Ով եւ ինչ է պատրաստվում ստորագրել

Երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը հայտարարել է, որ ապրիլի 29-ին Մինսկում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորhրդի նիստ է գումարվելու, եւ դրա ընթացքում Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու փաստաթուղթ է ստորագրելու: Թե որ քաղաքում նիստ կգումարվի, եւ կգումարվի՞ արդյոք՝ մեծ հարց է: Մոսկվան այս օրերին 24 ժամում 48 սուտ է ասում: Բայց, դիցուք, Մաքսային եռյակը հավաքվեց:

Հայաստանն այդտեղ ի՞նչ փաստաթուղթ է ստորագրելու: Դա ձեւով եւ բովանդակությամբ լինելու է տեղեկա՞նք, պարտավորագի՞ր, հրամանագի՞ր, թե՞ պայմանագիր: Մինչ այժմ խոսվում էր Մաքսային միությանը միանալու «ճանապարհային քարտեզի» մասին, որը երկու-երեք հարյուր կետից բաղկացած միջոցառումների ցանկ էր: Համարյա բոլոր կետերը նախատեսում էին կամ ջուր ծեծել, կամ թուղթ մրոտել, ինչի արդյունքում էլ ամիսները գլորվեցին, քարոզչական դատարկախոսությունն ապահովվեց, բայց որեւէ փոփոխություն կյանքի չկոչվեց: Այս ողջ իմիտացիան, սակայն, պտտվում էր նրա շուրջ, որ «ճանապարհային քարտեզն» իրականացնելուց հետո, վերջապես, բնության մեջ առաջին անգամ կստեղծվի Մաքսային միություն կոչվող խառնաշփոթին միանալու պայմանագիր: Հիմա կա՞ այդ պայմանագրի նախագիծը:

Դրա ստեղծման աշխատանքը ե՞րբ սկսվեց, ե՞րբ ավարտվեց: Քանի էջ է այդ պայմանագիրը, քանի բաժին ունի, ինչ իրավունքներ եւ պարտավորություններ է ենթադրում, ովքեր են դա ստորագրելու, ինչ ընթացակարգով, ում կողմից եւ երբ է վավերացվելու: Վահրամ Ավանեսյանը կամ դեռ չկազմավորված կառավարության մեկ այլ անդամ կարո՞ղ է այս հարցերին պատասխանել: Եթե ոչ, ապա ՀՀ իշխանություններն ի՞նչ են պատրաստվում Մոսկվայում ստորագրել: Թե՞ ուղղակի, սովորության համաձայն, դատարկախոսում են:

Լուսինե Պետրոսյան

Մեկնաբանություն
X