Կարճատեւ կյանքի երկարատեւ պատմություն

Խառատյանների գերդաստանը Լոռու Շնող գյուղում մեծերից չէ: Ազգանվան ծագումը կապում են խառատ՝ արհեստներ, մասնագիտություն ցույց տվող անվան հետ, սակայն տոհմի ներկայացուցիչներն ավելի շատ հայտնի են երաժշտական արվեստի բնագավառում: Ճանաչված դհոլչի էր նաեւ Վահան Վախթանգի Խառատյանը: Սակայն նրա ավագ որդին՝ 1952-ին ծնված Զավենը, գնաց այլ ճանապարհով՝ 1981-ին պաշտպանելով ատենախոսություն «Կրոնական վերապրուկների կառուցվածքը եւ շարժընթացը հայոց ընտանեկան կենցաղում» թեմայով, ստացավ պատմական գիտությունների թեկնածուի կոչում եւ ամբողջովին նվիրվեց ազգագրությանը եւ հնագիտությանը: Իսկ մինչ այդ՝ 1975-76 թթ., աշխատել է Ուռուտի միջնակարգ դպրոցում՝ որպես պատմության եւ հասարակագիտության ուսուցիչ: Միանգամից սիրվել ու գնահատվել է, բայց դա չէր իր պատմական առաքելությունը, եւ իր դասախոսների հորդորով 1977-80թթ. ԽՍՀՄ ԳԱ ազգագրության ինստիտուտի ասպիրանտ դարձավ, որտեղ էլ պաշտպանեց թեկնածուական ատենախոսությունը: Մոսկովյան տարիները նրա համար վայելքի տարիներ չէին, այլ գիտական ցատկի առաջին հարթակը: Այդ տարիներին, ավելի ճիշտ՝ 1980-ի ամռանը (ուսուցիչ էի Շնողում), մեկ անգամ եմ հանդիպել նրան եւ «Հույսդ պիտի քեզ վրա դնես, գլխավորը միշտ երկրորդականից տարբերես, նպատակից կես ճանապարհին ետ չկանգնես» խոհ-խորհուրդը երբեք չեմ մոռանա: Նույն տարում նրա հրավերով Երեւանում եղա Ազգագրության պետական թանգարանում, որի գիտական գծով փոխտնօրենն ինքն էր: Այցելությանս օրը նա գործուղման մեջ էր, բայց գործընկերների վերաբերմունքը շատ բան էր ասում նրա մարդկային արժանիքների մասին: 1992-ին՝ 40 տարեկանում, անսպասելիորեն ընդհատվեց նրա գիտական մտքի եւ մարդկային արարման թռիչքը: Զավեն Խառատյանը շուրջ 30 գիտական աշխատությունների հեղինակ է, հանդես է եկել միջազգային եւ հանրապետական գիտաժողովներում, մասնակցել եւ ղեկավարել է ազգագրական գիտարշավներ: Նրա գիտական գործունեությունը նվիրված է հայ էթնոմշակութային բազմազան հիմնահարցերին, հատկապես հայ ժողովրդի հավատալիքներին, ընտանեկան եւ հասարակական ծիսակարգին Հայաստանի առանձին պատմամշակութային շրջանների (Արցախ, Տավուշ) ուսումնասիրմանը: Առիթ եմ ունեցել կիսելու նրա ոգեւորությունը 1991-ին իր նախաձեռնությամբ ստեղծված եւ իր կողմից վարվող «Ազգապատում» հեռուստահաղորդաշարի հետ կապված: Այսօր էլ արժեքավոր են Խառատյանի հրապարակումները, հոդվածները եւ ելույթները: Դրանցում ոչ միայն գիտական հիմնավորումներ են, այլեւ Խառատյանի անձնական հայացքը, տեսակետները, մտավախությունն ու տագնապը: Կարճատեւ կյանք ապրեց, բայց ապրեց ավյունով ու նվիրումով՝ արժանի հեղինակություն ձեռք բերելով գիտական եւ հասարակական շրջանակներում: Ասում են՝ 60-ամյակը սովորաբար հանդիսավորությամբ չի նշվում, բայց ուղիղ քսան տարի առաջ Երեւանում հրավիրված Արցախի հայկական ժողովրդական մշակույթին վերաբերող գիտական նստաշրջանը, որ նվիրված էր ազգագրագետներ Զավեն Խառատյանի եւ Արթուր Մկրտչյանի հիշատակին, իր շարունակությունը, անշուշտ, կարող է ունենալ: Ի դեպ, Զավեն Խառատյանի հասցեին հնչած գնահատականներն այդ նստաշրջանում դարձան կյանքի լուսավոր մի կետ ու հիշվող դրվագ իմ կյանքի ճանապարհին: Պատմաբան-ազգագրագետ է նաեւ Խառատյանի կինը՝ պատմական գիտությունների թեկնածու, բոլորին հանրաճանաչ Հրանուշ Խառատյանը, ում համար եւս տարին հոբելյանական է: Ամուսնուն եւ ընտանիքին նվիրվածության մասին ես չէ, որ պիտի բարձրաձայնեմ, բայց միայն այն փաստը, որ տիկին Առաքելյանը «Խառատյան» ազգանունն սկսել է կրել ամուսնու մահից հետո եւ ավելի քան 13 տարի անց իր արժեքավոր «Հայ ժողովրդական տոները» աշխատության հեղինակ ներկայացել «Խառատյան-Առաքելյան» ձեւակերպումով, կարծում եմ՝ շատ բան է ասում: Զավեն Խառատյանի ընտանիքը կամ թե ՀՀ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը չէ, որ պիտի հիշեն ու գնահատեն Նրան: Գիտնականի թողածն արժանի է համընդհանուր ուսումնասիրման, գնահատման եւ հրապարակման: Լավ է, որ կա ճարտարապետության դոկտոր Գառնիկ Շախկյանի «Կայծոն Շնող» հայերենագիտարանը, որի էջերում նաեւ Զավեն Խառատյանն է: Ողջունում եմ հեղինակի կողմից նախապատրաստվող Լոռվա հանրագիտարանը, որտեղ արժանի տեղ կունենան բոլոր հայտնի լոռեցիները: Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Մեկնաբանություն
X