«Թևանիկ»․ ֆիլմ՝ սիրո և պատերազմի մասին

Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Ջիվան Ավետիսյանի «Թեւանիկ» ֆիլմի պրեմիերան։ Ինչպես ռեժիսորի նախորդ՝ «Ընդհատված մանկություն» ֆիլմը, այնպես էլ «Թեւանիկը» Ղարաբաղյան ազատամարտի մասին է։ Ֆիլմում ներկայացված են 90-91 թթ․ դեպքերը։ 80 րոպե տեւողությամբ ֆիլմի սցենարն ի սկզբանե գրվել է Առնոլդ Աղաբաբովի կարճամետրաժ ֆիլմի համար, բայց, չխախտելով Աղաբաբովի դրաման, ֆիլմի սցենարիստներ Ջիվան Ավետիսյանն ու Կարինե Խոդիկյանն առաջ են քաշել եւս 2 հերոսի ճակատագիր։

Ֆիլմի գլխավոր հերոսները 14 տարեկան 3 պատանիներ են՝ Արամը, Աստղիկը, Թեւանիկը, որոնք ֆիլմը բաժանում են 3 մասի։ Ու թեեւ հերոսներն ու նրանց պատմությունները տարբեր են, բայց պատմությունը մեկն է՝ պատերազմը քանդել ու բաժանում է ընտանիքներ, իսկ կռվից վախենում են բոլորը՝ թե նրանք, ովքեր խրամատում են, թե նրանք, ովքեր փախուստի ճանապարհն են բռնում։ Չնայած գլխավոր հերոսները պատանիներ են, բայց ֆիլմը դիտելիս այն զգացողությունն ես ունենում, որ հավասարապես հերոս են բոլորը՝ կորած հրամանատարը, զինվորներին օգնող գյուղացի պապիկները, բաքվեցի կնոջ պատճառով գյուղի կողմից մերժված Արամի հայրը, ծեր ծնողներին կիսադատարկ գյուղում թողած ու «թյորքից» փախչող գյուղի սափրիչը։ Ֆիլմում ներգրավված են 30-ից ավելի դերասաններ, որոնց թվում են Սոս Ջանիբեկյանը, Կարեն Ջհանգիրովը, Արթուր Մանուկյանը, Արա Սարգսյանը, Բաբկեն Չոբանյանը, Սաթենիկ Հախնազարյանը, Գրիգոր Գաբրիելյանը:

Ֆիլմում, որպես այդպիսին, շատ չեն կռվի տեսարանները՝ բացառությամբ մի քանի մասսայական տեսարանի, ակնհայտ է նաեւ, որ ռեժիսորը խնդիր էլ չի դրել պատերազմի մասին խոսել կռվի լեզվով։ Փոխարենը տեսնում ես լուրջ հոգեբանական խաղ, այդ առումով հատկանշական է հատկապես Արթուր Մանուկյանի խաղը, ով իր քչախոս դերի միջոցով լավագույնս կարողացել է փոխանցել ու հոգեբանորեն բացել միանգամից 2 կռվի առաջ կանգնած ընտանիքի հոր կերպարը. աննկարագրելի է, երբ մի կողմից ստիպված ես կռիվ տալ արտաքին թշնամու դեմ, մյուս կողմից՝ ներքուստ պայքարել այն սիրո ու մերժումի դեմ, որ բախվում ես պատերազմի հետեւանքով։

Ընդհանրապես, պատերազմի ու սիրո թեման զուգահեռաբար են ընթանում ֆիլմում։ Դա սերն է, որ ապրեցնում է բոլորին եւ ուժ տալիս պատերազմի դաշտում, դա սերն է նաեւ, որ Թեւանիկին ստիպում է ժամանակից շուտ դառնալ տղամարդ, հետեւել հրամանատարին ու ստանալ կռվի դաշտում համբերելու, թշնամուն դեմքով ճանաչելու, ապրելու եւ կռվելու առաջին դասերը։ Ֆիլմի վերջաբանն ավելի քան տպավորիչ է. ահա նա՝ վախից դողացող ձեռքերով 14-ամյա պատանին կանգնած է թշնամու առաջ, մատը ձգանին՝ ամեն րոպե պատրաստ կրակելու, բայց ի՞նչ անես, երբ հանկարծ տեսնում ես, որ հրամանատարիդ սպանած թշնամին ոչ թե հուժկու մի մարդասպան է, այլ ջրվեժի տակ լողացող՝ իր մերկությամբ ու գեղեցկությամբ քեզ հմայած մի աղջիկ։ Ահա այստեղ է, որ ռեժիսորն իրար դեմ կռվող թշնամիների թեման կտրում է պատերազմի կոնտեքստից ու բարձրացնում համամարդկային մակարդակի, երբ տեսնում ես, որ դեմառդեմ կանգնած են ոչ թե թշնամիներ, այլ մի տղա ու մի աղջիկ։ Կհաղթես, թե կպարտվես թշնամուդ մեջ մարդ տեսնելով, դա արդեն այլ հարց է, որն անլուծելի է թե ֆիլմում, թե կյանքում։

Գոնե իմ դեպքում անհնար էր «Թեւանիկը» դիտել ու մտովի, անգամ ենթագիտակցորեն այն չհամեմատել «Ընդհատված մանկության» հետ։ Մի բան միանշանակ է, որ «Թեւանիկն» իր ռեժիսորական աշխատանքով առավել էր։

Ընդհանրությունը 2 ֆիլմերում էլ մեկն է. գլխավոր հերոսները երեխաներ են, բայց եթե առաջին ֆիլմում դա 6-7 տարեկան աղջնակ է, ում մանկությունն ընդհատվում է Ղարաբաղյան պատերազմով, ապա «Թեւանիկում» դրանք 14 տարեկան պատանիներ են, ովքեր արդեն ապրում են պատերազմը, ինչպես իրենց առօրյան։ Երկու ֆիլմերում էլ թե թեման, թե հերոսները պատահական չեն, ծնվելով Ղարաբաղում ու պատերազմի տարիներին լինելով 9-10 տարեկան, Ջիվան Ավետիսյանն ինքն իր մաշկի վրա է զգացել ընդհատված մանկության ու պատերազմի ազդեցությունը, այլ կերպ ասած՝ դա հենց ռեժիսորի ընդհատված մանկությունն է, պատերազմն իր աչքերով տեսած պատանու կյանքը։ Գուցե հենց դրանով է պայմանավորված «Թեւանիկի» հաջողությունը, որովհետեւ անհնար է հուզել ու համոզել հանդիսատեսին, եթե մոտիկից չես ճանաչում այն, ինչի մասին պիտի պատմես։

Նշենք նաեւ, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ լիտվական «Արտբոքս» կինոընկերության համատեղ արտադրության «Թեւանիկ» ֆիլմը մայիս ամսին կներկայացվի Կաննի կինոշուկայում, իսկ մինչ այդ ֆիլմը կարելի է դիտել «Մոսկվա» կինոթատրոնի էկրանին։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X