Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը 75 տարեկան է

Նախօրեին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեծ շուքով նշվել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի 75-ամյակը, որին, երաժշտական աշխարհի ներկայացուցիչներց բացի, ներկա են եղել նաեւ Սեյրան Օհանյանը, Ռիտա Սարգսյանը, Հասմիկ Պողոսյանը, Արմեն Սմբատյանը։ Ի դեպ, այդ օրը, դպրոցի հոբելյանից բացի, նշվել է նաեւ Արմեն Սմբատյանի մոր՝ դպրոցի վաստակավոր ուսուցիչ Տատյանա Հայրապետյանի 90-ամյակը։ Համերգին ելույթ է ունեցել դպրոցի մանկական սիմֆոնիկ նվագախումը՝ Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ, հանդես է եկել նաեւ երգչախումբը, ջազ բենդը՝ Արմեն Հյուսնունցի գլխավորությամբ։

Ինչպես նշեց դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը, եղել է 2-ժամանոց ծրագիր, որն ընդգրկել է դպրոցի ստեղծագործական ներուժը, դրանով ցանկացել են ցույց տալ, թե ինչ որակ, քանակ, ստեղծագործական պոտենցիալ ունի Չայկովսկու անվան դպրոցը։ Համերգի ընթացքում առաջին անգամ կատարվել է նաեւ դպրոցի հիմնը՝ գրված 11-րդ դասարանի սան Ալեքսանդր Հարությունյանի կողմից, ինչպես նաեւ հնչել է աուտիզմով հիվանդ երեխաներին նվիրված Ռիտա Սարգսյանի երգը։

Տնօրենի խոսքերով, քանի որ դպրոցի սաների թվում շատ անվանի երաժիշտներ կան, ովքեր այսօր ապրում եւ նվագում են աշխարհի տարբեր անկյուններում, որոնց բոլորին դժվար կլիներ նաեւ նույն օրը մի հարկի տակ հավաքել, որոշել են տոնական համերգի օրը ներկայացնել դպրոցի ներկայիս սաներին, իսկ բեմում այդ օրը հանդես է եկել դպրոցի մոտ 200 սան։

Դպրոցն այսօր միակ մասնագիտացված հանրակրթական օջախն է, որտեղ 12-ամյա կրթություն է ստանում 600 աշակերտ, միաժամանակ ստանալով 2 ատեստատ՝ հանրակրթական եւ մասնագիտական։ Կոստանդյանը նշում է, որ մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող դպրոցի թե լավ, թե վատ խնդիրներին նախարարությունը տեղյակ է, եւ ամենօրյա աշխատանք է տարվում նախարարության հետ։

Մարտուն Կոստանդյանը նշեց, որ, լինելով մասնագիտական դպրոց, միշտ ունենում են երաժշտական գործիքների խնդիր, որը տարբեր հիմնադրամների ու նախարարության կողմից կարգավորվում է. «2010-11 թթ. դպրոցն ամբողջությամբ փոխել է իր կահույքը, բայց, որպես շենք, դպրոցն ունի կապիտալ վերանորոգման խնդիր, հույս ունենք եւ աշխատում ենք այդ ուղղությամբ, որ ինչ-որ մի ժամանակ հետո այդ խնդիրը վերացվի»։

Դպրոցն անվճար սկզբունքով տրամադրում է գործիքներ լավագույն աշակերտներին, ինչպես նաեւ անապահով սաներին։ Տնօրենի խոսքերով, ուրախալի է, որ այսօր նկատվում է պահանջարկ փողային գործիքների նկատմամբ. «Դպրոցն այսօր ունի պրակտիկորեն բոլոր փողային դասարանները՝ ֆլեյտա, գաբոյ, գալարափող, տրամբոն, տուբա։ Վերակազմավորվել է կոնտրաբասի դասարանը։ Սեպտեմբերից շատ ակտիվ գործում է հարվածային գործիքների դասարանը։ Պլանավորում ենք վերակազմավորել տավիղի դասարանը։ Կահավորվել է երաժշտական գրականության դասարանը, հիմնովին վերանորոգվել է դպրոցի գրադարանը։ Դպրոցն ունի նաեւ փողային նվագախումբ, շարունակում է գործել Բալաբեկյանի կողմից ստեղծված ջութակահարների անսամբլը»։

Չնայած Չայկովսկու դպրոցի շրջանավարտների մեծ մասը հետո արդեն դառնում են Կոնսերվատորիայի ուսանողներ, բայցեւայնպես, տնօրենը նորմալ է համարում, որ դպրոցն ավարտելուց հետո ոչ բոլորն են իրենց ուսումը շարունակում որպես երաժիշտներ. «Համոզված եմ՝ այն բժիշկը, որ ավարտել է Չայկովսկու դպրոցը, միանշանակ տարբերվում է այն բժշկից, որն այս դպրոցը չի ավարտել, հենց միայն իր ձեռքերով, իր ներաշխարհով»։

Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մեկնաբանություն
X