Մաշտոցի «զինվորները» Տերունական սրբավայրերում

(Սկիզբը նախորդ հոդվածում՝ «Հին Երուսաղեմ, Հայկական թաղամաս»****)

Լուսինե Պետրոսյան

13.05.2011

Երուսաղեմում կան անվերջ թվով սրբավայրեր՝ եկեղեցիներ, սինագոգներ, մզկիթներ: Սակայն Երուսաղեմի, հատկապես Հին Քաղաքի բացառիկ արժեքն այն է, որ այդտեղ են գտնվում քրիստոնեության գլխավոր սրբավայրը՝ Սուրբ Հարության տաճարը, հուդայիզմի կարեւորագույն սրբատեղին՝ Լացի պատը, եւ իսլամի՝ կարեւորությամբ երկրորդ մզկիթն աշխարհում՝ Ալ-Աքսան:

Այժմ ****եւ ****միշտ****, հավիտյանս ****հավիտենից

Աստված գիտե, թե Քրիստոսի խաչելությունից եւ հարությունից ի վեր որքան քրիստոնեական եկեղեցիներ են երկինք հառնել ու խոնարհվել Սուրբ հողում, որը հիմա բաժանված է Իսրայելի, Պաղեստինյան ինքնավարության եւ Հորդանանի միջեւ: Մի պահի միայն հայկական եկեղեցիների թիվն այդտեղ հասել է մինչեւ յոթանասունի: Սակայն, ինչպես Սողոմոն Իմաստունն է ասել՝ ամեն ինչ անցնում է:

Բացառիկ անանցանելի արժեքը Սուրբ հողում, որ քրիստոնեական կրոնի հիմքն է, ալֆան եւ օմեգան, բացարձակ սրբությունը եւ Աստծո լինելության առհավատչյան, Տերունական սրբավայրերն են՝ Ծննդյան Սուրբ Այրը Բեթղեհեմում, Սուրբ Հարության տաճարը Հին Երուսաղեմում եւ Սուրբ Կույսի Գերեզմանը Գեթսեմանիի պարտեզում: Հայերը, ի դեմս Երուսաղեմի Սբ. Յակոբյանց միաբանության, Հույն ուղղափառ եւ Լատին կաթոլիկ պատրիարքությունների հետ համազոր իրավատերն ու ավագ պահապանն են Տերունական այդ սրբավայրերի: Մենք այդ սրբության սրբոցում ենք եղել այժմ եւ միշտ, եւ, ինչպես Նուրհան Սրբազանն է ասում. «Մեր իրավունքները չենք պատրաստվում զիջել ոչ մեկին»:

Երբ նոր էի գնացել Հին Երուսաղեմ, համոզված էի, որ կաշխատեմ որքան հնարավոր է շատ եկեղեցիներ, ընդհանրապես սրբավայրեր տեսնել: Պալատները, ամրոցներն ու եկեղեցիները իմ թուլությունն են ցանկացած երկրում: Եվ եթե մեկն ինձ ասեր, որ Սուրբ Քաղաքում ես միայն երկու եկեղեցում կլինեմ, կմտածեի՝ ինչ է, ոտքս պետք է կոտրվի՝ չպիտի՞ կարողանամ քայլել... Ինձ ոչինչ չպատահեց, բայց Սուրբ Քաղաք գնալուս հաջորդ օրը պատարագի եղա մեր Սբ. Հակոբյանց վանքում, օրվա երկրորդ կեսին գնացի Սուրբ Հարության տաճար եւ... վերջ: Սուրբ Հարության տաճարը վերջակետն էր՝ բարձրակետ, գագաթնակետ, որից այն կողմ այլեւս ոչինչ հետաքրքիր չէր:

