Աշտարակը՝ լքված հուշարձանների քաղաք

Հազարամյակների պատմություն ունեցող Աշտարակում տարբեր ժամանակաշրջանների պատմամշակութային արժեք ներկայացնող բազում հրաշալի գործեր կան, որոնց այցելում են հայազգի եւ արտասահմանցի բազմահազար զբոսաշրջիկներ: 3 հազար տարվա պատմություն ունեցող Մայր առուն, մի շարք հայտնի եկեղեցիներ, որոնց մի մասի վիճակն այնքան էլ նախանձելի չէ, սակայն այդ մասին՝ հաջորդիվ: Խորհրդային եւ հետխորհրդային տարիներին ստեղծված հուշարձաններն Աշտարակում ընդամենը չորսն են: ԽՍՀՄ տարիներին քաղաքում կառուցվել են Մեծ հայրենականում զոհվածների հուշարձանը եւ աշխարհահռչակ գիտնական, աշտարակցի Նորայր Սիսակյանի հուշարձան-կոթողը: Մի քանի տարի առաջ տեղադրվեց Վարդգես Պետրոսյանի դիմաքանդակը, իսկ բոլորովին վերջերս՝ Ներսես Աշտարակեցու արձանը: Դրանց գեղարվեստական լուծումներին ու մշակութային արժեքներին չանդրադառնալով՝ անդրադառնանք Նորայր Սիսակյանի կիսանդրուն: Այն Աշտարակ քաղաքի կենտրոնում է, Նորայր Սիսակյանի անունը կրող կենտրոնական փողոցի վրա: Բոլոր փաստերն ու իրեղեն ապացույցները միայն մի բանի մասին են վկայում, որ հետխորհրդային շրջանից մինչ օրս այստեղ մարդկային հետք ու շունչ չի երեւացել: Այստեղ մարդիկ իրենց տեղը զիջել են հնամենի եւ հավատարիմ բարեկամներին՝ շներին: Հոգնած, ծերացած ու ալարկոտ շներն այստեղ այնքան շատ են ու ապահով, որ ողջ տարածքը ծածկված է շան բրդով, այնքան, որ կբավարարի քաղաքապետարանի ողջ աշխատակազմի համար վերմակ-ներքնակի: Հուշարձան-պուրակի հարեւանությամբ է գտնվում նախկին Լուսաշխի (ուսուցչի) տունը, որը Մայր Աթոռը գնել եւ ծառայեցնում է իր նպատակներին: Սրանք էլ չեն նկատել կամ չեն ուզում նկատել պուրակի շրջապատը, որ նաեւ իրենց շրջապատն է: Հարց է առաջանում. ի՞նչ քարոզչություն կարող է իրականացնել փնթի քրիստոնյան: Պուրակի մյուս հարեւանները մանրավաճառի փակված ու գործող կրպակներն են: Գործողը 10-15 քառակուսի մետրի վրա ծաղիկներ ու թփեր է աճեցրել, որոնք բոլորովին անշուք են պուրակի ընդհանուր ֆոնին: Բայց դե, մարդն արել է, իրեն ոչ ոք չի ստիպել: Այն, ինչ տարիներ շարունակ չեն արել Աշտարակի հետխորհրդային շրջանի բոլոր քաղաքապետերը: Մանավանդ վերջերս մոսկվաներից եկած, ինչպես աշտարակցիներն էին ասում, «աչքը կուշտ» Գագիկ Թամազյանը, ով Աշտարակում հայտնի դարձավ մեկ բաժին հողը մի քանի հոգու վաճառելով եւ նախորդ ընտրություններում 1500 քվեաթերթիկի վրա տարբեր հայհոյանքներ պարունակող մակագրություններով: Քաղաքապետի պաշտոնին այնքան էլ հեշտությամբ չարժանացավ Արմեն Անտոնյանը, որի կարգախոսն էր՝ միասին կառուցենք մեր քաղաքը: Սակայն փորձը ցույց է տվել, որ այդ տեսակ կարգախոսներն ի կատար չեն ածվել: Մանավանդ՝ «միասինն» այնքան էլ որոշակի չէ. ընտրողնե՞րն են, թե՞ չընտրողները: Ամեն դեպքում, նորընտիրը երեւի սկսի Սիսակյան պուրակից: Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մեկնաբանություն
X