Դժոխքը տեսած մարդուն օգնել է պետք

Հեռուստաէկրանից լսելով Արսեն Օհանյանի մասին ինֆորմացիան (Սպիտակ քաղաքի բնակիչը երանգավորված շեշտադրությամբ), ճշմարիտն ասած՝ ապշեցի: Նա իմ հայրենակիցն է: Լինելով սովորական ընտանիքի զավակ՝ Արսեն Օհանյանն իր ճանապարհը հարթել է միայնակ ու ինքնուրույն: 1970-ականներին ավարտել է Երևանի պետհամալսարանի փիլիսոփայության բաժինը, իսկ 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո դարձել Սպիտակի առաջին ընտրովի քաղխորհրդի նախագահը (քաղաքապետը): Արսեն Օհանյանն այն քչերի թվին է պատկանում, ովքեր ավերիչ երկրաշարժից հրաշքով փրկվեցին՝ 6 հազար հոգանոց Սպիտակի կարի արտադրական միավորումից, որի ազատված կուսքարտուղարն էր նա, ասել է թե՝ ձեռնարկության երկրորդ դեմքը:

Աչքիս առաջ է, թե ինչպես երկրաշարժի դժոխային օրերին շատերի հետ մեկտեղ նա կանգնել էր իր ժողովրդի կողքին, ովքեր զօր ու գիշեր փլատակների տակից մարդկային կյանքեր էին փրկում: Սպիտակին օգնության հասած բժիշկների այն ասածները, որ էս ի՞նչ գենետիկ կոդ ունի այս ժողովուրդը, որ մեր բազմաթիվ խնդրանքներից հետո անգամ չի լքում այս ավերված քաղաքը (ի դեպ, հիմա ճիշտ հակառակն է): Շվեյցարացիները հայի, սպիտակցու գենետիկ այդ կոդն ուսումնասիրելու համար երկրաշարժի էպիկենտրոնում նույնիսկ գիտահետազոտական մեծ կենտրոն էին ուզում ստեղծել: Սակայն նրանք մեկ ուրիշ բան էլ էին ասում, որ այս արհավիրքն իր խորը ազդեցությունը կունենա մի տասը-քսան տարի հետո:

Այնպես որ, մեր սենսացիայի սիրահարներ, ցավով եմ ասում՝ Արսեն Օհանյանի դանակների խոշոր պլանի տեսանյութի փոխարեն կարող էին նաև տեսնել հակառակը: Արսենը հայրենանվեր շատ գործեր է արել, վաստակաշատ է, և նրան օգնել ու ներել է պետք: Մեկ ամիս հետո, դեկտեմբերի 7-ին, կլրանա Սպիտակի ահավոր երկրաշարժի սև օրերի քսանհինգ տարին: Արսենը Սպիտակ քաղաքի թանգարանի տնօրենն է, որտեղ նա երկրաշարժի արհավիրքին նվիրված էքսպոզիցիա էր պատրաստում: Նրան պետք է հնարավորություն տրվի այդ գործն ավարտին հասցնելու: Այստեղ կարելի էր վերջակետ դնել: Սակայն Դանթեի դժոխքը տեսած սպիտակցիներին այսօր իրենց ցավի հետ մենակ ենք թողել:

Սպիտակում միջազգային մակարդակով կառուցված և ժամանակակից սարքավորումներով հագեցված հիվանդանոց ու ֆիննական պոլիկլինիկա կա՝ բժշկական պրոֆեսիոնալ անձնակազմով: Էդ անվանումները, ի նշան իրենց օգնության ձեռք մեկնած երկրների, սպիտակցիներն են տվել: Սակայն այդ նույն ժողովրդի գերակշռող մասը ֆինանսներ չունենալու պատճառով գերադասում է սեփական հարկի տակ տառապել ու աստիճանաբար հանգչել, քան բժշկի դիմել: Ճշմարիտն ասած՝ ես այս համակարգից, սիստեմից գլուխ չեմ հանում, ինչպես իմ ավագ ընկեր Սոս Սարգսյանն էր ասում, «էդ կապիտալիզմ է, ինչ զահրումար է»: Ասելիքս այն է, որ հատկապես երկրաշարժի էպիկենտրոն Սպիտակին բժշկության բնագավառին աննախադեպ արտոնություններ են պետք, պետական լուրջ հովանավորություն է անհրաժեշտ: Էլ չեմ խոսում Սպիտակում ինվեստիցիայի ու աշխատատեղերի ստեղծման մասին, որը մարդկային գործոնի ամենամեծ սպեղանին է:

Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆ
Հայաստանի և Ռուսաստանի
կինեմատոգրաֆիստների միությունների անդամ,
«+Կինո» ամսագրի գլխավոր
խմբագիր

Մեկնաբանություն
X