Պուտինի՝ քարերը հավաքելու ժամանակը

Ինչպես ասում էր Սողոմոն Իմաստունը՝ ,Կա քարերը նետելու ժամանակ եւ քարերը հավաքելու ժամանակե։ ՌԴ նախագահը քարեր նետելով զբաղված էր բավական վաղուց, բայց հազիվ թե կեսը նետած լիներ այն քարերի, որոնք այժմ հարկադրյալ հավաքում է։
Երբ անցյալ տարեվերջին նախագահ Պուտինը պաշտպանում էր Վիկտոր Յանուկովիչի վարչակազմը, հետո Կիեւի նոր իշխանություններին հայտարարում էր ,բենդերականներե եւ ,ֆաշիստներե, Ղրիմ էր ներխուժում, ԱՄՆ-ին էր ամբաստանություններ ներկայացնում, Ուկրաինայի հարավ-արեւելքն էր ապակայունացնում, ամբողջ այդ ընթացքում, կարելի է ասել, սավառնում էր իրականությունից հեռու եթերներում։ Գուցեեւ անկեղծորեն ՌԴ նախագահը հավատում էր շեփորահարվող տեսակետներին, թե Ուկրաինայում Ռուսաստանին համակրողներ եւ Ռուսաստանում ապրել ցանկացողներ կան, որոնք նույնիսկ զենք կվերցնեն Ռուսաստանի հետ մնալու համար։

Ռազմական հետաքրքրություններից բացի, այդ սնամեջ եւ իրականությանից հեռու պատկերացումներն էլ քիչ դեր չկատարեցին Ղրիմի բռնակցման հարցում։ Եվ քանի որ Ղրիմում առանձնապես դիմադրության չհանդիպեց (մասամբ՝ որովհետեւ մարտի սկզբներին ոչ ոք չէր էլ հասկանում, թե ,կանաչ մարդուկներըե Ղրիմում ինչով են զբաղված), նախագահ Պուտինն ինքնահոսով ընկավ խաբկանքների գիրկը, թե հնարավոր է նույն սցենարն Ուկրաինայի հարավ-արեւելքում էլ կրկնի։ Եվ սխալվեց։

Սխալվեց մի քանի առումով, բայց հատկապես՝ Լուգանսկում եւ Դոնեցկում ապրող ուկրաինացիների, անգամ ռուսների արձագանքի։ Սկզբում Պուտինին թվում էր, թե բավական է ֆինանսավորել, մի քանի խելագարների խմբեր իրենց կհայտարարեն տեղական իշխանություն եւ մարդկանց կտանեն իրենց հետեւից։ Խելագարները գտնվեցին, ՌԴ հատուկ ծառայությունների սպաներ էլ գործուղվեցին նրանց օժանդակելու որպես ինքնահռչակ վարչապետեր, նախարարներ, չգիտես էլ ինչեր, իրենց հայտարարեցին տեղական իշխանություն, բայց… հետեւորդներ առանձնապես չգտնվեցին։ Ուկրաինական պետությունն էլ ինքնահռչակներին հայտարարեց ահաբեկիչներ եւ ապրիլից անցավ հակաահաբեկչական գործողության։

Դե, Պուտինն արդեն ներքաշված էր պատմության մեջ եւ ցանկանար, թե ոչ, պետք է ֆինանսավորումից եւ ահաբեկչական խմբեր ձեւավորելուց այն կողմ անցներ, այսինքն՝ իր հրոսակախմբերին սպառազիներ։ Այս փուլն էլ ավարտվեց միջազգային աղետով, քանի որ Ուկրաինայի հարավ-արեւելքում ավերածություններ գործող պրոռուսական հանցախմբերը, հնարավոր է՝ ոչ միտումնավոր, հրթիռակոծեցին մալազիական քաղաքացիական ինքնաթիռը՝ դառնալով շուրջ 300 անձանց մահվան պատճառ։ Ինչպես երեկ Միացյալ Թագավորության արտաքին գործող քարտուղարն էր հայտարարել՝ MH17 ինքնաթիռի զոհերի արյունը ՌԴ ղեկավարության ձեռքերի եւ խղճի վրա է։ Հույսեր կան՝ հետագա հետաքննությունը կպարզի ինքնաթիռի մեջ մխրճված հրթիռի ինչ զինատեսակից արձակված լինելը եւ հնարավորություն կտա մեղադրանքներ առաջադրել հրթիռակոծումն իրականացրած անձանց, որոնք, ենթադրվում է, ռուսաստանցիներ են, որ գործադրել են ,Բուքե հրթիռային համակարգը։

Բայց սպառազինումն էլ քիչ էր, շուտով անգամ Պուտինին տեսանելի դարձավ, որ Ուկրաինայում ոչ ոք չի ներգրավվում իր հրոսակախմբերում, ստիպված է Ռուսաստանից կամավորներ ուղարկել։ Ինչ-որ պահից կամավորներն էլ անկարող դարձան ուկրաինական իրավապահներին դիմադրել։ Մնում էր վերջին միջոցը՝ ռուսական զորքեր մտցնել Ուկրաինա, որպեսզի վերջիններս մարտնչեն Ուկրաինայի զինված ուժերի դեմ՝ չունենալով խաղաղ բնակչության որեւէ աջակցություն։ Հենց խաղաղ բնակչության աջակցության բացակայությունն էլ, Արեւմուտքի պատժամիջոցներին զուգահեռ, Պուտինին խելագարությունից վերադարձրեց իրականություն։ Այլեւս ոչինչ չէր մնում, քան սեպտեմբերի 5-ի համաձայնագրերի ստորագրումը, Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ճանաչելը եւ Դոնբասից հեռանալը։
Երեկ արդեն, համաձայն նախագահ Պորոշենկոյի, ռուս զինվորականների շուրջ 70 տոկոսը հեռացել էր Ուկրաինայից, եւ ռուսական ողջ քարոզչամեքենան լցված է ցուցադրելու, թե ինչպես են Դոնբասից հեռացած քաղաքացիները վերադառնում իրենց բնակության վայրեր։

Մեկնաբանություն
X