Լինելու է ԵՄ-Հայաստան նոր համաձայնագիր

Հարցազրույց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ն. Գ. Տրայան Հրիստեայի հետ

Սկիզբը՝ նախորդ համարում

- Պրն դեսպան, ապագա Հայաստան-ԵՄ համաձայնագրի մասին կան խոսակցություններ, անգամ վերնագրեր են շրջանառվում: Ոմանք ասում են, որ դա լինելու է «Ասոցացման համաձայնագիր Light» (AA Light), այլոք խոսում են «Գործընկերության եւ համագործակցության hամաձայնագիր Plus»-ի (PCA Plus)-ի մասին, ուրիշները կարծում են, որ վաղ կամ ուշ Մաքսայինի հետ զավեշտախաղը կավարտվի, եւ հենց բանակցված Ասոցացման համաձայնագիրը կստորագրվի: Այդ փաստաթղթերից եւ վերնագրերից ո՞րն է առավել հավանական:

  • Այստեղ ես ձեռնպահ կմնամ որեւէ ենթադրություն հայտնելուց: Ձեռնպահ կմնամ անգամ վերնագրերի վերաբերյալ ենթադրությունից, հաշվի առնելով նրբությունները, որ վերնագրերից յուրաքանչյուրը կրում է:

    Չնայած Ասոցացման համաձայնագրին (ներառյալ ԽՀԱԱԳ-ն) հետամուտ լինելու հնարավորություն չունենալուն, Եվրոպական Միությունը պատրաստ է Հայաստանի հետ իր հարաբերություններն առաջ տանելու՝ եւ քաղաքական, եւ տնտեսական: Մենք կարող ենք շարունակել զարգացնել այն, ինչին մինչեւ հիմա հասել ենք՝ ճշտելով ապագա համագործակցության հնարավորությունները եւ հավակնությունները, ելնելով Հայաստանի ապագա հանձնառություններից, որ կբխեն ԵՏՄ-ին մասնակցությունից:

Մենք խորհում ենք ԵՄ-Հայաստան հարաբերությունների ապագա իրավական հիմքի (համաձայնագրի) շուրջ եւ Հայաստանի հետ շուտով կսկսենք լրջորեն մտածել այդ ուղղությամբ: Մենք համագործակցության առումով չենք որոշելու ԻՆՉ-ը, այլ ԻՆՉՊԵՍ-ը:

Այն, ինչ այս պահին կարելի է վստահորեն ասել՝ լինելու է նոր փաստաթուղթ, որը կփոխարինի ԵՄ-Հայաստան համագործակցության ներկա իրավական հիմքին՝ «Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին» (Partnership and Cooperation Agreement): Թե Հայաստան-ԵՄ հարաբերությունների այդ նոր կարգավորող հիմքն ինչ անվանում եւ բովանդակություն կունենա՝ դեռ պետք է տեսնենք:

Խնդիրն այն է, թե ամբողջ ԵՄ-Հայաստան համագործակցությունն ինչպես է իրականացվելու, ինչ կարգավորող հիմքով: Նոր համաձայնագիրը՝ ինչպես էլ այն կոչվի, ինչ բովանդակություն էլ ունենա, գործադրման մեխանիզմներ է պարունակելու, Հայաստան-ԵՄ համագործակցության կարգավորող մեխանիզմ:

ԱլԳ-Ն ԱՌԱՋ Է ՇԱՐԺՎՈՒՄ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՐԵՆ ԵՎ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ

  • Պրն Դեսպան, թույլ տվեք անցնել երեւի ամենահաճելի թեմային՝ Արեւելյան գործընկերության ծրագրի փայլուն առաջընթացին:

  • Ես կարող եմ ասել, որ Վիլնյուսի գագաթնաժողովից հետո, երբ միայն Վրաստանը եւ Մոլդովան նախաստորագրեցին Ասոցացման համաձայնագրերը Եվրամիության հետ, ինքս բազմաթիվ նյութեր եմ տեսել՝ վերլուծական կենտրոնների անդրադարձներ, լրատվամիջոցների հրապարակումներ, անգամ քաղաքական գործիչների ելույթներ, որոնք Արեւելյան գործընկերության մոտալուտ վախճան էին կանխատեսում: Մինչդեռ, ի հեճուկս նման կանխատեսումների, Արեւելյան գործընկերությանը ոչինչ չպատահեց:

Վիլնյուսյան գագաթնաժողովում Եվրամիությունը եւ Հայաստանը վերահաստատեցին Արեւելյան գործընկերության շրջանակում երկկողմ համագործակցությունը զարգացնելու եւ ամրապնդելու իրենց հանձնառությունը փոխադարձ հետաքրքրության բոլոր ասպարեզներում՝ ընդգծելով երկկողմ փոխահարաբերությունների առկա հիմքը վերանայելու եւ արդիականացնելու կարեւորությունը:

Վիլնյուսում գագաթնաժողովի բոլոր մասնակիցները վերահաստատեցին յուրաքանչյուր գործընկերոջ ինքնիշխան իրավունքը Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում ազատորեն ընտրելու հավակնությունների եւ նպատակների այն աստիճանը, որոնց ինքը ձգտում է Եվրամիության հետ հարաբերություններում, անշուշտ, «ավելին ավելիի դիմաց» սկզբունքով: Իհարկե, Եվրոպական Միությունը հետեւողական է Արեւելյան գործընկերության շրջանակում ամրապնդելու իր հարաբերությունները Հայաստանի հետ:

  • Այժմ մենք կեսճանապարհին ենք Վիլնյուսի գագաթնաժողովից դեպի Ռիգայի գագաթնաժողով, որը գումարվելու է 2015-ի փետրվարին, ԵՄ-ում Լատվիայի նախագահության ներքո: Այս ճանապարհին ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի առաջընթացը:

  • Վիլնյուսի գագաթնաժողովում մենք ողջունեցինք Հայաստանի հետ Մուտքի վիզայի դյուրացման եւ Ռեադմիսիայի համաձայնագրերի կնքումը, եւ նայում ենք առաջ՝ դրանց արդյունավետ գործադրմանը: Այս առումով մենք հուսով ենք Հայաստանի հետ իրականացնել հաջորդ քայլերը Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ավելի մեծ շարժունակություն հաստատելու համար:

Մենք նաեւ խրախուսում ենք Հայաստանի մասնակցությունը նոր «Էրազմուս+», «Ստեղծագործ Եվրոպա», «Մարի Սկլոդովսկա-Կյուրի» ծրագրերին՝ Հորիզոն 2020-ի շրջանակում, որը բաց է Արեւելյան գործընկերության բոլոր երկրների համար: Մենք շարունակում ենք ողջունել Հայաստանի դիտորդական մասնակցությունն էներգետիկ համայնքին եւ ներգրավվածությունը ԵՄ միջուկային ճնշման թեստերում: Հայաստանը շարունակում է ակտիվորեն համագործակցել ԵՄ մի շարք գործակալությունների հետ, այդ թվում՝ Եվրոպայի ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) եւ Frontex-ի:

Մենք նաեւ շարունակում ենք խրախուսել Հայաստանի հնարավոր ամենասերտ ներգրավումը Covenant of Mayors ծրագրում: Այնպես որ, սա կիսով լեցուն բաժակ է եւ ահռելի աշխատանք:

  • **Պրն դեսպան, կրկին անգամ շնորհակալություն հարցազրույցի համար, Ձեր հանգամանալից պատասխանների համար: Թող ԵՄ Արեւելյան գործընկերության փայլուն ընթացքը շարունակվի նույնիսկ ավելի մեծ արագությամբ եւ ձեռքբերումներով, եւ Հայաստանը գոնե Ռիգայի գագաթնաժողովում միանա ԵՄ ասոցացված անդամների ակումբին: Եվ իմ վերջին հարցը՝ մոտ ապագայում մենք սպասո՞ւմ ենք ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների այցերի Երեւան: **

  • Շատ շուտով մենք սպասում ենք Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ ներկայացուցչի ժամանմանը Երեւան: Հետո Արեւելյան գործընկերության երկրների ղեկավարների գագաթնաժողովը կկայանա ԱլԳ երկրներից մեկում:

Տարվա ընթացքում մենք նաեւ ունենք ԵՄ-Հայաստան Համագործակցության խորհրդի եւ Համագործակցության կոմիտեի նիստեր, որը ներառում է նախարարների եւ հանձնակատարների մակարդակ: Բոլոր այս հանդիպումները միանգամայն կարեւոր են, բայց էլ ավելի կարեւոր է, որ մենք աշխատենք Վիլնյուսի գագաթնաժողովի հռչակագրի Հայաստանին վերաբերող դրույթների ուղղությամբ եւ ԱլԳ Ռիգայի գագաթնաժողով մեկնենք նշանակալից ձեռքբերումներով:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

lusine@hraparak.am

Մեկնաբանություն
X