Նազարբաևը ջրեց և´ Մաքսային միությունը, և´ ԵՏՄ-ն

Ինչպես հայտնի է, վաղը Ղազախստանի մայրաքաղաքում Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը եւ Ղազախստանը կստորագրեն Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հիմնադրման պայմանագիրը: 2015-ի հունվարի 1-ից պայմանագիրը կմտնի գործողության մեջ եւ այդպիսով ասպարեզից կվերանա Մաքսային միություն կոչվող խառնաշփոթը:

Բարեբախտաբար, վաղը Աստանայում ԵՏՄ պայմանագրի ստորագրումով ամիսներ տեւած ողջ ջուր ծեծոցը Հայաստանի՝ իբր Մաքսային միությանը միանալու շուրջ ընթացող բանակցությունների մասին կավարտվի: Սեղանին կլինի հստակ պայմանագիր, որտեղ Հայաստանը ոչինչ չի կարող ոչ բանակցել, ոչ փոխել՝ պետք է կամ միանա ԵՏՄ պայմանագրին կամ չմիանա:

Իհարկե ԵՏՄ-ին չմիանալը արդեն ոչ դժվարություն է, ոչ էլ խնդիր, բայց առանձնակի հաճելին այն է, որ Ղազախստանի նախագահը երկու ոտքը մեկ կոշիկում դրած եւ օգտվելով Ռուսաստանի միջազգային մեկուսացման, դատապարտման եւ տնտեսության վատթարացման իրադրությունից, այնպես է վերաձեւել վաղը ստորագրվող ԵՏՄ պայմանագիրը, որ ԱՊՀ-ի պայմանագրի կարգի մի թղթի կտոր է դարձրել:

Աստանայի գագաթաժողովի նախօրյակին, մայիսի 27-ին նախագահ Նազարբաեւը խորհրդակցություն է անցկացրել, որի մասին ի լուր աշխարհի հայտարարվել է Ղազախստանի նախագահի նստավայրից ՝ Ակորդայից: Համաձայն Ակորդայի հաղորդագրության, Նազարբաեւին զեկուցվել է, որ Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը ընդհանուր առմամբ կազմված է 4 մասից, 28 բաժնից, 118 հոդվածից եւ 32 հավելվածից:

«Պայմանագիրն անցել է անկախ մասնագիտական փորձաքննություն: Ղեկավարվելով Ձեր դիրքորոշմամբ եւ հանձնարարականներով, պայմանագրի շուրջ աշխատանքների ընթացքում պայմանագրից հանվել են բոլոր ոչ-տնտեսական դրույթները: Բանակցությունների ընթացքում մենք պնդել ենք անթույլատրելիությունը՝ միությունը քաղաքականացնելու եւ դրա շրջանակում ազգային իրավասությանն ու պետական ինքնիշխանությանն առնչվող հարցեր քննարկելու: Ցանկանում եմ եւս մեկ անգամ հաստատել, որ Ձեր բոլոր հրահանգները եւ մոտեցումները իրագործվել են, պայմանագրի նախագիծը համաձայնեցվել է կողմերի միջեւ եւ պատրաստ է ստորագրման»,- զեկուցել է Ղազախստանի փոխվարչապետը: (- Проект Договора прошел через экспертизу независимых специалистов. Руководствуясь Вашей позицией и поручениями, при работе над проектом Договора были исключены неэкономические положения. В ходе переговоров мы отстояли позицию о недопустимости политизации союза и обсуждения в его рамках вопросов национальной компетенции и государственного суверенитета. Хочу еще раз подтвердить, что все Ваши указания и установки реализованы, проект Договора согласован сторонами и готов к подписанию, - сказал Б.Сагинтаев).

Ղազախստանի ԱԳ նախարարն էլ իր հերթին զեկուցել է, որ Պայմանագրի ինստիտուցիոնալ մասում ամրագրված են յուրաքանչյուր անդամ-երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ քաղաքական համակարգի յուրահատկությունները հարգելու եւ որոշումները կոնսենսուսով ընդունելու սկզբունքները: «Առանձնապես կարեւոր է այն, որ տվյալ համաձայնագիրը չի խոչընդոտում այլ միջազգային պայմանագրերի միանալուն: Ինստիտուցիոնալ հատվածի բոլոր խնդրահարույց հարցերը լուծված են»,- զեկուցել է ԱԳ նախարարը: (Особо важным представляется то, что данный Договор не препятствует заключению других международных договоров. Все возникшие вопросы по институциональной части устранены, - сказал Е.Идрисов).

Դե ինչ, մնում է արեւշատություն եւ նորանոր հաղթանակներ մաղթել Ղազախստանի նախագահին, ով այնքան վճռական եւ հաստատուն կերպով ՌԴ նախագահին կանգնեցրեց ճիշտ ուղու վրա՝ հարկադրելով Մոսկվային հաշտվել լոկ տնտեսական համագործակցության հեռանկարի հետ եւ հուղարկավորելով ԽՍՀՄ-2 վերստեղծելու «ռուսական աշխարհի» բոլոր հույսերը:

Այսպիսով, խորհրդային չարիքի կայսրությունը վերակենդանացնելու վերջին փորձերը մարեցին Արեւմուտքի առաջնորդության, Ուկրաինայի պայքարի եւ Ղազախստանի նախագահի անձնական դերակատարության շնորհիվ:

Լուսինե Պետրոսյան

Մեկնաբանություն
X