Այդ տաճարի հետ ոչինչ չեմ կարող համեմատել՝ ոչ Վատիկանի Սբ. Պետրոսի տաճարը, ոչ Լոնդոնի Սբ. Պողոսը, ոչ Էջմիածնի Մայրավանքը, ոչ Բեթղեհեմի Ծննդյան Այրը... Այո, Վատիկանի ու Լոնդոնի տաճարներն աննկարագրելի վեհաշուք են, Էջմիածինն ու Բեթղեհեմը համակող սրբության աուրա ունեն, բայց դրանք մարդկային ստեղծագործություն են, դրանցում Հարության տաճարի կրոնական մագնետիզմի նույնիսկ ստվերը չկա: Ընդսմին, ի համեմատություն նրա, թե մարդն ինչ երկնամերձ ու հոյակերտ տաճարներ է ձոնել Աստծուն երկրի վրա, Սբ. Հարության տաճարում, թվում է, ոչինչ չի արել: Մարդն այդտեղ սեւ, մոխրագույն քարերից կառուցել է պատեր եւ բարձրացրել է գմբեթներ, որպեսզի շինությամբ պաշտպանի հիմնականում երեք սուրբ տեղանք, որ Քրիստոսի մարմնի դրոշմն են կրում՝ Գողգոթան, ուր խաչվել է Քրիստոսը, օծման քարը, որի վրա իր մարմինը նախապատրաստվել է թաղման, եւ գերեզմանը, որտեղից Քրիստոսը հարություն է առել:Կոնստանտինոս Մեծի հիմնադրած տաճարում այսօր էլ ողորկ, հնամենի պատեր են՝ երբեմն պաստառված սրբապատկերներով, քարե սալահատակ, սայթաքող աստիճաններ, խորաններ, կանթեղներ, սուրբ մասունքներ, Գողգոթան, օծման քարը, գերեզմանը եւ... Աստծո ներկայությունը՝ ավելի ռեալ, քան նյութեղեն աշխարհը: Այդ տաճարում կարծես մարդկային զգայարանները զուգահեռ հարթություն են ընկալում՝ Աստծո իշխանությունն ամենայն ինչի վրա:

Սբ. Հարության տաճարում հայ, հետո հույն, հետո լատին միաբանները երեկոյան ժամը երեքին, հինգին եւ յոթին պատարագ են մատուցում:Ես տաճարում էի, երբ հայոց միաբանությունն ավարտում էր պատարագը, եւ ժամանեց հունաց թափորը: Երեւի հարգանքի տուրք է Օսմանյան կայսրությանը, տաճար ժամանող բոլոր միաբանական թափորների առջեւից քայլում են կոստյումով եւ թուրքական ֆեսով (կարմիր կոնաձեւ գլխարկ է) անձինք, որ գավազանով հարվածում են գետնին՝ ազդարարելու թափորի ժամանումը: Եկեղեցում, ի ազդարարումն թափորի ժամանման, հնչում են զանգակատան զանգերը: Դղրդացող գետնի ու երկնքում թնդացող զանգերի միջով տաճար իջնող միաբանների թափորն ուղղակի ստիպում է գիտակցել եւ կրկնել Տերունական աղոթքի ավարտը՝ իբրեւ վերջին ճշմարտություն. «Հայր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն քո, եկեսցե արքայություն քո, եղիցի կամք քո... զի քո է արքայություն, եւ զորություն եւ փառք, հավիտյանս հավիտենից, ամեն»:

Իսկ ի՞նչ ես զգում, երբ ոչ թե մահկանացուի աղոթքը, այլ Սբ. Հակոբյանց միաբանության երգեցողությունը ոչ թե մտքում, այլ Սուրբ Հարության կամարների ներքո թեւածելով՝ երկինք է բարձրանում, որպես հայերեն պատարագ... Այբ, բեն, գիմ... Մաշտոցի երեսունվեց զինվորները, որ քայլում են դարեր ու առաջնորդում հայությանը, Աստծո կամոք ավելի զորեղ են ու հաղթական, քան աշխարհում ապրած բազում արքաներ ու ժողովուրդներ, ասպետներ ու քահանաներ, որ Սուրբ Քաղաք են եկել սրով ու բահով՝ զուր հուսալով, թե այդտեղ կթողնեն հիշատակ: Ջնջվել, կորչել են բոլորը: Իսկ Մաշտոցի զինվորները մեր միաբանների շուրթերից հնչում են Տերունական սրբավայրերում, եւ այնտեղ կասկածի նշույլ չես ունենում, որ կհնչեն հավիտյան:

