Սարգսյան-Էրդողան հեռակա երկխոսությո՞ւն

Երեկ 1915-ի հայոց ցեղասպանության թեման համաշխարհային ուշադրության կենտրոնում էր՝ ոչ այնքան Մեծ եղեռնի 99-ամյա տարելիցի, որքան այդ տարելիցի նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կատարած աննախադեպ քայլի առիթով: Երեկ, 1923-ի Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից ի վեր առաջին անգամ, Հայոց ցեղասպանության տարելիցին Թուրքիայի բարձր ղեկավարությունն անդրադառնում էր ոչ միայն հայության, այլեւ մարդկության այդ ողբերգությանը՝ հարգանքի տուրք մատուցելով հայոց զոհերի հիշատակին, հույս հայտնելով, թե նրանց հոգիները ննջում են խաղաղության մեջ, եւ Թուրքիայի ցավակցությունները փոխանցելով Մեծ եղեռնի զոհերի սերունդներին:

Էրդողանի խոսքը տարածվել է միաժամանակ ինը լեզուներով՝ թուրքերեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, իսպաներեն, ռուսերեն, արաբերեն, արեւմտահայերեն եւ արեւելահայերեն: Արեւելահայերեն թարգմանությունը անպետքություն էր, կատարված էր թերեւս համակարգչային ծրագրով: Հուսանք, սակայն, առաջիկա օրերին համարժեք թարգմանությունը հայաստանցի ընթերցողին կհասնի, քանի որ այդ խոսքը, իրոք, հանգրվանային եւ ուշադրության արժանի խոսք է:

Հայոց ցեղասպանության թեմայի հանրային արծարծումը Թուրքիայում ընդհանրապես Էրդողանի կառավարության ձեռքբերումն ու ծառայությունն է (պատահական չէ, որ Թուրքիո հայությունն ամեն ընտրությանը ձայները տալիս է հենց Էրդողանի կուսակցությանը): Երեկվա ուղերձը, սակայն, համազոր էր այդ ճանապարհին ռուբիկոն հատելուն, քանի որ պաշտոնապես հանեց խոչընդոտները եւ տաբուները Թուրքիայում Հայոց ցեղասպանության թեմայի քննարկումներից: «Ընդհանուր ցավի», «ընդհանուր անցյալի» մասին խոսքերը ոմանց կարող են գոհացնել, ոմանց դժգոհ թողնել, բայց դա ճանապարհ է բացում դեպի անցյալի քննություն, իրողությունների ճանաչում եւ անցյալի հետ հաշտեցում:

Մի նախադասություն անմոռանալի էր Էրդողանի խոսքում. «Certainly, neither constructing hierarchies of pain nor comparing and contrasting suffering carries any meaning for those who experienced this pain themselves. As a Turkish proverb goes, «fire burns the place where it falls»: «Իհարկե, ոչ վիշտը աստիճանակարգելը, ոչ կրած զրկանքները համեմատելը կամ հակադրելը որեւէ նշանակություն չունի նրանց համար, ովքեր այդ վիշտն անձամբ են կրել: Ինչպես թուրքական ասացվածքն է ասում. «Կրակն այն վայրում է այրում, որտեղ ընկնում է»: Թուրքիայի վարչապետն ինքն է ասում, որ այլոց զրկանքները ցավի ամոքում չեն:

2009-ին Ցյուրիխում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արձանագրությունների ստորագրումից ի վեր սա երկրորդ անգամ է, որ Հայոց ցեղասպանության թեման հայտնվում է համաշխարհային ուշադրության դաշտում, ի հակադրություն բոլոր մյուս տարիներին եւ դեպքերում եղած հայկական ոգեկոչումների եւ արձագանքի: Եվ ավելի քան բնական է, որ նման միջազգային ուշադրությանը եւ Թուրքիայի վարչապետի աննախադեպ քայլին Հայաստանից պետք է արձագանք հետեւեր:

Սերժ Սարգսյանը երեկ, չսպասելով ապրիլի 24-ին, ուղերձ տարածեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, որտեղ հեռակա կարգով արձագանքեց վարչապետ Էրդողանի խոսքին՝ նրան կոչելով բառերի փոխարեն քայլեր կատարելու՝ բացելու փակ սահմանը եւ հաստատելու բնականոն հարաբերություններ: Կարելի է համարել, որ արեւելահայերենով ուղերձի պատասխանն Էրդողանին տրվեց՝ հավասարակշռված եւ ճշմարիտ պատասխան:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

lusine@hraparak.am

Մեկնաբանություն
X