Չջնջված դրոշմակնիքը հազարավոր քաղաքացիների իրավունք է խախտում

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ ղեկավար Կարեն Հեքիմյանը գրեթե երեք ամիս առաջ՝ մայիսի 23-ին, դիմել է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով արձանագրել իր խախտված իրավունքները եւ միջոցներ ձեռնարկել խախտողներին պատասխանատվության ենթարկելու համար: 2012թ. մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից 15 օր անց Կարեն Հեքիմյանը տեսել է, որ Երեւանի թիվ 12/03 տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից իր անձնագրում դրված ԿԸՀ մակագրությամբ դրոշմակնիքը չի անհետացել: Կարեն Հեքիմյանը ՄԻՊ Կարեն Անդրեասյանին ուղղված իր դիմումում գրել է. «Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 66 հոդվածի 5-րդ կետի՝ «Անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացվում է այնպիսի նյութ, որն օգտագործելուց հետո առնվազն 12 ժամ պահպանվում է, իսկ հետո՝ անհետանում»: ՀՀ ԱԺ մայիսի 6-ին կայացած ընտրություններից անցել է շուրջ 20 օր, սակայն իմ անձնագրում դրված դրոշմակնիքը մինչ այժմ չի անհետացել: Գտնում եմ, որ դրանով խախտվել է ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածը (հոդվածը քվեարկության գաղտնիության մասին է՝ խմբ.), ինչպես նաեւ ՀՀ ընտրական օրենսգրքի 66 հոդվածի 5-րդ կետը»: Հեքիմյանը ՄԻՊ Կարեն Անդրեասյանից պահանջում է, որ վերջինս գրավոր արձանագրի, որ խախտվել է իր քվեարկության գաղտնիության սահմանադրական իրավունքը, եւ միջոցներ ձեռնարկի իր խախտված իրավունքները վերականգնելու համար: Չնայած Կարեն Հեքիմյանը ՄԻՊ գրասենյակ իր դիմումը հանձնել է գրեթե երեք ամիս առաջ, բայց այդպես էլ չի կարողանում որեւէ պատասխան ստանալ այնտեղից: «Ոմն Նարեկ անընդհատ ասում է, որ իրենք դիմել են տարբեր պետական ատյանների եւ այնտեղից պատասխանների են սպասում: Բայց թե որքան կարող են իրենք սպասել այդ պատասխաններին, անհայտ է: Հնարավոր է, որ այդ մարմիններն ընդհանրապես չպատասխանեն ՄԻՊ հարցումներին: Բայց իմ ասածը կապ էլ չունի հարցումների հետ: Ես ասում եմ՝ արձանագրեք, որ տեղի է ունեցել իմ իրավունքի խախտում: Իսկ որ իմ իրավունքը խախտվել է, փաստ է. մինչ այժմ էլ իմ անձնագրում այդ դրոշմակնիքը պահպանվում է, չնայած անցել է ոչ թե 12 ժամ, այլ 3,5 ամիս»,-ասում է Կարեն Հեքիմյանը: Ըստ նրա՝ սա ոչ միայն իր, այլեւ տասնյակ եւ գուցե հարյուր հազարավոր մարդկանց խնդիրն է, եւ եթե մարդու իրավունքների պաշտպանն արձանագրի, որ խախտվել են իր իրավունքները, ապա ստիպված կլինի արձանագրել, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների գործունեության արդյունքում խախտվել է տասնյակ եւ հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիների քվեարկության գաղտնիության իրավունքը: Ինչ-որ մեկը կարո՞ղ է ասել, որ սա հիմար պատմություն է, ոչ մի բանի մասին, քանի որ այնքան էլ էական չէ՝ կա՞ այդ դրոշմակնիքը քաղաքացու անձնագրում, թե՞ ոչ: Իրականում դա այնքան էլ այդպես չէ: Խորհրդարանական ընտրություններից առաջ ընտրություններին մասնակցող մի քանի կուսակցություններ հանդես եկան նախաձեռնությամբ՝ պահանջելով, որ ընտրությունների ավարտից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովները հրապարակեն ընտրությունների մասնակիցների ցուցակը, հրապարակայնացնեն այն ցուցակը, որտեղ մասնակիցները ստորագրում են, որը հնարավորություն կտար պարզել, թե արդյո՞ք բացակայող մարդկանց փոխարեն եղել են քվեարկության դեպքեր: Սակայն այս նախաձեռնությունը մերժվեց եւ, որպես հիմք, ներկայացվեց Սահմանադրության վերոնշյալ 4-րդ հոդվածը, որը վերաբերում է քվեարկության գաղտնիությանը: Իշխանությունը համարում էր, որ հնարավոր է՝ մարդը չի ցանկանում, որ հրապարակայնացվի քվեարկությանը մասնակցելու փաստը: Բայց, դնելով չանհետացող դրոշմակնիքներ, իշխանությունն ինքն է խախտում քվեարկության գաղտնիության իրավունքը, որովհետեւ եթե քաղաքացին փորձի այդ անձնագրով որեւէ գործարք կատարել, միանգամից պարզ կդառնա նրա՝ քվեարկությանը մասնակցելու փաստը, եւ այդպիսով կխախտվի քվեարկության քաղտնիության սահմանադրական նորմը: Մի նկատառում եւս. այդ դրոշմակնիքների ներդրման իմաստն այն էր, որ բացառվեր մի անձնագրով երկու եւ ավելի անգամ քվեարկելու հնարավորությունը: Հիմա մարդկանց անձնագրերում կան դրոշմակնիքներ, եւ եթե նրանք գնան քվեարկության, ապա վստահված անձինք, դիտորդները կամ հանձնաժողովի անդամներն իրավունք կունենան ասել, որ նրանք այդ անձնագրով արդեն մեկ անգամ մասնակցել են քվեարկության: Այդ խնդիրը կարող է ծագել հենց առաջիկա ՏԻՄ ընտրություններում: Ինչպե՞ս պետք է ընտրողն ապացուցի, որ այդ դրոշմակնիքը հուշ է՝ մնացած նախորդ խորհրդարանական ընտրություններից: Այնպես որ, ոչ միայն ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, այլեւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը եւ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը պետք է ավելի լուրջ վերաբերվեն Կարեն Հեքիմյանի դիմումին եւ ինչ-որ լուծում գտնեն մինչեւ ընտրությունները: Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Մեկնաբանություն
X