Առաջինը քանդելու են Նարեկ Սարգսյանի կառուցած շենքերը

Քաղաքային եւ բնակելի տարածքների կառուցումը, կազմակերպումը մարդկային գործունեության հազվադեպ ճյուղերից է, որը, ցավոք, Հայաստանում չի զարգանում եւ չի կատարելագործվում քաղաքային կյանքի զարգացման հետ համատեղ: Հայաստանում քաղաքային տարածքների զարգացումը, 1955-ից սկսած, ճարտարապետների ասածով եղել է նորմերի եւ մոդելների «շրխկացմամբ» տարածքի վրա եւ տիպային շենքերի լայն օգտագործմամբ, ինչն էլ պատճառ է դարձել, որ այսօր ունենք փաստ՝ Հայաստանի ճարտարապետները եւ քաղաքաշինարարներն անընդունակ են ստեղծել մարդկանց կյանքին եւ ռիթմին համապատասխանող տարածքներ: Օրինակները բազմաթիվ են. ասենք՝ Նարեկ Սարգսյանի կառուցած էլիտար շենքերը, որտեղ մարդն ապրելով՝ պետք է երբեք պատուհանից դուրս չնայի, որովհետեւ այն զգացողությունը կունենա, որ գտնվում է շրջափակման մեջ, եթե չասենք՝ բանտային պայմաններում: Մյուս օրինակը Նարեկ Սարգսյանի կողմից ստեղծված «հորերն» են՝ բակի կամ պողոտայի տեսքով, որը Հյուսիսային պողոտայում մարդկանց գցում է փակված մի նեղ միջանցքի մեջ: Իսկ այդ նեղ միջանցքի ծայրերում կանգնած երկու դոմինանտները՝ Օպերայի եւ Ազգային պատկերասրահի շենքերը, կարծես տարածքի պարիսպները լինեն: 21-րդ դարում, երբ վիրտուալ տարածքը գերզարգացած է եւ ճկուն, սահուն են դարձվում բոլոր սահմանները, Երեւանում ստեղծվում է մի Հյուսիսային պողոտա, որը մարդուն գցում է այնպիսի հոգեվիճակի մեջ, ինչպիսին են ինկվիզիցիայի կամ ստալինյան ռեպրեսիաների ժամանակները:

1991-ից Հայաստանը չունի եւ չի էլ փորձել մշակել քաղաքաշինական նոր նորմեր: Սկզբից կիրառվում էին սովետական նորմերը, հետո դրանք սկսեցին կիրառվել վերապահումներով եւ, ընդհանրապես, զիջեցին Նարեկ Սարգսյանի կողմից կիրառվող աբսուրդ սկզբունքներին ու օրենքներին: Եվ զարհուրելին արդեն այն չէ, ինչ Նարեկ Սարգսյանը կառուցել է, այլ այն, որ անցյալ տարվանից նա պնդում է, որ իր կառուցած շենքերը եւ քաղաքային տարածքները պետք է ծառայեն որպես օրինակ՝ մոդել, եւ դրանցից մշակվեն ճարտարապետական ու քաղաքաշինական նորմեր: Շատ հնարավոր է, որ իր նոր պաշտոնն էլ Նարեկ Սարգսյանը ծառայեցնի այդ նպատակներին: Եթե երբեւիցե դա իրականություն դառնա, ուրեմն Երեւան քաղաքը եւ ողջ հանրապետությունը կկանգնինեն աղետի առաջ: Թե ինչպիսին են Նարեկ Սարգսյանի առաջարկած քաղաքաշինական եւ ճարտարապետական նորմերը, բոլորը գիտեն, բայց մի քանիսն արժե հիշատակել. 1 մ տարածություն՝ շենքի պատշգամբից դիմացի շենքի պատշգամբ (Հյուսիսային պողոտա), փոքր բակեր կամ բակ-հորեր, 6-12 մ՝ պատուհան ունեցող շենքի ճակատից մինչեւ մյուս պատուհան ունեցող շենքի ճակատը (օրինակները բազմաթիվ են Երեւան քաղաքում), վիզուալ խախտումներով կառուցված քաղաքային հեռանկարներ եւ այլն: Ժողովուրդն այս ամենն անվանել է ապօրինի, բայց սրանք Նարեկ Սարգսյանի ղեկավարության տակ ստեղծված նորմերն են, եւ քանի որ քաղաքաշինական նորմեր անկախ Հայաստանում չեն մշակվել, գլխավոր ճարտարապետը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ բնագավառում բացարձակ լիազորություններ ունենալով, իրավասու են դարձել նորմեր որոշելու:

Քաղաքով զբաղվող մասնագետը, էլ չեմ ասում պաշտոնյան, ինչպիսին է գլխավոր ճարտարապետը, քաղաքի հանդեպ պետք է իրականացնի 3 պարտականություն. 1. Հիգիենիկ պայմանների ապահովում, որպեսզի ապրողների կյանքն ու առողջությունը վտանգի տակ չլինեն: 2. Շրջանառություն, որն ապահովում է շարժումը եւ կազմակերպում քաղաքի էկոնոմիկ եւ սոցիալ կյանքը: 3. Էսթետիկա, որը տալիս է քաղաքային կյանքին յուրատեսակ շարմ, իրեն բնորոշ գծեր, ներդաշնակություն եւ քաղաքային պեյզաժ: Նարեկ Սարգսյանը, որպես քաղաքաշինարար եւ այդ պաշտոնում գտնվող անձ, իր գործունեության տարիներին չի իրականացրել այդ միսիաներից ոչ մեկը: Մի քանի տարի առաջ Նարեկ Սարգսյանը հայտարարեց, որ Երեւանը նմանվելու է Փարիզին, բոլորը Փարիզ-Փարիզ էին երազում, բայց Նարեկ Սարգսյանի հրամցրած «Փարիզը» սահմանափակվեց մայթերի կտրուկ նեղացումով եւ նոր քաղաքաշինական նորմերի կիրառմամբ, այն փարիզյան նորմերի, որի դեմ Ֆրանսիայի կառավարությունը պայքար էր սկսել դեռեւս 20-րդ դարասկզբից:

