Նազարբաեւը չի վավերացնում ԵՏՄ համաձայնագիրը եւ փոխում է ՄՄ-ն

Որքան կարելի է հասկանալ, այսօր Աստանայում Ղազախստանի խորհրդարանի V գումարման IV նստաշրջանի բացման արարողությունում նախագահ Նորսուլթան Նազարբաեւի մասնակցությունից եւ ունեցած ելույթից Ղազախստանը չի պատրաստվում վավերացնել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը:

Նազարբաեւը մասնակցել է նիստին, ունեցել է ընդարձակ ելույթ, անդրադարձել է բոլոր, թվում է՝ ոչ միայն կարեւոր, այլեւ անկարեւոր օրենսդրական նախաձեռնություններին, որոնք բացված նստաշրջանում քննարկելու են Ղազախստանի խորհրդարանի ստորին եւ վերին պալատները (Մեջլիսը եւ Սենատը) եւ դրանց թվում բացարձակապես գոյություն չունի ոչ ԵՏՄ պայմանագիրը, ոչ էլ դրա վավերացման մասին որեւէ խոսակցություն:

Նազարբաեւը հանգամանալից խոսել է 30 առավել զարգացած երկրների ցանկում հայտնվելու Ղազախստանի ծրագրերի մասին, նշել է ամբողջ օրենսդրակասն փաթեթներ, որ այդ ճանապարհին պետք է ընդունվեն, Նոտարիատի մասին օրենքի է անդրադարձել, Ագրո-արդյունաբերական համալիրի, Ձեռներեցության խթանման, Էլեկտրոնային կառավարման, Կառավարության վերակազմավորման եւ այլն, եւ այլն ԵՏՄ թեմա չկա եւ չկա:

Ավելին՝ Նազարբաեւը թերեւս կարծում է, որ այդ ԵՏՄ-ն չի գործի ընդհանրապես եւ Ղազախստանի կառավարությանը հանձնարարել է նախաձեռնել մաքսային կարգավորումների փոփոխությունները ոչ թե ԵՏՄ համաձայնագրում, որը 2015-ի հունվարի 1-ից իբր պետք է մտներ գործողության մեջ եւ փոխարիներ ՄՄ-ում գործող համաձայնագրերին, այլ փոփոխությունները կատարել հենց ՄՄ համաձայնագրերում, ինչը նշանակում է, որ ըստ Նազարբաեւի 2015-ից հետո էլ դրանք են գործելու:

Ի՞նչ է պատրաստվում փոխել Նազարբաեւը: Պարզ է, մի այնպիսի դետալ, որ մեծացնի հակադրությունը Ռուսաստանի հետ: Նազարբաեւը հանձնարարել է փոխել “ՄՄ համաձայնագիրը Տեխնիկական կարգավորման միասնական սկզբունքերի եւ կանոնների մասին”, որպեսզի ճանաչվեն համապատասխանության միջազգային սերտիֆիկատները: Նազարբաեւը նաեւ ասել է, որ 2015-ի հունվարի 1-ից Ղազախստանում մաքսային հսկողությունը մաքսազերծման փուլից տեղափոխվելու է հետբացթողումային փուլ: Այդպիսով մաքսային հսկողությունը Ղազախստանում կհակադրվի Ռուսաստանում գործող պրակտիկային եւ կմոտենա արեւմտյան դրվածքին:

Լուսինե Պետրոսյան

Մեկնաբանություն
X