Որդու ծննդյանը սպասող Հյուսնը

Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Նարինե Մալյանի «Որդու ծննդյանը սպասող հյուսնը» կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան: Ֆիլմն էկրանավորվել է Աղասի Այվազյանի «Դանիել մշտաբնակը» պատմվածքի հիման վրա, սցենարի հեղինակն է Արտյոմ Մելքումյանը: Որդու ծննդյանը սպասող Դանիելն ամեն օր նույն կյանքն է ապրում. լուսաբաց, կնոջ նախատինք, երեխաների լուռ տառապանք, դառը քուն… աղքատ ու խեղճ մի մարդ, ով իր օրվա հացը վաստակում է հյուսնությամբ:Հերթական այդպիսի մի օր ընտանիքի լուռ հայացքների ներքո Դանիելը գնում է խոստացված վարձատրության դիմաց աշխատանք անելու, որը, պարզվում է՝ ոչ այլ ինչ էր, քան խաչելություն, իսկ այդ երեք խաչյալներից մեկն էլ՝ Հիսուս Նազովրեցին: Ֆիլմն իր ռեժիսուրայով, դերասանական խաղով, գունային ընկալմամբ ու երաժշտական ձեւավորմամբ աչք է շոյում եւ այն քիչ ֆիլմերից է, այն էլ նման ասելիքով, որ չչարչարեց հանդիսատեսին, ավելին՝ ավարտից հետո շատերը դեռ նստած էին դահլիճում, ֆիլմի աուրայից կտրվել չէր ստացվում, եւ չէիր էլ ուզում: Ամենահետաքրքիրն այն էր, որ Դանիելի դերակատարը՝ Առնոլդ Գազարյանը, ով այդպես ներդաշնակորեն ձուլվել էր իր կերպարին, մասնագիտությամբ դերասան չէ, եւ, ինչպես բեմից նշեց Նարինե Մալյանը, տաքսու վարորդ է, ում հետ պատահաբար է ծանոթացել եւ, տեսնելով նրա մեջ այդ կերպարը, առաջարկել է նկարահանվել: Ֆիլմի օրիգինալ երաժշտության հեղինակն է Սամվել Սարյանը, իսկ երաժշտական խորհրդատուն՝ Տիգրան Մանսուրյանը: Թատերագետ Նվարդ Ասատրյանի կարծիքով, ֆիլմն այդ 15 րոպեների ընթացքում հոգեւոր կամուրջ ստեղծեց իր ու դիտողի միջեւ: «Նարինե Մալյանի ֆիլմը մի նրբաճաշակ կինոնովել է, որում Աստծո որդու քրիստոնեական լեգենդը ներկայացվում է Մարդու որդու՝ սովալլուկ բազմանդամ ընտանիքի հանապազօրյա հացը Քրիստոսին գամելով վաստակող հյուսն Դանիելի տեսանկյունից: Զուսպ, խորունկ եւ ժլատ արտահայտչամիջոցներով՝ արվեստասերին հրամցվում է մի գունեղ գեղարվեստական կտավ ու կարեւորը՝ առանց ինքնանպատակ արտառոց հնարքների եւ զարմացնելու միտում հետամտող աճպարարության: Պարզ ու խորախորհուրդ մի կինոպոեմ, որից Վերածննդի դարաշրջանի շարժական կտավի տպավորություն ես ստանում եւ գեղագիտական վայելք ապրում: Այդուհանդերձ, ուզում եմ ասել՝ ֆիլմի կարճ տեւողությունը չի գոհացնում: Վստահ եմ, որ սրանում վճռորոշ դերակատարություն է ունեցել նյութական ռեսուրսների սղությունը: Չես հասցնում խորամուխ լինել «Որդու ծննդյանը սպասող հյուսնը» դրվագապատումի ենթիմաստներում: Ակնկալում ես թե ասելիքի, թե կինոժապավենի առավել մեծամասշտաբ էպիկական զարգացում՝ հորից դստերը փոխանցված մալյանական նույն սինթետիկ գեղագիտությամբ»,-ասում է թատերագետը: Մեզ հետ զրույցում Նարինե Մալյանը նշեց, որ մոտ մեկ տարի սպասել են ֆիլմի սցենարի հաստատմանը, իսկ բուն նկարահանման շրջանը տեւել է 4 օր: Ռեժիսորի գնահատմամբ՝ ի սկզբանե ինչպես պատկերացրել են ֆիլմը, այնպես էլ ստացվել է էկրանին: «Այսինքն՝ ոչ մի իմպրովիզացիա խաղահրապարակում չի եղել. ինչպես պատկերացրել ենք, այնպես էլ նկարահանված է, բացի այդ, ժամանակն էլ քիչ էր, եւ պետք էր շատ լավ նախապատրաստվել այդ 4 օրվա համար»,- ասում է ռեժիսորը: Ինչ վերաբերում է ֆիլմի տեւողությանը, ապա դա կախված չէ եղել բյուջեից, որովհետեւ ի սկզբանե ֆիլմը եղել է կարճամետրաժ, եւ նկարահանման ընթացքում էլ զգացել են, որ ավելին պետք չէ: «Մենք ինչ ուզել ենք ասել, արտահայտել, կարողացել ենք այդ 15 րոպեների ընթացքում ասել, ավելին՝ պետք է լինեին երկար կադրեր, որից հետո հանդիսատեսը կասեր՝ ինչի՞ եք այդքան երկարացրել, չէ՞ որ 15 րոպեի մեջ հասկացանք ինչ է կատարվում: Այսինքն՝ հանդիսատեսը միշտ դժգոհելու տեղ ունի, բայց այս դեպքում հաճելի է այդ դժգոհությունը, դա նշանակում է՝ կապվել են ֆիլմի տրամադրությանը, ֆիլմի ասելիքին, որ ուզում են էլի շարունակություն տեսնել: Ամեն դեպքում, փորձել էինք մեր ուզած ֆիլմը նկարահանել, երեւի մեր ուզած կինոյի կարիքը բացի մեզանից ուրիշ մարդիկ էլ ունեն, ու գուցե հենց այդ պատճառով է, որ մարդիկ ուզում են ֆիլմի հետ կապված ինչ-որ պահեր երկարացնել»,-նշեց Նարինե Մալյանն ու ավելացրեց, որ ֆիլմի ավարտից հետո հենց այդ հետաքրքիր հոգեվիճակն էլ նկատել է հանդիսատեսի մոտ, ովքեր մի տեսակ չէին շտապում գնալ:

Մեկնաբանություն
X