Քաղաքացիական շարժումը կընդվզի նաև հրապարակի կառուցման դեմ

Հասարակական տրանսպորտի ուղեվարձի սակագնի դեմ պայքարից թերեւս քաղաքապետարանը համոզվեց, որ առանց հանրային կարծիքն ու շահը հաշվի առնելու որոշումներ կայացնելն այսուհետ լուրջ բարդությունների առջեւ է կանգնեցնելու: Եթե այս վճռականությամբ շարունակվի քաղաքացիական պայքարն ընդդեմ քաղաքապետարանի որոշումների, քաղաքային չինովնիկները լուրջ խոչընդոտների առջեւ կկանգնեն նաեւ Երեւանի ճարտարապետությանն սպառնացող մեկ այլ ծրագիր իրականացնելիս: Խոսքը Հանրապետության հրապարակի վերակառուցման ծրագրի մասին է, որի մրցութային նախագծի հայտարարությունը դեռեւս 2 ամիս առաջ իրար խառնեց ողջ երկիրը: Հերթական անգամ դաժան քննադատության ենթարկվեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, հերթական անգամ խոսվեց կենտրոնի խաթարման մասին: Նարեկ Սարգսյանն այդ քննադատություններին արձագանքեց՝ ասելով, որ դա ընդամենը մրցութային նախագիծ է, եւ ամեն ինչ հայտնի կլինի մրցույթն ամփոփելուց հետո: Չխոսվեց, թե ինչ փոփոխությունների անհրաժեշտություն կա մեր հրապարակում, եւ ինչ է նշանակում վերակառուցում: Վերջերս էլ որոշ փոփոխությունների ենթարկեցին հայտարարությունը՝ ընդլայնելով մասնակցության աշխարհագրությունը եւ ժամկետները: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Երեւանի քաղաքապետարան են դիմել արտերկրյա մի շարք ճարտարապետներ՝ խնդրելով Երեւանի քաղաքապետարանի կողմից Հանրապետության հրապարակի ճարտարապետական բաց նախագծային մրցույթի համար հայտարարված պայմաններից հանել մասնակիցների քաղաքացիությանը վերաբերող սահմանափակումները, որպեսզի իրենք նույնպես հնարավորություն ունենան մասնակցելու մրցույթին: Նախագծերը ներկայացնելու վերջնաժամկետ նշանակվեց հոկտեմբերի 15-ը:

Մրցույթի մասին սկանդալային հայտարարությունից անցել է 2 ամիս, սակայն այս թեմայով քաղաքապետարանում, քաղաքաշինական հանձնաժողովում ոչ մի քննարկում չի եղել: Այս մասին ասաց հանձնաժողովի անդամ Սաշուր Քալաշյանը, ով մրցութային հանձնաժողովում իր հայտնվելու մասին տեղեկացել էր լրատվամիջոցներից եւ դեմ է նարեկսարգսյանական ոճով հերթական ծրագրին: Նա պահանջում էր թեման լրջորեն քննարկել, հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ, ինչից հետո մրցույթ հայտարարել: «Ես որեւէ հույս չունեմ, որ որեւէ բան կփոխվի, իրենք անում են այն, ինչ ուզում են: Ես ընթացքից էլ որեւէ տեղեկություն չունեմ, քաղաքապետի ընտրություններից հետո մենք այլեւս ոչ հավաքվել ենք, ոչ էլ հարց քննարկել»,-ասաց պրն Քալաշյանը՝ նշելով, որ իր անունը ձեւականորեն շարունակում է մնալ մրցութային հանձնաժողովի կազմում: Նշենք, որ մինչ օրս դեռ ոչ մի նախագիծ չի ներկայացվել: Նարեկ Սարգսյանի օգնական Անահիտ Եսայանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախորդ մրցույթներում նախագծերը ներկայացնելու ժամանակագրությունից եկել են այն համոզման, որ հիմնականում վերջին օրերին են ներկայացնում: Նա չասաց, թե ինչ փոփոխություններ են առաջարկվելու՝ ընդգծելով, որ նախագծերը ծրարով են ստանում, եւ դրանք բացվում ու քննարկվում են միայն մրցութային հանձնաժողովում: Իհարկե, եթե պալատական ճարտարապետ Նարեկ Սարգսյանի եւ քաղաքային իշխանության սպասարկուների ճաշակին ու ճարտարապետական ֆանտազիային վստահենք, ապա կունենանք Հյուսիսային պողոտայի ու այլ նախագծերի կրկնությունը: Հուսանք, որ քաղաքացիական անհնազանդությունը կդրսեւորվի նաեւ այս հարցում եւ կձախողի մայրաքաղաքի ճարտարապետական նկարագրին սպառնացող ցանկացած դավադրություն:

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Մեկնաբանություն
X