Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» վեպը

Այսօր, ժամը 18-ին, Կամերային երաժշտության տանը կկայանա «Մենակը» գրքի շնորհանդեսը: Մեկ ամիս առաջ լույս տեսավ Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» վեպը: Գրավաճառների ու գրքասեր հասարակության գնահատականներով, գիրքը դարձել է բեստսելլեր եւ արդեն հարյուրավոր օրինակներով վաճառվել: Ի դեպ, գրողները սովորաբար չեն կարդում ժամանակակից գրողների գործերը, սակայն մեր հարցման արդյունքում պարզվեց հակառակը (հարցված 18 գրողներից 14-ը կարդացել էին «Մենակը» գիրքը):յ2 Ի՞նչն է «Մենակը» գրքի ֆենոմենը, ինչո՞ւ ընթերցողների շրջանում այն այսպիսի հետաքրքրություն առաջացրեց: Զրուցեցինք մի քանի գրողների հետ: ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ Աշոտ Աղաբաբյանը զբաղված է մի գրականությամբ, որ մեր միջավայրում գրեթե չկա: Հիմա, իհարկե, կլինի, քանի որ գիտության կաճառին բազմած նման անհատականության մասին է խոսվում: Ինչպես ֆրանսիացի գրողն էր գրում, էդ տեսակ նոր գրականության հիմնումի հոտ եմ առնում: Աղաբաբյանի քննախույզ հայացքը մարդու կենսագրության մեջ հայտնաբերում է այնպիսի բաներ, որ սերունդների համար կարեւոր արժեք կունենան: Եվ չափազանց գրավիչ են այդ կերպարները: Չափազանց համակրանքով եմ վերաբերվում Աշոտ Աղաբաբյանի գրականությանը, կուզենամ չդադարեցնի... Միաժամանակ, Աշոտը փայլուն մտավորական է, նրա ստեղծագործական կարողությունները զորավոր են: ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ Մինչեւ Աշոտի «Մենակը» կարդալը, նախորդ վեպը՝ «Ռեզիդենտն» էի կարդացել եւ, անկեղծ ասած, հիացել էի զարմանալի մոտեցմամբ, նյութի ուսումնասիրմամբ: Արդյունքը եղել էր փայլուն: Գիրքն ավարտում ես եւ զգում, որ հարստացար: Հասկանում ես, որ մի աննման մարդու մասին չգիտեիր եւ իմացար: Կամ գիտեիր շատ քիչ բան... այնքանով, որքանով... Աշոտի վեպով ճանաչում ես ճակատագրի մարդուն եւ հզոր անհատականությանը՝ հետախույզին, գիտնականին: Ես պատիվ եմ ունեցել «Մենակը» գրքի հերոսի մենատանը լինելու: Եվ ոչ մեկ անգամ: Նա այնտեղ խոսում էր... ոչ գիտությունից: Խոսում էր ամեն ինչից, բայց չէր խոսում այն գիտությունից, որի տերն ինքն էր: Այդ մասին չէր խոսում: Եվ հանկարծ Աշոտ եղբայրս, ընկերս (ի դեպ, ինձ ասել էր, որ նման գիրք է գրում) մի քանի օր առաջ նվիրում է ակադեմիկոսի... չասած-չպատմածը: Գիրքն այնքան թեթեւ է կարդացվում, այնքան արագ, որ ուղղակի զարմանում ես: Աշոտը հրաշալի լեզու է գտել, անգամ ամենաբարդ հարցերը չի խճողել գիտական-միտական բաներով: Գրել է կենդանի մարդու, կենդանի գիտնականի մասին, հրաշալի վեպ՝ հրաշալի մարդու մասին: Այնքան առինքնող մի գործ, որ առաջին էջը կարդալուց հետո այլեւս չես կարող չկարդալ: Աշոտն ըստ էության է վեպ գրել: Բռավո իրեն: Սա փայլուն վեպ է հայ մարդու մասին: Առաջին անգամ Աշոտի վեպով ենք հասկանում, թե ով էր մեր կողքին ապրողը: Ես ինքս, այդքան մոտ լինելով, չգիտեի իր մասին այն, ինչ Աշոտն է բացահայտել: Շնորհակալ եմ իրեն այդ մեծ բացահայտումի համար: Աշոտ Աղաբաբյանի ոճը հրաշալի է, խոսքը՝ թափանցիկ: Մի գիշերում կարող ես 307 էջը կարդալ: Իսկ ամենահետաքրքիրը... հասնում ես վերջին եւ կարդում՝ կամուրջն անցել էր... Հիմա էլ արցունքները դեմ են առնում կոկորդիս, հիմա էլ այդ տողը հիշելիս խեղդվում եմ: ...Ես սիրում եմ լավ գիրքը: Ինքը՝ «Մենակ»-ի հերոսը, ուրիշ, լրիվ այլ տեղ էր: Կամուրջն անցնելու սիմվոլը լրիվ ուրիշ բան է: Նա ա՛յլ աշխարհում է ապրում՝ սովորական, նսեմ, ճղճիմ, ամենօրյա հոգսերից հեռո՛ւ: Թափառականից վերցրած էդ քստմնելի շինելով գնում է, չի էլ նկատում, որ... վիհն անցավ: Նրա ուղեղում փայլատակում էր միտքը: Վեհ, բարձր, վսեմ միտքը, եւ չի նկատում, որ անցավ.... ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ Աշոտ Աղաբաբյանը մեր գրականության մեջ գեղարվեստական մի նոր հուն է բացում: Նա իրական, փաստագրական, գիտական նյութը դնում է գեղարվեստական որակի մեջ: Սա նրա երկրորդ գիրքն է, եւ այս անգամ գրողն անդրադարձ է արել գիտնականին, մեր ժամանակների մեծ ու հզոր անհատականությանը: Հեղինակը վարպետորեն է նկարագրում հոգեբանական պահերը, մարդկային բարդ փոխհարաբերությունները, որոնցով անհատականությունը ներկայացնում է բախումների մեջ եւ կերտում պատմական, ճշմարիտ, հուզումնալից կերպարներ: Գիտեմ նաեւ, որ նրա մյուս՝ 3-րդ գիրքը՝ «Գաղութը» նույնպես այս հունի մեջ է լինելու: Համաշխարհային գրականության մեջ սա հայտնի մոտեցում է, բայց մեր գրականության մեջ դեռեւս եզակի է, եւ Աղաբաբյանը՝ իբրեւ մունետիկ, իր գործն անում է հասուն, վարպետ գրչով: ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ («ԲՈՒԿԻՆԻՍՏ» գրախանութի տնօրեն) Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» այսօր ամենավաճառվող գիրքն է, այսինքն՝ լավ գիրք է, որովհետեւ ժողովուրդը չի կարող սխալվել: Նախորդ գիրքը՝ «Ռեզիդենտը», նույնպես բացառիկ գիրք էր: Սպառվեց հաշված ամիսներում: Սա նշանակում է, որ մարդն իրավունք ունի գրելու: Նրա երկու գրքերն էլ կարդացվում են մի շնչով: Այս գիրքը գեղարվեստական է, ոչ փաստագրական, եւ ես կարծում եմ՝ դա շատ լավ է, որովհետեւ հերոսին որքան էլ գիտեինք, որքան էլ ճանաչում էինք որպես մեծության, նրա կյանքը լայնորեն լուսաբանված չէր: Դրանում մեղավոր էին եւ ժամանակը, եւ այն, որ նա «փակ» գիտնական էր: Ինքս իմ ծանոթներին անպայման խորհուրդ եմ տալիս կարդալ «Մենակը» եւ տեղեկացնում եմ, որ սա օրվա գիրքն է: Գրքի վաճառքի մասին ընդհանրապես պիտի ասել, որ գնորդների գնողունակությունը շատ խղճուկ է: Այդ ֆոնի վրա Աղաբաբյանի գրքի վաճառքը, այս կարճ ընթացքում մի քանի տասնյակով հաշված, ռեկորդային է: Ոչ մի գիրք հիմա այդպես չի վաճառվում: Թերեւս միայն Թումանյանն ու Նարեկացին են, որ իրենց մշտական գնորդներն ունեն, սակայն համոզված եմ, որ մարդիկ «Նարեկն» առնում են ոչ այնքան կարդալու, որքան իբրեւ մասունք տանն ունենալու կամ նվիրելու համար: ԼԵՎՈՆ ՋԱՎԱԽՅԱՆ Աղաբաբյանի ինչպես առաջին, այնպես էլ այս գիրքը սրընթաց սյուժեով վեպ է: Հեղինակը բացառիկ ընդունակություն ունի բարդ խնդիրներ արծարծելու: Երբ գիրքը դնում ես ծնկանդ, տանը լինես, թե այգու նստարանին նստած, առանց ձեռքիցդ գցելու կարդում ես: Փաստական մեծ ծավալի նյութ է ուսումնասիրել Աղաբաբյանը եւ այնպես է ուսումնասիրել, որ գիտության հանճարեղ երեւույթները հասանելի է դարձրել սովորական մահկանացուին: Քիչ հեղինակներ կան, որ կարողանում են այդպես գրել: Իմ խորին համոզմամբ, գրածը նախ պիտի ընթերցելի լինի: Շատ գրողների գրքեր երբ վերցնում ես, այդ գլխավոր եւ առաջին պայմանին չեն բավարարում: Իսկ սա... կարդալը քիչ է, դեռ բան էլ է ասում: Հանճարեղ է գտնված ավարտը: Հերոսը մտովի տանջվում է անելանելի վիճակից, որին հաջորդում է արգելակման պահը, եւ ահա խնդիրը լուծվում է ոչ թե կյանքի ընդհատման, այլ հաստատման ճանապարհով: Անկումային իրավիճակը բոլորովին անսպասելի՝ հակառակ ելք է ունենում: Ակնթարթորեն ծնված գյուտը հաղթում է հոռետեսությանը: Այդպես էլ կյանքն է: Ոչ թե մահվան, այլ կյանքի ճանապարհով պետք է լուծենք մեր հարցերը: Սա է գրողի հաղթանակը: Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» բոլորիս հաղթանակն է: Արմենուհի ԴԵՄԻՐՃՅԱՆ

Մեկնաբանություն
X