Երեւի շատերին հետաքրքրում է, թե Նարեկ Սարգսյանն ինչպես կմտնի պատմության մեջ: Անհանգստանալու կարիք չկա, ինչքան էլ նա գոռա եւ պնդի, որ ռեֆորմներ է անում, մարդիկ իրեն ու իր ավանգարդ մտածելակերպը չեն հասկանում: Ես, որպես Արեւմուտքի մասնագետ, կարող եմ ասել, որ նա պատմության մեջ կմնա որպես Երեւանում ցամաք հորեր սարքող ճարտարապետ, որը թեպետ իրեն հռչակեց Ա. Թամանյան, բայց ստիպում էր մարդկանց այդ հորերում ապրել ու գործել՝ փակելով քաղաքի լույսն ու օդը, որն ստեղծել էր Թամանյանը: Նարեկ Սարգսյանը Թամանյանի անունով Թամանյանին վերացնում է իր իսկ ստեղծած քաղաքից: Եվ ցավալին այն է, որ ոչ մեկը դրան դեմ չէ եւ դեմ չէ, որ Երեւան քաղաքում մշակութային նոր շերտ է ոչնչացվում: Այդ բանն անգամ ստալինյան ժամանակաշրջանը չարեց Երեւանում, բայց Նարեկ Սարգսյանին դա հաջողվեց անել: Նա կմտնի պատմության մեջ որպես մարդ, որն ստեղծում էր տարածքներ մարդու համար՝ չսիրելով այդ մարդկանց:

Արեւմտյան երկրներում ընդունված է ստեղծագործող մարդկանց ստեղծագործությունները վերլուծելիս վերլուծել նաեւ տվյալ մարդու անձը (բնավորությունը, նախասիրությունները, հոգեբանական վիճակը եւ այլն), ավելի ճիշտ՝ զուգահեռներ անցկացնել նրա ստեղծագործությունների եւ անձի միջեւ: Եվ շատ անգամ այդ դեպքերում տվյալ հեղինակի անձի գծերը կարողանում ես ճիշտ սահմանել եւ, ուսումնասիրելով նրա անձը, տեսնում ես, որ արված հետեւությունները ճիշտ էին: Այն ճարտարապետության եւ քաղաքային տարածքների ստեղծումը, ինչպիսին են Նարեկ Սարգսյանի ստեղծագործությունները, մատնանշում են նրա ֆիզիկական եւ հոգեբանական տարօրինակ վիճակը: Եվ ինչպես այդ «հոր»-քաղաքային տարածքներից դժվար է դուրս գալը, նա էլ չի կարող դուրս գալ այդ «հոր»-հոգեվիճակից: Քանի որ հորն ընկնողն այնտեղ էլ մնում է, անգամ եթե դա տանում է դեպի անհատի պաշտամունք: Այդ հորերն էլ ավելի վտանգավոր են, քանի որ դրանք ճահճի են նման:

Քաղաքում պետք է առաջնորդվել եւ հերկել այն միտքը, որ պետք է ստեղծվի մի նկար, ինչ-որ մի իդեալական պատկեր՝ առանց նախապատվությունների, քանի որ 21-րդ դարի քաղաքային ճիշտ աշխարհը ընտրության աշխարհն է: Ցավոք, Նարեկ Սարգսյանի կառույցները եւ քաղաքաշինական գործունեությունը հեռու են այդ ամենից, ինչպես եւ իդեալներ ստեղծելուց, բայց շատ մոտիկ են այն մտքին, որ նա իր համար կառույց-իդեալներ է ստեղծում, որոնք բացարձակ զուրկ են որեւէ ճարտարապետական կամ քաղաքաշինական նախապատվությունից, իսկ դա արդեն, որպես այդպիսին, չի կարող հանդիսանալ իդեալ: Մի բան էլ նշեմ. ի գիտություն առանց սահմանների գործող քաղաքի բոլոր մասնագետներին՝ քաղաքում մեծամասշտաբ քաղաքաշինական քաոս ստեղծելու ժամանակաշրջանից հետո միշտ հաջորդում է մեծ մաքրման շրջանը, եւ առաջինը քանդվելու են այն շենքերը, որոնք կառուցվել են Նարեկ Սարգսյանի աբսուրդ քաղաքաշինական նորմերով, որոնց քանդումը շատ ավելի օպտիմալ կլինի եւ էժան կնստի, քան նոր ճանապարհներ եւ նոր կառուցապատում անելը: Ի դեպ, այդ շենքերը կքանդվեն հենց պետական շահ ճանաչվելով, ասել է թե՝ սեփականատիրոջը հատուցման չնչին գումարներ տրամադրելով:

Մարիամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փարիզ Էսթ համալսարանի քաղաքաշինության դոկտոր

Մեկնաբանություն
X