Պուտինը մոտեցավ վերջնագծին

Առաջիկա ուրբաթը՝ 2014թ. հունիսի 27-ը, բոլոր հիմքերն ունի Արեւելյան Եվրոպայի ազատագրման եւ Միացյալ Եվրոպայի կերտման տարեգրությունում նշանավոր օրերից մեկը համարվելու: Այս օրը մոտեցրեց Ուկրաինայի ժողովուրդը իր նվիրական պայքարի եւ շուրջ երեք հարյուր նահատակների կյանքի գնով: Այս օրն իրականություն դարձրեց Եվրոպան, աննախադեպ համախմբումով, միասնականությամբ եւ եվրոպական մարցամաքը, արժեքներն ու դրվածքները ռուսական բարբարոսությունից պաշտպանելու վճռականությամբ:

Հունիսի 27-ին Ուկրաինան, Մոլդովան եւ Վրաստանը կստորագրեն Ասոցացման համաձայնագրերը Եվրոպական Միության հետ, հուսանք՝ առհավետ հեռանալով չարիքի կայսրությունից, ինչպիսին Խորհրդային Միությունն էր, եւ ինչպիսին դառնալու ոչ քիչ նախադրյալներ է կուտակել մերօրյա Ռուսաստանի Դաշնությունը:

Բայց հունիսի 27-ը կարեւոր ռուբիկոն է նաեւ Ռուսաստանի համար:

Այս շաբաթվա սկզբից ի վեր երեք նախազգուշացում արվեց Ռուսաստանին առ այն, որ կամ Ռուսաստանը եւ նախագահ Պուտինը պետք է դադարեցնեն ռուս-ուկրաինական սահմանով զենք-զինամթերք եւ քրեական մարդուժ տրամադրելը Դոնեցկի եւ Լուգանսկի պրոռուս անջատողականներին, կամ էլ ի պատասխան Ուկրաինայում իրադրությունը ապակայունացնելու Մոսկվայի քաղաքականության՝ վերջապես Ռուսաստանի դեմ ոլորտային տնտեսական պատժամիջոցները կյանքի կկոչվեն:

Երկուշաբթի այդ մասին հայտարարեց Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը՝ Բրյուսելում գումարվող ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստից առաջ: Նիստից հետո լեդի Էշթոնը հայտարարեց ԵՄ 28 արտգործնախարարների դիրքորոշումը՝ անցնել Ռուսաստանի դեմ երրորդ փուլի սանկցիաներին, եթե Մոսկվան առաջիկա օրերին գործով չսատարի Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի խաղաղության ծրագրին եւ չդադարեցնի աջակցությունն Ուկրաինայի անջատողականներին: Վերջապես, նույն երկուշաբթի օրը նախագահ Օբաման է հեռախոսազրույց ունեցել ՌԴ նախագահի հետ՝ դարձյալ հիշեցնելով վերհաս պատժամիջոցների մասին, եթե Մոսկվան չաջակցի իրադրության լիցքաթափմանն Ուկրաինայի հարավում:

Բոլոր այդ ճնշումների արդյունքը երեկ հայտնի դարձավ: Նախագահ Պուտինը երեկ դիմեց Պետդումայի Վերին պալատին, որպեսզի վերջինս չեղյալ հայտարարի ՌԴ նախագահի դիմումի հիման վրա 2014թ. մարտի 1-ին կայացրած որոշումը, որով արտոնվում էր Ուկրաինայում ռուսական զինուժ կիրառել: Հիմա, երբ պարզից էլ պարզ է, որ դա հնարավոր չէ անել առանց Ուկրաինայի հետ երկարատեւ պատերազմի մեջ ներքաշվելու եւ Ռուսաստանի տնտեսությունը վերջնականապես քանդելու, Վլադիմիր Պուտինը որոշել է պաշտոնապես դադարեցնել մարտի 1-ի որոշման գործողությունը՝ դա մատուցելով իբրեւ բարի կամքի ժեստ: Ժեստը ողջույնների է արժանացել Կիեւում եւ եվրոպական մայրաքաղաքներում: Խնդիրը, սակայն, ժեստերը չեն, այլ պրոռուս հանցագործների գործունեությունը դադարեցնելը Դոնեցկում եւ Լուգանսկում:

Որքան էլ նախագահ Պուտինը հեքիաթներ պատմի, թե ոչ ինքը, ոչ իր կառավարած երկիրը կապ չունեն Ուկրաինայում ծագած եւ հանգուցալուծում չգտնող ներքին ճգնաժամի հետ, այդպես կարող է հիմարեցնել միայն սեփական քաղաքացիներին: Մնացյալ աշխարհի համար ռուսական ստահոդ քարոզչությունը քիչ արժեք ունի: Աշխարհը Մոսկվայից սպասում է իրական քայլերի, այլապես Ռուսաստանը պետք է աշխարհից սպասի իր տնտեսության համար ծանրագույն հարվածների թիրախային ոլորտներում: Տեսնենք, թե ում սպասումները կարդարացնի ընթացիկ շաբաթը:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

lusine@hraparak.am

Մեկնաբանություն
X