Յասեր ****Արաֆաթ ****չեմ****, այլ ****Արաֆաթյան

Հին Երուսաղեմի կամ Սուրբ Քաղաքի պարիսպներից դուրս արեւմտյան հատվածը հրեական է եւ առհավետ Իսրայելի տարածք, արեւելյան հատվածն էլ արաբական է եւ վաղ կամ ուշ թերեւս կանցնի Պաղեստինի պետությանը, որն այսօր դեռ ինքնավարություն է: Իսկ ի՞նչ է լինելու Հին Երուսաղեմի ճակատագիրը:

Երբ 1947-ին ՄԱԿ-ն ստեղծում էր Իսրայելի եւ Պաղեստինի պետությունները, Երուսաղեմի համար մինչեւ Բեթղեհեմ սահմանվեց corpus separatum կարգավիճակ, ինքնավար տարածք միջազգային վերահսկողության ներքո, բայց որոշումը երբեք կյանքի չկոչվեց: 1948-ի մայիսի 14-ին հռչակվեց Իսրայելի պետությունը, հաջորդ օրը արաբական հինգ երկրներ՝ Եգիպտոսը, Սիրիան, Լիբանանը, Հորդանանը եւ Իրաքը, հարձակվեցին Իսրայելի վրա, եւ հորդանանյան բանակը մտավ Հին Երուսաղեմ՝ առաջինը ոտնահարելով ՄԱԿ-ի որոշումը: Իհարկե, պատերազմում հաղթեց Իսրայելը, նույնիսկ իր տարածքներն ընդարձակեց հակառակորդների հաշվին, բայց Հին Երուսաղեմը մնաց Հորդանանում:

Շուրջ երկու տասնամյակ հետո՝ 1967-ին, Վեցօրյա պատերազմում արդեն Իսրայելը գրավեց Հին Երուսաղեմը՝ կրկնակի ոտնահարելով ՄԱԿ-ի որոշումը: Սողոմոնի տաճարից մնացած Լացի պատի մոտ հնչեց եղջերվափողը, եւ Իսրայելի լեգենդար պաշտպանության նախարար Մոշե Դայանն արտասանեց իր հանրահայտ բառերը. «Մենք 2000 տարի հետո վերադարձանք այստեղ եւ այլեւս երբեք այստեղից չենք հեռանա»: Այն, որ Իսրայելը երբեք դուրս չի գա Սուրբ Քաղաքի Հրեական թաղամասից, հասկանալի է ամենքին: Բայց նույնքան էլ հասկանալի է, որ Իսրայելի իշխանությունն ամբողջ Սուրբ Քաղաքի հանդեպ չեն ճանաչի եւ մինչեւ ժամանակների վախճանը կվիճարկեն մյուսները: Այստեղ էլ ծագում է խնդիրը:

Սուրբ Քաղաքն ունի չորս թաղամաս, եւ, Հրեականից բացի, մյուս երեքը բարդ է բաժանել միմյանցից: Քրիստոնեական թաղամասը չի կարող անջատվել Մահմեդականից, որովհետեւ կարեւորագույն սրբատեղիներ՝ Ձիթնյաց Լեռը, Գեթսեմանիի պարտեզները, Վիա Դոլորեզեն եւ այլն, Մահմեդական թաղամասում են կամ դրա շարունակությամբ՝ պարսպից դուրս: Ի հավելումն նույն սրբատեղերի պատճառով Մահմեդական թաղամասից անբաժանելիության, Հայկական թաղամասն ավելի ծանրակշիռ պատճառով անբաժանելի է նաեւ Քրիստոնեական թաղամասից:

