Ինչու պետք է կարդալ

Գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանն առաջարկում է կարդալ Համլետ Դավթյանի «Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը» գիրքը

«Մեզ անծանոթ

Վարդանանց պատերազմը»

Նոր եմ ավարտել Բոնապարտի կյանքի խիստ վարագուրված մի դրվագի մասին պատմող «Դուք ինձ չեք ճանաչում. իմ անունն է Բոնապարտ» վիպակս, այնպես որ, երկար ժամանակ սեղանիս Ֆրանսիայի այդ շրջանի մասին պատմող կենսագրական գրքեր էին: Բայց գիրքը, որի մասին ուզում եմ խոսել, մեր պատմության մասին է: Գրող լինելուց զատ, նաեւ քաղաքական վերլուծաբան եմ, ու ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչ է կատարվում մեր հետ հիմա եւ ինչու: Անտիկ շրջանի մասին երեք վեպ եմ գրել ու այդ շրջանի տղամարդուն շատ լավ գիտեմ: Գիտեմ նաեւ, թե ինչպիսին է եղել այդ շրջանի հայը: Եվ ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչ հանգամանքներում հայն այլափոխվեց այսպես, որ ունի նման խառնափնթոր պետություն: Այն, ինչ պատահել է մեզ 1000 թվից այս կողմ, ակնհայտ է: Բայց ինձ նաեւ հայտնի էր, որ իրական հայը 1000 թվից այս կողմ չի եկել: Ի՞նչ եղավ հին շրջանի խրոխտ հայը:

«Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ» վեպի վրա աշխատելիս պարզեցի իմ համար, թե ինչեր էին եղել մինչեւ 5-րդ դարը: Բայց 5-րդ դարի հայը դեռ քաջարի էր, հայրենիքի նվիրյալ: Ուրեմն այն, ինչ եղել է, եղել է 6-10-րդ դարերում: Իսկ ի՞նչ էր պատահել, որ այդ շրջանը ճակատագրական եղավ մեր ազգի համար: Այս հարցի պատասխանը դուք չեք գտնի մեր ակադեմիական պատմաբանների մոտ: Եվ ահա, հանգամանքների բերումով ընթերցեցի Համլետ Դավթյանի «Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը» գիրքը եւ ստացա այդ հարցի պատասխանը: Մեր պատմագրությունը չի արտացոլում մեր ժողովրդի անցած իրական ճանապարհը, եւ այդ պատճառով էլ մենք հիմա այս վիճակում ենք: Պատկերացրեք մի մարդու, ով չիմանա իր կենսագրությունը: Ինչպես կվերաբերվե՞ք դուք նրան: Բայց ահա մենք, մի ողջ ժողովուրդ, չգիտենք մեր ազգի կենսագրությունը: Թե ինչու է այդպես ստացվել, կարծում եմ՝ կարելի է կռահել:

Ես բոլոր նրանց, ովքեր ուզում են հասկանալ, թե ովքեր են եղել իրենց նախահայրերը, թե որքան խրոխտ, քաջարի են եղել նրանք, առաջարկում եմ կարդալ այդ գիրքը: Ես բոլոր նրանց, ովքեր ուզում են հասկանալ, թե ինչու ենք մենք այսօր այսպիսին, ե՞րբ տեղի ունեցավ խաթարումը, ինչո՞ւ ենք այսպես հեշտությամբ արտագաղթում, ինչո՞ւ ենք համակերպվող, առաջարկում եմ կարդալ այդ գիրքը:

Մեկնաբանություն
X