: Ես շատ լավ գիտեմ, որ ես…: Հարց է առաջանում՝ որտեղի՞ց է չարությունն իմ դեմ, միգուցե դրանի՞ց»: Մեր դիտարկմանը, թե իշխանության կողմից իրեն տրամադրված լծակներն օգտագործելո՞վ է այդ ամենը ձեռք բերել, հուզումնալից տոնով ասաց. «Ես ասում եմ ամենայն անկեղծությամբ, ես երբեք դուռ չեմ թակել-ասել, որ հրավիրեք ինձ այս կամ այն աշխատանքի, երբեք: Եթե եղել ա առաջարկ, եղել ա իրանցից, ես երբեք չեմ պատկերացրել, որ ես երկրորդ անգամ կգամ Երեւանում գլխավոր ճարտարապետ: Բայց ես կարող եմ մխիթարել ու շատ լավ լուր ասել, չէ՞ որ երկրորդ անգամ եկող մարդը երկրորդ անգամ էլ կհեռանա՝ մի քիչ համբերել ա պետք»:

Մեկնաբանություն
X