ՄԱԿ-ն ընդդեմ Մոսկվայի՝ Քեսաբի խնդրով

Երեկ ԱՄՆ կոնգրեսում ընթացող լսումների ժամանակ դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը, որ հայկական լոբբիի առաջնորդներից է ԱՄՆ օրենսդիր իշխանությունում, ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերին հարցրել է, թե ՄԱԿ-ն ինչ քայլեր է ձեռնարկում Քեսաբի տարհանված հայությանն օժանադակելու ուղղությամբ:

Մինչ դեսպան Փաուերի հնչեցրած պատասխանը մեջբերելը, որտեղ խոսվում է ռազմական առումով Սիրիայի չափավոր ընդդիմությանն օժանդակելով ISIL-ին հաղթելու, իսկ հումանիտար առումով ՄԱԿ-ի խողովակներով Քեսաբի տարհանված հայությանն օժանդակելու մասին, ընդհանուր գծերով ներկայացնենք, թե ինչ է ISIL-ը, որը, ենթադրվում է, հենց Քեսաբի հայությանը տարհանած եւ քաղաքը գրաված ուժն է:

ՍԻՐԻԱՅՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄՈՂ ՍԱՏԱՆԱՆԵՐԻ ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ

Պատկերացնելու համար, թե ինչ սատանաների բազմություն է պատերազմում Սիրիայում, պետք է հիշել, որ խոշոր զինյալ խմբավորումները մի քանի տասնյակ են: Բաշար Ասադին սատարում են հինգ պետական ուժային կառույցներ եւ շուրջ 25 խմբավորումներ, որոնց զինում են Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան եւ Իրաքը, ոչ ուղղակի՝ Վենեսուելան: Բարիկադների հակառակ կողմում մարտնչում են Սիրիայի Միջանկյալ կառավարության շուրջ երեք տասնյակի հասնող զինված խմբավորումները, որոնց զինում են Կատարը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան եւ Միացյալ Նահանգները, անուղղակի՝ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան: Հինգ-վեց խմբավորում էլ մարտնչում է Սիրիայի հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում՝ ինքնահռչակ Քրդական ինքնավարության կողմից եւ օժանդակությամբ: Վերջապես, կան Al- Qaeda-ի հետ կապված խմբեր, այդ թվում՝ ISIL-ը եւ Jabhat al-Nusra-ն: Սրանք խոշորները, իսկ ամփոփ պատկերով՝ Սիրիայի քաղաքացիական պատերազմի թատերաբեմում գործում է շուրջ հազար զինված կազմավորում, դրանցում ընդգրկված շուրջ հարյուր հազար զինյալներով:

Քեսաբին պատուհասած հարձակումից եւ տարհանումից մեկ շաբաթ անց՝ մարտի 28-ին, Վաշինգտոնում Պետքարտուղարության խոսնակն առաջին անգամ տվեց Քեսաբի վրա ենթադրաբար հարձակում իրականացրած ահաբեկչական խմբավորումների անուններ՝ ISIL եւ Jabhat al-Nusra:

ISIL-ը հապավում է, որը թարգմանվում է «Իրաքի եւ Լեւանտեի իսլամական պետություն» (Islamic State of Iraq and Levante): Լեւանտեն պատմաաշխարհագրական հասկացություն է, որի ներքո հասկացվում է Արեւելյան Միջերկրականը՝ Կիպրոս, Սիրիա, Լիբանան, Հորդանան, Իսրայել, Պաղեստին: Մյուսի անվանումը՝ Jabhat al -Nusra, նշանակում է Արաբական ճակատ: Երկուսն էլ համարվում են Ալ-Քաիդայի ստորաբաժանումներ, Իրաքյան պատերազմի մեկնարկին ստեղծված ISIL-ը մի ժամանակ կոչվել է «Իրաքի Ալ-Քաիդա», 2012-ին հիմնադրված Jabhat al-Nusra-ն էլ՝ «Սիրիայի Ալ-Քաիդա»:

Բայց 2013-ին պատերազմ է սկսվել Ալ-Քաիդայի եւ ISIL-ի միջեւ, հետո էլ՝ ISIL-ի եւ Jabhat al-Nusra-ի միջեւ, հայտարարել են, որ խզել են կապերը միմյանց հետ: ՄԱԿ-ը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան երկուսին էլ ճանաչել են ահաբեկչական խմբավորում: Քեսաբի վրա հարձակումից հետո ISIL-ը եւ al-Nusran-ն սկսել են իրար մեղադրել, թե Քեսաբում զբաղվածությունից օգտվելով, մեկը մյուսի դիրքերն է գրավել Դեր Էլ-Զորում: Այս պահին, արաբական աղբյուրների համաձայն, երկուսի միջեւ Դեր Էլ-Զորում թեժ մարտեր են ընթանում, մեկը երդվել է, որ սպանելու է մյուսի ղեկավարներին:

ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՄԱԿ-ԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԼՈՒԾՈՒՄԸ

Ընդհանուր պատկերին ծանոթանալուց հետո վերադառնանք նրան, ինչ ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը Քեսաբի շուրջ զարգացումների կապակցությամբ:

Դեսպան Փաուերը նախ նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի շարք անդամներ «խորին մտահոգություն են հայտնել» Քեսաբի դեպքերի կապակցությամբ, ապա շարունակել, որ, ցավոք սրտի, քաղաքը ենթադրաբար նվաճել է ուժ, որի նկատմամբ ՄԱԿ-ը չունի ազդեցության լծակներ: Հետեւաբար, արձագանքը Սիրիայի չափավոր ընդդիմությանն աջակցելն է, որպեսզի նվաճի այս ծայրահեղական խմբերին, եւ երկրորդ՝ հետեւելը, որպեսզի ՄԱԿ-ի մարդասիրական օգնության խողովակներով անհրաժեշտ միջոցները հասնեն ներքին տարհանման ենթարկված Քեսաբի հայկական համայնքին:

Փաուերը երկրորդ անգամ կրկնել է, որ ռեսուրսներ են տրամադրվում, եւ հզորացվում է Սիրիայի չափավոր ընդդիմությունը, որն այժմ վերահսկողություն է հաստատում ISIL-ի հանդեպ, այն նույն խմբավորման, որը գրավել է Քեսաբը, քայլեր են արվում հավաստիանալու, որ հարեւաններից ոչ մեկն օժանդակություն չի ցուցաբերում ահաբեկչական կամ ծայրահեղական խմբավորումներին, ինչը կնպաստեր նրանց կողմից հարձակումներին եւ պաշարումներին:

Ամփոփելով ստացվում է, որ ISIL-ի դեմ հիմա պատերազմում են թե Ասադի ուժերը, թե Միջանկյալ կառավարության, եւ ՄԱԿ-ից վերհսկվում է, որ ISIL-ին օգնություն չտրվի: Սակայն այն, ինչը Քեսաբի խնդրի առավել արմատական լուծումը կլինի ՄԱԿ-ի մակարդակում, առաջարկել է Մեծ Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը: Անցյալ շաբաթավերջին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի քաղաքական հարցերով խորհրդական Ջեֆրի Ֆելթմանի հետ հեռախոսազրույցում Վեհափառն առաջարկել է Քեսաբը վերածել ապառազմականացված գոտու: Դա, ինչ խոսք, լավագույն պաշտպանությունն է բոլոր կողմերի զինյալներից: Ինչպես հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կայքը, պրն Ֆելթմանը Վեհափառի առաջարկը նկատել է կառուցողական եւ խոստացել այդ ուղղությամբ անհրաժեշտ խորհրդակցություններ ունենալ Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի եւ Արաբական Լիգայի հատուկ բանագնաց, դեսպան Լախդար Բրահիմիի հետ:

Քեսաբի ապառազմականացման հեռանկարը զորեղ հարված է Ռուսաստանի շահերին, որը Քեսաբի մոտակայքում տեղակայված ռազմանավեր ունի: Անհնար է չտեսնել, որ մարտի 28-ին Վեհափառի դիրքորոշումը հայտնի դառնալուց հետո Ռուսաստանն ընթացիկ շաբաթը սկսեց Քեսաբի մասին չվերջացող հայտարարություններ անելով, սադրիչ համերաշխության ակցիաներ կազմակերպելով, ՄԱԿ-ի ԱԽ-ում խնդիրը քննարկելու համար ինքնակոտոր լինելով ու հայերի հետ կապ չունեցող սպանդների կադրեր տարածելով: Իրականում, գուցե անասելի ցավելով, որ Քեսաբի հայերը չունեն զոհեր եւ առավել եւս, որ ցանկանում են Քեսաբը, հարակից տարածքներն ու ծովածոցը տեսնել առանց ռազմական, այդ թվում՝ Ռուսաստանի ռազմական օբյեկտների:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

lusine@hraparak.am

Մեկնաբանություն
X