Կեսարն ու Պոմպեոսն էլ խնամիներ էին և… իրար վերացրին

«Կեսարն ու Պոմպեոսն էլ խնամի էին, հետո ի՞նչ…». սա ապրիլի 13-ին ՀՀԿ գրասենյակում վարչապետի թեկնածության առաջադրումից հետո Շարմազանովի ասուլիսի երեւի ամենահիշարժան հայտարարությունն էր: Ոչ Շարմազանովի պատմական էքսկուրսի պատճառով, այլ իբրեւ պատասխան լրագրողներից մեկի նետած ռեպլիկի. «Հետո այն, որ իրար վերացրին…»: Լրագրողները սկսեցին ծիծաղել: Երկար ծիծաղում էր նաեւ Շարմազանովը, մինչեւ կանցներ հաջորդ հարցին: Ինքս այդ դրվագը հեռուստատեսությամբ տեսա. ռեպլիկն ու Շարմազանովի չզսպվող ծիծաղն այնքան խոսուն էին, որ եթե թարգմանվեին բառերի, երեւի կստացվեր, ինչպես Աստվածաշնչում. «Դուք ասացիք»:

Այդուհանդերձ, եթե Կեսարին ու Պոմպեոսին էլ հանգիստ թողնենք, միեւնույն է, դժվար է հավատալ, որ Հովիկ Աբրահամյանի նշանակման հարցում, բացի Աբրահամյանին եւ Ծառուկյանին դեմառդեմ կանգնեցնելուց, մեկ այլ հաշվարկ է եղել: Սկզբնապես գուցե այլ վարչապետի թեկնածու եւ ծրագիր է եղել Սերժ Սարգսյանի մտքում, գոնե այն պահին, երբ ԿԲ-ում ժողովրդի վստահությունը վերականգնելու, կառավարության հեղինակությունը բարձրացնելու մասին էր խոսում: Հետո որպես Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահ, գնահատելով քաղաքական կոնյուկտուրան, թերեւս որոշել է այլ թեկնածու եւ ինչ-որ միջնախաղ:

Գուցե ինչ-որ համոզմունքով, պարտավորությամբ կամ պատճառով Սարգսյանը ոչ միայն չի ցանկանում անձամբ երրորդ անգամ Հայաստանը ղեկավարել, այլեւ ցանկանում է այդ ճանապարհը որեւէ մարդու համար փակել՝ այդ թվում Քոչարյանի: Մինչդեռ «Բարգավաճ Հայաստանը» հենց հրապարակման օրն այնպիսի վճռական ու անիմաստ արշավ սկսեց սահմանադրական բարեփոխումների դեմ՝ չգիտես ինչ ակնարկելով առաջիկա համապետական ընտրությունների մասին, որ դժվար էր դրա ետեւում Քոչարյանի կամ ԲՀԿ-ի անհանգստությունը չտեսնել:

Պատասխանը եղավ այն, որ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին նշանակեց վարչապետ՝ իրենից բացարձակ կախման մեջ դնելով եւ պարտավորեցնելով շարունակել նախորդ կառավարության քաղաքականությունը, եւ իբրեւ հետեւանք Ծառուկյանին պարտադրելով ընտրություն: Կամ Ծառուկյանը լռության ուխտ է կնքում, հրաժարվում է Սերժ Սարգսյանի դեմ պայքարելուց, առավել եւս նրա հրաժարականը պահանջելուց եւ զբաղվում է իր գիշատիչ կենդանիներով՝ հանրային տեսադաշտից եւ գործունեությունից հեռու: Այդ դեպքում բոլորին տեսանելի ապամոնտաժվում է պրո-քոչարյանական քաղաքական-տնտեսական բեւեռը երկրում՝ առաջիկա համապետական ընտրություներին չհասնելու սպառնալիքով:

Կամ էլ Ծառուկյանը մնում է ասպարեզում, պայքարում է կառավարության եւ նախագահի դեմ, եւ այդ դեպքում ԲՀԿ-ի անդամները, որոնցից շատերը նաեւ համատեղությամբ Քոչարյանի համակիրներն են, հարկադրված են լինում ընտրել՝ կամ կատարելապես Սարգսյանի վերահսկողության ներքո անցած Հովիկ Աբրահամյանի ճամբարը, կամ ընդդիմադիր դաշտ մղվող Ծառուկյանի: Կռահելի է, որ մեծ մասը կգերադասի «մենք աջ չենք, մենք ձախ չենք, մենք հողաթափ ենք» կարգախոսը, եւ առհասարակ կհեռանա ասպարեզից: Դրանից հետո հարվածները կիջնեն ընդդիմադիր դարձած Ծառուկյանի տնտեսական-ֆինանսական կառույցների ուղղությամբ: Այդ ընթացքում Հովիկ Աբրահամյանն էլ հրաշքներ չի գործելու, այնպես որ Ծառուկյանից հետո գեղեցիկ մի օր էլ ինքը շնորհակալությամբ կուղարկվի հանգստի:

Դժվար թե քաղաքական դաշտում կա մեկը, որ նման հեռանկարը չտեսնի, բայց դրանից ոչինչ չի կանխվում կամ փոխվում: Թերեւս միայն այն, որ Տեր-Պետրոսյանն, ըստ էության, երեկ ազդարարեց իր քաղաքագիտական վերլուծության ավարտի մասին: ՀԱԿ-ը պահանջում է ամբողջական իշխանափոխություն, եւ եթե ԲՀԿ-ն նույնը չի պահանջում, ապա ճանապարհները, թերեւս, կբաժանվեն: Վերջնահաշվում դա միակ փոքրիշատե արժանապատիվ բանն էր, որ Տեր-Պետրոսյանին մնում էր անել՝ Հովիկ Աբրահամյանի նշանակմամբ ավարտված իր երկարատեւ վերլուծություններից, շողոքորթություններից ու ինքնավարկաբեկումից հետո:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

lusine@hraparak.am

Մեկնաբանություն
X