Հայոց, հունաց եւ լատին պատրիարքությունները Սուրբ Քաղաքում ունեն մի առաջնային կոչում, ծառայության առաքելություն՝ կրոնական ծիսակարգերի մատուցումը Տերունական սրբավայրերում: Մինչդեռ եթե Սուրբ Քաղաքում այնպիսի բաժանում լինի, որ Հայկական եւ Քրիստոնեական թաղամասերը մնան սահմանի տարբեր կողմերում, մեր միաբանական թափորը պետք է ամեն օր պետական սահման հատի Սբ. Հարության տաճար գնալու համար: Դա հնարավո՞ր է՝ անվտանգության ստուգումներ եւ այլն հաշվի առնելով: Իսկ եթե ահաբեկչական գործողություն լինի, եւ անվտանգության նկատառումներով սահմանը փակվի՞, մեր հոգեւորականներն ինչպե՞ս են այն անցնելու: Պարզից էլ պարզ է, որ Հայոց Սբ. Հակոբյանց միաբանությունը, որ Տերունական սրբավայրերի երեք իրավատերերից եւ ավագ պահապաններից մեկն է այս երկրագնդի վրա, իր իրավունքների լիարժեք իրացումը երբեք չի կարող եւ չի դնի կախման մեջ պետական, սահմանային կամ այլ կարգավորումներից: Ճիշտն ասած՝ ինքս չեմ պատկերացնում, թե որեւէ հրեա կրոնական իրավունքների, պարտականությունների արժեքը կարող է չգիտակցել այնքան, որ Հայկական թաղամասը Տերունական սրբավայրերից անջատելու միտք հղանա:

Ինձ հավատարժան չթվաց պատմությունը, թե 2000-ականների սկզբին, այն ժամանակ Իսրայելի վարչապետ Յեհուդ Բարաքը եւ Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Յասեր Արաֆաթը համաձայնության են հանգել Սուրբ Քաղաքի շուրջ, եւ իսրայելյան կողմն առաջարկել է, որ Հայկական ու Հրեական թաղամասերը մնան իսրայելյան տարածք, Քրիստոնեականի եւ Մահմեդականի վերահսկումը տրվի Պաղեստինին: Բայց ինձ դուր եկավ Արաֆաթին վերագրվող պատասխանը. «Ես Յասեր Արաֆաթ չեմ, այլ՝ Արաֆաթյան: Հայոց շահերն ինձ համար նույնն են, ինչ Պաղեստինի շահերը»: Արաֆաթի համակրանքը հայության հանդեպ միանգամայն հավատարժան է թվում: Դրա ակունքները, ասում են՝ Լիբանանում պետք Է փնտրել: Բեյրութում պաղեստինցիների ամենամեծ գաղթական ճամբարներն են, եւ Բեյրութի հայերն իրենք գաղթական լինելով՝ ճակատագրի ընդհանրություններ են տեսել պաղեստինցիների հետ ու նրանց ջերմ են վերաբերվել, ինչն էլ ձեւավորել է Արաֆաթի համակրանքը հայության հանդեպ:

Ընդսմին, Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան Այրի տաճարում ուշադրությունս գրավեց Արաֆաթի մեծադիր լուսանկարը: Տաճարի ընդարձակ հայկական հատվածում չորս լուսանկար կար՝ Թորգոմ պատրիարքի, Գարեգին Վեհափառի, Յասեր Արաֆաթի եւ, ինչպես Բեթղեհեմի մեր հոգեւոր հովիվն ասաց՝ «մեր Վսեմաշուք նախագահի՝ Մահմուդ Աբասի»: Միանգամայն արդարացի ընտրություն է: Իսկ Հայաստանի նախագահները ոչ թե հիշվելու արժանի չեն որեւէ սրբավայրում, այլ ուղղակի նզովքի են արժանի, որ «Հայաստան» կոչվող հիմնադրամ են ղեկավարում, գումարներ փոշիացնում չգիտես ինչ անմարդաբնակ գյուղերի վրա, իսկ Բեթղեհեմի հայոց եկեղեցին նիգերացի ուխտավորների նվիրատվություններով է վերանորոգվում:

Շարունակելի

Մեկնաբանություն
X