Մինչ Պուտինը Լյուդմիլա Ալեքսանդրովնային ամուսնացնի...

Հինգշաբթի օրը ՌԴ նախագահը երկու-երեք ժամ տեւած մամլո ասուլիսում դարձյալ ապատեղեկատվություն է տարածել: Օրինակ, ասել է, թե ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը Դանիայի վարչապետ եղած ժամանակ իր հետ ոչ պաշտոնական մի հանդիպման ողջ խոսակցությունը ձայնագրել էր, հետո անակնկալ հրապարակել: Պուտինն էլ, պատկերացնում եք, չնայած պրոֆեսիոնալ գործակալի կենսագրությանը, նման անվայելուչ արարքից ցնցվել էր, աչքերին ու ականջներին չէր հավատացել: Այս հեքիաթը հազիվ ավարտված, Բրյուսելից հերքում հնչեց: Ռասմուսենի խոսնակն ասել էր, որ ոչ Դանիայի վարչապետ եղած ժամանակ, ոչ էլ երբեւէ Ռուսմուսենը ձայնագրիչ չի գործածել, որ Պուտինին կամ ուրիշ մեկին ձայնագրեր:

Սակայն դա ազդե՞ց նախագահ Պուտինի վրա: Հազիվ թե։ Նրա միակ մտահոգությունն իր իմիջն է Ռուսաստանի սահմաններից ներս: Դրսում մեծ հաշվով անիմաստ է ջանքեր թափել, նրանց դժվար է հիմարեցնել: Իսկ Ռուսաստանում, ներքին լսարանի համար, կարելի է մարտին հայտարարել, թե ռուս ոչ մի զինվոր չկա Ղրիմում, իսկ ապրիլին հայտարարել, թե, իհարկե, ռուսական զորքերն էին այնտեղ, նրանք մարդկանց ազատ կամարտահայտությունն էին ապահովում: Կամ՝ երբ ԱՄՆ-ն թիրախային պատժամիջոցներ էր սահմանում, ՌԴ նախագահը հայտարարել էր, թե պատժվող անձանց չի ճանաչում: Իսկ կես ամիս անց ստացվեց, որ ոչ միայն ճանաչում է, այլեւ տեղյակ է, որ խնդրո առարկա անձանցից մեկի կնոջ վիրահատության համար չեն կարողանում վճարել, քանի որ բոլոր հաշիվները սառեցված են:

Ոչ թե նախագահ, այլ ուղղակի հրաշք, որն ասում է ինչ հարմար է, կամ մտքին գալիս է, եւ ամենեւին չմտահոգվելով, հաջորդ պահին էլ հակառակն է ասում: Աշխարհն արդեն այնքան ստախոսություն է լսել Մոսկվայից, որ ոչ մի խոսք արժեք չունի: Նույն ասուլիսի օրը Ժնեւում վերջապես Ուկրաինայի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները բանակցեցին՝ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջնորդությամբ, համաձայնություն ձեռք բերվեց Ուկրաինայի իրադրության լիցքաթափման շուրջ եւ թղթին հանձնվեց: Սակայն, միեւնույն է, դա քիչ լավատեսություն ներշնչեց. եւ ԱՄՆ-ն, եւ ԵՄ-ն հայտարարեցին, որ Մոսկվան Ուկրաինայի հարավ-արեւելքում գործող պրոռուսական անջատողականներին եւ ահաբեկիչներին պետք է հարկադրի վայր դնել զենքերը եւ ազատել պետական շինությունները: Այլապես, Ուկրաինայի իշխանություններն ունեն ամեն իրավունք եւ պարտականություն՝ պաշտպանելու երկրի տարածքային ամբողջականությունը եւ քաղաքացիների անվտանգությունը: Նույնկերպ, մինչեւ ընթացիկ շաբաթվա վերջը իրադրությունը չլիցքաթափվելու դեպքում, հաջորդ շաբաթ եւ ԱՄՆ-ն, եւ ԵՄ-ն կանցնեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման՝ մոտենալով հեռահար տնտեսական արգելանքներին: Ինչպես կզարգանան իրադարձությունները, կտեսնենք: Երեկ պրոռուսական անջատողականները դեռ շարունակում էին հասարակական անկարգությունները:

Այդուհանդերձ, վերջին օրերի ամենից էական ու պատմական իրադարձությունը Եվրոպական խորհրդարանի բանաձեւն էր «Արեւելյան գործընկերության երկրների հանդեպ Ռուսաստանի ճնշումների եւ, մասնավորապես, Հարավային Ուկրաինայի ապակայունացման մասին» (European Parliament resolution on Russian pressure on Eastern Partnership countries and in particular destabilisation of eastern Ukraine): Այս բանաձեւով Եվրոպական Միությունն առաջին անգամ պաշտոնապես հայտարարեց, որ Ասոցացման համաձայնագրերը եւ գործընթացը վերջին հանգրվանը չեն ԵՄ-ի եւ Արեւելյան գործընկերության երկրների փոխհարաբերություններում: Ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մյուս պահանջների ապահովման դեպքում այդ երկրները կարող են դիմել ԵՄ անդամակցության համար: Սա պատմական հայտարարություն է: Եթե չիներ Վլադիմիր Պուտինի արկածախնդրությունն Ուկրաինայում, ոչ ոք Արեւելյան գործընկերության երկրների համար այս արագությամբ չէր բացի ԵՄ լիակատար անդամակցության հեռանկարը:

Եթե ընդամենը հինգ տարում՝ 2009-ի մայիսին Պրահայում Արեւելյան գործընկերության ծրագրի ներկայացումից մինչեւ 2014-ի ապրիլ հնարավոր եղավ ասոցացման բանակցությունները չորս երկրների հետ ավարտել, երեքի հետ ասոցացման համաձայնագրեր ստորագրել եւ բոլորի համար երաշխավորել ԵՄ լիակատար անդամակցության հնարավորություն, ապա այս գերարագությունը լավատեսություն է ներշնչում, որ հաջորդ 5 տարում Արեւելյան գործընկերության երկրները կանդամագրվեն Եվրոպական Միությանը: Իսկ ի՞նչ կանի նախագահ Պուտինը:

Հուսանք՝ կզբաղվի նրանով, ինչի մասին հայտարարեց իր ասուլիսում։ Հարց էր տրվել, թե Ռուսաստանը երբ կտեսնի նոր առաջին տիկնոջը: Պուտինը ժպտացել է եւ ասել. «Գիտեք ինչ, ես նախ նախկին կնոջս՝ Լյուդմիլա Ալեքսանդրովնային պետք է ամուսնացնեմ, հետո արդեն իմ մասին կմտածեմ»: Արժե… պարոն Պուտինն այդքան ջանքերով հասել է ռուսական ֆյուրերի տիտղոսին… Բայց ի՜նչ ֆյուրեր՝ առանց իր Եվա Բրաունի (Ադոլֆ Հիտլերի սիրուհին է, որ իր կողքին է եղել բոլոր փորձությունների ժամանակ, եւ միասին էլ ինքնասպանություն են գործել): Մնում է տեսնել՝ ավելի շուտ Պուտինը Լյուդմիլա Ալեքսանդրովնային կամուսնացնի եւ իր Եվա Բրաունի՞ն կգտնի, թե՞ Արեւելյան գործընկերության երկրները կանդամակցեն ԵՄ-ին:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

lusine@hraparak.am

Մեկնաբանություն
X