ԵՏՄ գործընթացը գրվեց սառույցին

Դեռ 2013-ի սեպտեմբերի 3-ից հասկանալի էր, որ Մաքսային Միությանը, հետագայում էլ ԵՏՄ-ին միանալու Հայաստանի իբր ցանկությունը եւ դրա իրագործման գործընթացը դասական բլեֆ է: Այդ բլեֆը հաստատվեց հետագա բոլոր հանգրվաններում, երբ Մաքսային եռյակն իր հավաքներում ամեն անգամ նշում էր Հայաստանի անունը, ռուսական կամ պրոռուսական քարոզչամեքենան Հայաստանում օրնիբուն դատարկախոսում էր Հայաստանի՝ ՄՄ-ին կամ ԵՏՄ-ին միանալու միասին, իսկ գործնականում այդ ուղղությամբ գոնե մի չոփ տեղից չէր շարժվում: Համարյա՝ ինչպես կոմունիզմի կառուցումը ԽՍՀՄ-ում:

Սակայն, ինչպես ժամանակին ԽՍՀՄ-ն ու կոմունիզմը փլուզվեցին, այնպես էլ երեկ ՄՄ-ին կամ ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին հորինվածքը վերջացավ: Երեկ միակ լուրջ եւ կշիռ ունեցող անձը ՄՄ-ում կամ ԵՏՄ-ում՝ Ղազախստանի նախագահը, հրապարակավ Վլադիմիր Պուտինին բացատրեց, որ Հայաստանն ինչ-որ թղթեր ԵՏՄ-ի հետ կարող է, հնարավոր է, միգուցե, չի բացառվում ստորագրի 2014-ի հոկտեմբերին: Նազարբաեւն անձամբ չէր խոսել, Ղազախստանի ԱԳ նախարարն էր Twitter ցանցում գրառում թողել: Բայց զրոյական հավանականություն է, թե Աստանայում Պուտինի նախօրեի հայտարարությանը տեղյակ չէին (Պուտինը հույսեր ուներ, թե Հայաստանը մոտ ապագայում կանդամակցի ԵՏՄ-ին, երբ այդ կառույցին անդամակցելու մեխանիզմ գոյություն չունի) եւ հենց Պուտինի դեմքին չէին շրխկացնում նոր ժամկետը: Առավել եւս անհավանական է, թե դա արվում էր առանց նախագահ Նազարբաեւի ցուցումի:

Եվս մեկ պատճառ՝ վերստին արեւշատություն, կորով ու նորանոր հաջողություններ մաղթելու Նուրսուլթան Նազարբաեւին, ով կամա, թե ակամա Հայաստանի համար այսօր անում է ավելին, քան որեւէ այլ երկրի նախագահ, այդ թվում՝ Հայաստանի: Բայց դա դեռ կես-գործն է: Առավել դուրեկանն այն է, որ Նազարբաեւը միջազգային մեկուսացման մեջ հայտնված Ռուսաստանի վզին է նոր օղակ անցկացնում:

Գարնանը ՌԴ նախագահի ուղիղ եթերում ընթացող մի ասուլիսի ժամանակ (այն նույն ասուլիսի, երբ Պուտինը հայտարարել էր, թե սկզբում նախկին կնոջը՝ Լյուդմիլա Ալեքսանդրովնային պիտի ամուսնացնի, հետո իր մասին կմտածի) ոչ անհայտ Դմիտրի Կիսելյովն էր թատերական դիմախաղով եւ կեցվածքներով հարցրել, թե ՆԱՏՕ-ն դեռ որքա՞ն է առաջանալու, ինքը տանը նստած շնչահեղձ է լինում՝ սկզբում ՆԱՏՕ-ն հաստատվեց Վարշավյան պակտի երկրներում, հետո Վրաստանում ազդեցություն տարածեց, հիմա Ուկրաինայում է հաստատվում: «Նրանք մոտենում են մեր սահմաններին, նրանք մեզ խեղդելու են»,- բացականչել էր Կիսելյովը:

Պուտինն էլ, այդ հիմարին երկրորդելով, ասել էր. «Нас никто не задушит, это мы задушим всех»: Հետո, որպեսզի դրությունը փրկի, շարունակել էր, թե պրն. Կիսելյով, Դուք Ձեզ հատուկ թատերականությամբ այնպիսի մռայլ պատկեր գծեցիք, իրականում այդպես չէ, եւ այլն: Չգիտեմ՝ Կիսելյովը հիմա ողջ է, թե ոչ, բայց պետք է որ շատ ավելի մտահոգ եւ շնչահեղձությանը մոտեցած լինի, որովհետեւ այժմ Ռուսաստանի շուրջ ճնշման երկրորդ եւ երրորդ օղակն է հաստատվում:

Առաջին եւ ամենատեսանելի օղակը Ռուսաստանի դեմ Արեւմուտքի տնտեսական պատժամիջոցներն են, որ կարող են այդ երկիրը մեկուսացնելով իրոք բենզալցակայանի վերածել, ինչպես ամերիկյան կոնգրեսականներն են սովորություն դարձրել ասել: ԵՄ-ից Ռուսաստանին տրված վերջնաժամկետը հուլիսի 1-ին լրացավ, Ռուսաստանը որոշ պահանջներ կատարել էր, մասնավորապես ԵԱՀԿ բոլոր պատանդները Լուգանսկում եւ Դոնեցկում ազատ էին արձակվել: Բայց պրոռուս անջատողականները կրակը չէին դադարեցրել, սահմանային երեք անցակետերից մեկն էր վերադարձվել Ուկրաինայի վերահսկողությանը եւ այլն: Մի խոսքով, արվել էին կիսաքայլեր, բայց դրանց ի տես՝ Բրյուսելում ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները հուլիսի 1-ին որոշեցին տնտեսական պատժամիջոցների հաստատումը հետաձգել մեկ շաբաթով:

Միեւնույն ժամանակ Ուկրաինայի նախագահը, անսալով հասարակության արդարացի պահանջին, հունիսի 30-ից հետո այլեւս չերկարաձգեց հրադադարի ռեժիմը: Ուկրաինական ուժերն անցան հարձակման Դոնեցկում եւ Լուգանսկում: Առաջիկա օրերին մարդասիրական միջանցք է բացվելու, որպեսզի խաղաղ բնակչությունը դուրս գա ռազմական բախումների գոտուց, իսկ պրոռուս ահաբեկիչներն ու անջատողականները չեզոքացվեն: Աֆղանական պատերազմի ավարտից քառորդ դար հետո կրկին ցինկե դագաղներով աճյուններ են գնում Ռուսաստան: Ուկրաինայի հետ խնդիրները երկրորդ օղակն է, որ սեղմում է Ռուսաստանի պարանոցը օբյեկտիվ խնդիրներով եւ տեւական հետեւանքներով:

Վերջապես երրորդ օղակը Ռուսաստանի վզին անցկացնում է Ղազախստանի նախագահը: Նուրսուլթան Նազարբաեւը, որին ԽՍՀՄ փլուզումից հետո արեւմտյան մամուլը կոչում էր «կարմիր սուլթան», իրոք արդարացնում է կոչումը: Բավական չէ, որ փայլուն վերջակետ դրեց ԽՍՀՄ-2 վերականգնելու պուտինյան ցնորամտությանը, բավական չէ, որ ԵՏՄ-ն վերածեց լոկ տնտեսական կառույցի՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպության չափանիշներին եւ պահանջներին ստորադասված, հիմա էլ Ուկրաինայի դեմ տնտեսական արգելքներ կիրառելու Պուտինի ջանքերն ի դերեւ հանեց եւ ԵՏՄ-ին Հայաստանի միանալու գործընթացը գրեց սառույցին: Ռուսաստանի շարժումներն այժմ պետք է հարմարվեն երեք օղակների իրողությանը՝ Արեւմուտքի պատժամիջոցների, Ուկրաինայի ռազմական դիմադրության եւ Նազարբաեւի տնտեսական թելադրանքի, որը չգիտես՝ ավելի Չինաստանի հետ է համաձայնեցվում, թե Արեւմուտքի, բայց ավելի քան համապատասխանում է Հայաստանի շահերին:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

lusine@hraparak.am

Մեկնաբանություն
X