Օրհան Փամուկ. Ուրիշ գույներ

Էսսեների, ակնարկների, հիշողությունների այս ժողովածուն ամփոփում է Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի կենսագրության փորձի բնանկարը: Մի քանի տարի անց գրված «Ստամբուլ. հիշողությունների քաղաք» գրքի նախակետը «Ուրիշ գույներ» ժողովածուն է, որտեղ Փամուկն առանձնացրել է իր համար նշանակալի այն բոլոր իրադարձությունները, որի հիմք-կենտրոնը պատմությունը շարադրող հեղինակն է՝ ուրիշ Օրհանը, ինչպես «Ստամբուլում» ապրող այն փոքր տղան, ում «ուրիշը» լինելու պատրանքը տխրություն է կանխորոշում:

Փամուկը գիրքը բաժանել է գլուխների. «Կյանք եւ հոգսեր», «Գրքեր եւ ընթերցանություն», «Քաղաքականություն, Եվրոպա եւ ինքնանույնացման այլ խնդիրներ», «Իմ գրքերը-իմ կյանքը», «Նկարներ եւ բնագրեր», «Ուրիշ քաղաքներ, ուրիշ քաղաքակրթություններ»:

Գրքի առաջաբանում հիշատակվում է Վալտեր Բենիամինի անունը, նրա դրվագային արձակի անավարտության հմայքը, որ ընթերցումից հետո վերծանման մեծ խանդավառություն է ի հայտ բերում: «Մի օր ես նույնպես կգրեմ գիրք, որ բաղկացած կլինի դրվագներից»,- գրում է Փամուկը:

Եթե արձակագրի վեպերում Օրհանը հայտնվում է ամենավերջում եւ եզրափակում պատմությունը, ապա «Ուրիշ գույներում» նա է իրադարձությունների գլխավոր հեղինակը: «Ես գրում եմ շուրջ երեսուն տարի», «Հույս ունեմ, որ վեպեր կգրեմ եւս երեսուն տարի եւ այդ պատրվակն օգտագործելով՝ կկարողանամ ապրել ուրիշ կյանքեր, ուրիշ մարդկանց դիմակների ներքո»:

Անավարտ կամ ամբողջական բեկորներ մի վիպասանի հիշողությունից: Սա Փամուկի միակ գիրքն է, որտեղ նա ողջ ցանկությամբ ուզում է իրական լինել: Ինքնակենսագրությունը հնարավորություն է՝ վերհիշելու այն, ինչն անմիջականորեն կապված է եղել քո կյանքի հետ եւ անհետացել տարիների ընթացքում: Փամուկն այնպես է գրում իր նախասիրությունների ու մտորումների մասին, ասես փորձում է ինքն իրեն համոզել, որ ժամանակին եղել է, ապրել որպես քաղաքի պարզ մի բնակիչ, գործել որպես վիպասան եւ ընթերցանությունը, գրքերը, դրանց կազմերը փառաբանող ճգնավոր. «Երբ գրպանումդ կամ պայուսակիդ մեջ գիրք ես պահում, մշտապես ուրիշ՝ ավելի երջանիկ մի աշխարհ փախչելու հնարավորություն ես թողնում: Հատկապես, երբ տխուր ես: Երիտասարդությանս դժվարին տարիներին՝ պարապմունքների ժամանակ, երբ հորանջում էի արտասվելու աստիճան, իսկ ավելի հասուն տարիքում՝ ձանձրալի հավաքույթներին, ուր ներկա էի լինում հարկադրաբար կամ քաղաքավարությունից դրդված, լավ գիրքը մշտապես սփոփանքի աղբյուր է եղել ինձ համար»:

Քաղաքական դիրքորոշումը, վերաբերմունքն այլ երկրների մշակույթին, հորը, աղջկան, սեփական վեպերին. մի՞թե սա նոր կերպարի փնտրտուք չէ: Նոբելյան հանձնախումբը, Փամուկին մրցանակ շնորհելով, հետեւյալ ձեւակերպումն է տվել. «Նրան, որն իր քաղաքի մելանխոլիկ հոգու որոնումներում հայտնագործել է մշակույթների բախման եւ խաչաձեւման նոր խորհրդանիշներ»:

Թախիծը Փամուկի գրականության դիմագրությունն է: «Ձյունը» վեպում Կարս քաղաքի ու նրա բնակիչների թախիծն այն գլխավոր զգացումն է, որի շուրջ կառուցվում են մարդկային փոխհարաբերությունները: Վեպում անվերջ տեղացող ձյան հիշատակումը, որ տեղ-տեղ չափազանցվում է ու սերտաճած թվում, ասես ուղղակի դիտավորություն է՝ ընթերցողին ստիպողաբար պահելու տխրության տիրույթում: «Ստամբուլում» գրողի սեւ-սպիտակ լուսանկարները, արվարձաններում բնակվող մարդկանց մենակությունը, ընտանիքի ու անձնական կյանքի մասին գրեթե բոլոր հիշողությունները տրտմության միջով են երեւում:

«Ուրիշ գույներ» գիրքը եւս ոտնակոխ հետեւում է մելամաղձության շեշտադրումներին. «Ես տխրությամբ նկատեցի. Թուրքիայի եվրոպականացված միջին խավը տառապում է ու դժգոհում՝ կորցնելով հետագա իր երազանքը», «Եվրոպան միշտ երազանք է եղել, երջանիկ ապագայի, ցանկության կամ վախի մարմնացում, մոտ նպատակ կամ վտանգ: Ապագա, բայց ոչ հիշողություն: Այդ իսկ պատճառով Եվրոպայի հետ կապված իմ հիշողությունները պարզապես երազանքներ են, ինչքան որ ես եմ ունակ ընկալելու դրանք աբստրակտ ձեւի մեջ: Եվրոպայի վերաբերյալ հիշողություններ չունեմ: Դրանք Ստամբուլում ապրող մի մարդու երազանքներն ու ֆանտազիաներն են»:

Թերեւս եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ չլինելու հանգամանքը Փամուկին թախծելու հերթական առիթ է ընձեռում: Եվրոպայի հետ քաղաքական երկխոսության լծակցությունն այսօր դարձել է գրողի խնդիրներից մեկը: Փամուկն աշխարհի տարբեր կետերից հնչեցնում է Թուրքիայի՝ եվրոպական ընտանիքում վերջնականապես հաստատվելու երկկողմանի անհրաժեշտության մասին: «Ուրիշ գույներ» երկի էջերում արեւմտյան քաղաքակրթության առջեւ թերարժեքության բարդույթը գլուխ է բարձրացնում նույնիսկ, երբ Փամուկը հիշում է հորը, նրա՝ գրող լինելու թաքուն ու չստացված երազանքը, Փարիզում Սարտրին ու Կամյուին տեսնելը, Պոլ Վալերիի բանաստեղծություններից մի քանիսը թարգմանելը: «Նա չդարձավ անվանի գրող, որովհետեւ չափից դուրս խաղաղ էր եւ ինքնավստահ իր ապագայի հանդեպ», «Նա շատ էր գրքեր կարդում, բայց ոչ ինձ նման՝ ագահորեն, գլխապտույտ առաջացնող: Նա կարդում էր հանուն հաճույքի, որպեսզի ցրվեր, իսկ որոշները, կիսատ թողնելով, մի կողմ էր նետում»: Փամուկն իր նոբելյան բանախոսությունը՝ «Հորս ճամպրուկը», կառուցում է հոր գրողական չստացված երազանքի եւ իր հաջողության շուրջ:

Ի վերջո, կարելի է փաստել, որ Օրհան Փամուկն իր կողմից նշած Թուրքիայում ապրող միջին խավի (որին պատկանում է նաեւ իր ընտանիքը) իրականացած երազանքներից մեկն է, մշակութային գերփոխհատուցում, Եվրոպայում հռչակ վայելող, ամենաշատ վաճառվող արձակագիրներից, ում որպես գրող իր «մատյանում» հաստատել է «աշխարհի կենտրոնը»՝ Արեւմուտքը:

Արամ ՊԱՉՅԱՆ

Մեկնաբանություն
X