Լեգենդար «Birkin»-ը (լուսանկարներ)

>

Hermes աշխարհահռչակ բրենդի «Birkin» պայուսակի արժեքը տատանվում է 9-150 հազար դոլարի սահմաններում: Այդքան թանկ լինելը, անշուշտ, ունի իր պատճառները: Պայուսակներն ամբողջությամբ ձեռքի աշխատանք են: Դրանց պատրաստման համար օգտագործում են Ավստրալիայից ներկրված լավագույն կաշվետեսակները՝ ոչխարի, կովի, կոկորդիլոսի, իսկ վերջերս՝ նույնիսկ ջայլամի: Մետաղյա բոլոր դետալները միշտ պատրաստվում են թանկարժեք մետաղներից, հաճախ՝նաեւ ոսկուց: Իրականում այս ամենը կազմում է պայուսակի գնի 10%-ը: Սակայն չափազանց մեծաքանակ պատվերները եւ ապրանքի նկատմամբ եղած չափազանց մեծ պահանջարկը գինը հասցնում են երկինք: §Birkin¦-ը մեր օրերում հատուկենտ իրերից է, որի մասին երազում են կանայք եւ, որը կարելի է շքեղության խորհրդանիշ համարել: Այդպիսի պայուսակ ունենալու համար շատ փող ունենալը դեռեւս բավական չէ. պետք է նաեւ բավականին երկար ժամանակ հերթում սպասել: Եթե ձեր բախտը բերել է այնքանով, որ դուք բնակվում եք ԱՄՆ-ում կամ նորաձեւության մայրաքաղաքներից որեւէ մեկում, ուրեմն կդառնաք բաղձալի պայուսակի տիրուհին վեց ամսից մինչեւ մեկ տարվա ընթացքում, իսկ պակաս հաջողակ լինելու դեպքում, մոտավորապես 3 տարի սպասելուց հետո այն ձեռք բերելով՝ պետք է ձեզ երջանիկ համարեք: Պատկանելով «Hermes»-ի նման հզոր նորաձեւության տանը՝ §Birkin¦-ը հասցրել է ինքնուրույնություն ձեռք բերել եւ նույնիսկ դառնալ լեգենդար ապրանքանիշ: Այս մոդելի առաջին պայուսակը թողարկվել է 1984թ., եւ այդ ժամանակվանից ի վեր հետաքրքրությունը նրա հանդեպ չի նվազում: Պայուսակի անվանումը նվիրված է այդ ժամանակվա շատ հայտնի դերասանուհի, մոդել, երգչուհի Ջեյն Բիրկինին: Պայուսակի ստեղծման առասպելներից մեկն ասում է, թե ամեն ինչ տեղի է ունեցել ինքնաթիռի սրահում. ինքնաթիռում Ջեյնի եւ «Hermes» նորաձեւության տան գլխավոր դիզայների նստելատեղերը, պատահականորեն, գտնվել են կողք կողքի: Երբ նրանց զրույցի ընթացքում խոսք է բացվել պայուսակներից, Բիրկինը դժգոհել է այն բանից, որ այդպես էլ իրեն չի հաջողվել գտնել իր իդեալական պայուսակը: Դիզայները սիրալիր խոստացել է ուղղել այդ սխալը՝ ասելով. «Ես Ձեզ համար այնպիսի պայուսակ կստեղծեմ, որից Դուք երբեք չեք կարողանա բաժանվել»: Ասել է եւ արել: Ասում են, թե հենց այս արտահայտությունից էլ սկսվել է §Birkin¦-ի հաջողության պատմությունը: Նույնիսկ մեր օրերում մի շարք աստղեր չեն պատկերացնում իրենց առօրյա կյանքն առանց §Birkin¦-ի: Չնայած պայուսակի այդքան դժվար հասանելիությանը, ասում են, թե Վիկտորիա Բեքհեմն իր պահարանում ունի դրա ավելի քան 40 տարբեր նմուշներ: §Birkin¦-ի սիրահարներ են նաեւ մեր հայրենակցուհիներ Քարդաշյան քույրերը, ինչպես նաեւ համաշխարհային աստղեր Ջուլիա Ռոբերտսը, Քենյա Ուեսթը, Լեդի Գագան, Եվա Լանգորիան, Էշլի Օլսենը, Լինդսեյ Լոհանը, Ջուլիանա Մուրը, Հիլարի Դաֆը, Ջենեթ Ջեքսոնը, Քեթրին Զետա-Ջոնսը, Ֆերգին, Քաթրին Դնյովը, Մարկ Ջեյկոբսը, մի խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր ունեն այն ձեռք բերելու հնարավորություն: «Hermes»-ի §Birkin¦-ը, շատ ու շատ այլ հայտնի եւ թանկարժեք բրենդային նմուշների նման, մշտապես հայտնվում է կեղծարարների ուշադրության կենտրոնում: §Birkin¦-ի «կլոններն» օրիգինալից տարբերելու համար կարող են օգնել հետեւյալ մի քանի առանձնահատկությունները, որոնք բնորոշ են միայն նրան: Առաջինը պայուսակի ճիշտ համամասնություններն են՝ կողմերի 1:2 հարաբերակցությամբ: Իրական §Birkin¦-ի մեկ այլ տարբերիչ հատկանիշ է նրա քաշը. §Birkin¦-ը 35 սմ լայնության դեպքում պետք է կշռի մոտավորապես 1090-1100 գ: Քանի որ §Birkin¦-ի բոլոր նմուշները պատրաստված են բարձրորակ կաշվից, դրանք ճմրթելիս պայուսակի տեսքն անմիջապես պետք է վերականգնվի: Ինչ վերաբերում է պայուսակի կարերին, ապա դրանք ոչ թե ուղիղ են, այլ թեթեւակի թեքված, իսկ բռնակների հիմքը ճիշտ եռանկյունաձեւ է՝ առանց որեւէ կորության: Եվ ընդհանրապես՝ ամբողջ աշխատանքը կատարված է շատ կոկիկ եւ մաքուր, ինչը կեղծ պայուսակի դեպքում հազվադեպ է հանդիպում: Պետք է նշել, որ այս տարի «գետնանցումային լյուքսի» սիրահարներին սպասվում է վատ լուր, որը նրանց թերեւս կվշտացնի: ԱՄՆ-ի եւ Չինաստանի իշխանությունները Չինաստանի Գուանչոնգ շրջանից բռնագրավել են ավելի քան 20 հազար կեղծ «Louis Vuitton», «Coach» եւ «Hermes» «ֆիրմային» պայուսակներ, որոնք ամբողջ աշխարհում կարող էին դառնալ շատերի կողմից սպասված ամանորյա եւ Սուրբ ծննդյան նվերներ:

Մեկնաբանություն
X