Նազարբաեւը եւ Ռուսաստանի շնչահեղձությունը

Գարնանը ՌԴ նախագահի ուղիղ եթերում ընթացող մի ասուլիսի ժամանակ (այն նույն ասուլիսի, երբ Պուտինը հայտարարել էր, թե սկզբում նախկին կնոջը՝ Լյուդմիլա Ալեքսանդրովնային պիտի ամուսնացնի, հետո իր մասին կմտածի) նաեւ երկրորդ հիշվող դրվագ էր եղել: Ոչ անհայտ Դմիտրի Կիսիլյովը թատերական դիմախաղով եւ կեցվածքներով հարցրել էր, թե ՆԱՏՕ-ն դեռ որքա՞ն է առաջանալու, ինքը տանը նստած շնչահեղջ է լինում՝ սկզբում ՆԱՏՕ-ն հաստատվեց Վարշավյան պակտի երկրներում, հետո Վրաստանում ազդեցություն տարածեց, հիմա Ուկրաինայում է հաստատվում. “Նրանք մոտենում են մեր սահմաններին, նրանք մեզ խեղդելու են”,- բացականչել էր Կիսիլյովը:

Պուտինն էլ այդ հիմարին երկրորդելով, ասել էր. “Нас никто не задушит, это мы задушим всех”: Հետո որպեսզի դրությունը փրկի, շարունակել էր, թե պրն. Կիսիլյով, Դուք Ձեզ հատուկ թատերականությամբ այնպիսի մռայլ պատկեր գծեցիք, իրականում այդպես չէ, եւ այլն: Չգիտեմ Կիսիլյովը հիմա ողջ է թե ոչ, բայց պետք է որ շատ ավելի մտահոգ եւ շնչահեղձությանը մոտեցած լինի, որովհետեւ հուլիսի 1-ից Ռուսաստանի շուրջ ճնշման ոչ միայն երկրորդ այլեւ երրորդ օղակն է հաստատվում:

Առաջին, ամենատեսանելի օղակը Ռուսաստանի դեմ Արեւմուտքի տնտեսական պատժամիջոցներն են, որ կարող են այդ երկիրը մեկուսացնելով իրոք բենզալցակայանի վերածել, ինչպես ամերիկյան կոնգրեսականներն են սովորություն դարձրել ասել: Երեկ ԵՄ-ից Ռուսաստանին տրված վերջնաժամկետը լրացավ, Ռուսաստանը որոշ պահանջներ կատարել էր, մասնավորապես ԵԱՀԿ բոլոր պատանդները Լուգանսկում եւ Դոնեցկում ազատ էին արձակվել: Բայց պրոռուս անջատողականները կրակը չէին դադարեցրել, սահմանային երեք անցակետերից մեկն էր վերադարձվել Ուկրաինայի վերահսկողությանը եւ այլն: Մի խոսքով արվել էին կիսաքայլեր, բայց դրանց ի տես Բրյուսելում ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները երեկ որոշել են տնտեսական պատժամիջոցների հաստատումը հետաձգել մեկ շաբաթով:

Միեւնույն ժամանակ Ուկրաինայի նախագահը, անսալով հասարակության արդարացի պահանջին, հունիսի 30-ից հետո այլեւս չերկարաձգեց հրադադարի ռեժիմը: Ուկրաինական ուժերը երեկ մի քանի ուղղությամբ հարձակման էին անցել Դոնեցկում եւ Լուգանսկում: Որքան կարելի է հասկանալ՝ առաջիկա օրերին մարդասիրական միջանցք է բացվելու, որպեսզի խաղաղ բնակչությունը դուրս գա ռազմական բախումների գոտուց, իսկ պրոռուս ահաբեկիչներն ու անջատողականները չեզոքացվեն: Աֆղանական պատերազմի ավարտից քառորդ դար հետո կրկին ցինկե դագաղներով աճյուններ են գնում Ռուսաստան: Միայն թե այս անգամ զոհերը զորակոչված պատանիներ չեն, այլ հավաքագրված հանցագործներ, որոնց աճյուններին երբեմն նույնիսկ տեր չի գտնվում: Ուկրաինայի հետ խնդիրները երկրորդ օղակն է, որ սեղմում է Ռուսաստանի պարանոցը օբյեկտիվ խնդիրներով եւ տեւական հետեւանքներով:

Վերջապես երրորդ օղակը Ռուսաստանի վզին անցկացնում է Ղազախստանի նախագահը: Նորսուլթան Նազարբաեւը, որին ԽՍՀՄ փլուզումից հետո արեւմտյան մամուլը կոչում էր “կարմիր սուլթան”, իրոք արդարացնում է կոչումը: Բավական չէ, որ փայլուն վերջակետ դրեց ԽՍՀՄ-2 վերականգնելու պուտինյան ցնորամտությանը, բավական չէ, որ ԵՏՄ-ն վերածեց լոկ տնտեսական կառույցի՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպության չափանիշներին եւ պահանջներին ստորադասված, հիմա էլ Ուկրաինայի դեմ տնտեսական արգելքներ կիրառելու Պուտինի ջանքերն է ի դերեւ հանել: Ռուսաստանի շարժումները այժմ պետք է հարմարվեն երեք օղակների իրողությանը՝ Արեւմուտքի պատժամիջոցների, Ուկրաինայի ռազմական դիմադրության եւ Նազարբաեւի տնտեսական թելադրանքի, որը չգիտես ավելի Չինաստանի հետ է համաձայնեցվում, թե Արեւմուտքի:

Եվ այս օղակները ճեղքելու անկարող Պուտինը դեռ հույսեր է տածում, թե Հայաստանը կարող է անդամակցել ԵՏՄ-ին: Գոնե գիտակցությունը այնքան սթափ լիներ, որ ԵՏՄ պայմանագիրը կարդար: Այդ ժամանակ ՌԴ նախագահը կգիտակցեր, որ Նազարբաեւը եւ Լուկաշենկոն վաղուց եւ վերջնականապես փակել են ԵՏՄ անդամակցության թեման: Դա հնարավոր չէ իրավաբանորեն, համաձայն Աստանայում ստորագրված տեքստի: Իսկ այդ տեքստը փոխելն էլ Պուտինի բոլոր հնարավորություններից է վեր: Խոսքը որոշակի պայմաններով, իբրեւ երրորդ կողմ, ԵՏՄ պայմանագրին միանալու մասին է: Դա էլ՝ եթե լինի:

Լուսինե Պետրոսյան

Մեկնաբանություն
X