Հիմա արդեն գրաքննություն չկա, բայց ֆիլմ չի նկարվում

«Ամսագիր ոչ միայն կինոյի մասին». այսպիսի մոտեցմամբ է առանձնանում 2008-ից տպագրվող «Կինո+» եռամսյա հանդեսը, որի գլխավոր խմբագիրն է այսօրվա մեր կինոյի նվիրյալ մարդկանցից մեկը՝ Ռոբերտ Մաթոսյանը, ով 25 տարի խմբագրել է «Ֆիլմ» թերթը, եւ ում սցենարների հիման վրա նկարահանվել է 30-ից ավելի ոչ խաղարկային ֆիլմ, բայց, ինչպես ինքը նշեց զրույցում, կինո մուտք է գործել 23 տարեկանից: Ռոբերտ Մաթոսյանը խոստովանում է, որ հաճախ հեշտ չի լինում 100 էջանոց ամսագրի էջերը լցնել կինոդեմքերով ու կինոիրադարձություններով, որոնք առանձնապես շատ չեն մեր երկրում: Դրա համար ամսագիրն իր էջերում անդրադառնում է նաեւ թատերական արվեստին, գեղանկարչությանը, երաժշտությանը, հատկապես որ կինոն այն հազվագյուտ արվեստներից է, որ մշակույթի բոլոր ճյուղերն իր մեջ ընդգրկում է: Չնայած ի սկզբանե ամսագիրը հազար տպաքանակով է լույս տեսել, բայց հիմա տպագրվում է 500 օրինակով: Մաթոսյանը դա պատճառաբանում է մենեջմենթով, որը մեզ մոտ դեռ լավ զարգացած չէ: Խմբագրի խոսքերով, «կենդանի բան պիտի լինի» ամսագրում, որին ընթերցողը հաղորդակից լինի, եւ ինչին էլ իրենք ձգտում են: Մաթոսյանի կարծիքով, մեր կապը կինոյի հետ խզվեց 90-ականներին, երբ իրար հետեւից սկսեցին կյանքից հեռանալ մեր բոլոր անվանի ռեժիսորները, երիտասարդ սերունդը չկարողացավ հաղորդակցվել կինոյի հետ, ու դրա համար իրենք փորձում են կամուրջ ստեղծել հին ու նոր սերնդի միջեւ: «Նույնիսկ ոգեղեն կապ»,-ասում է զրուցակիցս:

Մաթոսյանի գնահատմամբ, վավերագրական կինոն թե սովետական եւ թե անկախության շրջանում իր բարձրությունը պահպանեց, ինչը չես ասի խաղարկային կինոյի մասին, որովհետեւ այն, ինչ նկարում են այսօրվա բյուջեով, չի կարելի խաղարկային կինո նկարել. «Բայց լավ է, որ նկարում են: Այսօր ամեն ինչ ֆինանսով է որոշվում, կարող է միջին կարողություններով ռեժիսորը ֆինանս բերի, գործ անի հեղինակային ֆիլմի անվան տակ, իսկ մեկ ուրիշը չկարողանա նույնն անել: Կադրային քաղաքականության խնդիրն է, մինչդեռ պիտի կարողանանք հեռանկարային ռեժիսորներին առանձնացնել 1-2 ֆիլմից հետո, բայց դա չի արվում»: Զրուցակիցս թվարկում է մի շարք ֆիլմեր, որոնք նախկինում կենտկոմի քարտուղարը եկել, նայել է, դրանով ընդգծելով ուշադրությունը կինոյի նկատմամբ. «Կինոն մենք աչքաթող արեցինք, միայն խորհրդային տարիներին 820 կինոթատրոն ենք ունեցել եւ կինոկայանքներ, սարերում հովիվների համար ֆիլմեր էինք ցույց տալիս, իսկ հիմա երկուսուկես կինոթատրոն ունենք Հայաստանում, եւ անգամ ամենալավ ֆիլմն իրեն Հայաստանում չի կարող արդարացնել, որովհետեւ ցուցադրման հնարավորություն չկա, լինի էլ, միեւնույն է՝ ֆիլմը եկամուտ չի բերի, որովհետեւ չկա այն մեծ, լայնարձակ երկիրը՝ Խորհրդային Միությունը, երբ հայկական ֆիլմը կարող էր Կամչատկայում ցուցադրվել»:

Հիշելով խորհրդային տարիները՝ Ռոբերտ Մաթոսյանը զարմանք է հայտնում, որ գրաքննություն ասվածն այդ տարիներին օգնել է, իսկ հիմա չնայած չկա այդ գրաքննությունը, բայց կա առավել սարսափելի երեւույթ, որն ավելի խորն է գրաքննությունից. դա տնտեսական, ֆինանսական գրաքննությունն է. «Հիմա հովանավորը քեզ փողը տալիս է ու իրենն է քեզ թելադրում, բայց այդպես կինո չի լինում, իսկ այն ժամանակ պետությունը խնդրում էր այս կամ այն կադրը փոխել, որի համար մեր արվեստագետներն այդ ի՜նչ էին անում… այնպես որ, հիմա ավելի սարսափելի գրաքննության տակ ենք, որովհետեւ ֆինանսական գրաքննությունն ահավոր մի բան է, այն էլ մեր մոտ, երբ բյուջետային քիչ փողերով է արվում: Հետաքրքիր է, որ այն ժամանակվա գրաքննության ժամանակ նկարահանվեց «Եռանկյունին», «Բարեւ, ես եմ», «Մենք ենք՝ մեր սարերը», «Սարոյան եղբայրները», «Նռան գույնը»: Իսկ հիմա գրաքննություն չկա, բայց ֆիլմ չի նկարվում, որն ունի նաեւ իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները. վարձույթի, կինոթատրոնների խնդիր կա, բայց մասշտաբային ֆիլմը, մեկ է՝ ինքն իրենը ցույց կտա: Հետո, այսօր երիտասարդներից շատերը նախընտրում են հեղինակային կինո, բայց կինոն այդպես չի ստեղծվում, տեսեք՝ Հենրիկ Մալյան-Աղասի Այվազյան համագործակցության արդյունքը եղավ «Եռանկյունին», Հենրիկ Մալյան-Հրանտ Մաթեւոսյան համագործակցության արդյունքում ծնվեց «Մենք ենք՝ մեր սարերը»: Անգամ ինքը՝ Փարաջանովը, իր նկարչական ունակություններով հանդերձ, բեմադրող նկարիչ ընտրեց Ստեփան Անդրանիկյանին, որովհետեւ կողքդ մարդ պետք է լինի, չի կարելի ամեն ինչը քո վրա վերցնես ու դա կոչես հեղինակային կինո: Կինոն նախեւառաջ հավաքական ամբողջություն է»: Մաթոսյանը կինոն դնում է բժշկության հետ նույն հարթության վրա՝ ընդգծելով, որ ինչպես բժշկության մեջ, այնպես էլ կինոյում պետք է հեռախոսազանգ չգործի, այլ կերպ ասած՝ ծանոթ-բարեկամի գործոնը պետք է ընդհանրապես բացառել եւ դադարել մրցանակների մոլուցքով տառապելուց, որովհետեւ մրցանակները դեռ չափանիշ չեն ֆիլմը գնահատելու համար: Դա ընդամենը պետք է ոգեւորիչ փաստ լինի, հանուն մրցանակի ֆիլմ չպետք է նկարել՝ հիշելով Հենրիկ Մալյանի խոսքերը, որ ֆիլմը ոչ թե ուղեղով պետք է նկարել, այլ՝ սրտով:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X