Խորհրդային ժամանակների Փարիզը կամ Հռոմը

Այդուհանդերձ, անկախ ներկայացուցչության աստիճանից եւ աշխատակազմի թվաքանակից, Հայաստանում Չեխիայի դիվանագիտական առաքելությունը ջանադրաբար աշխատում է երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Պրն. Միկիսկան նշում է Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի հետ հաջող համագործակցությունը, նախագահ Սերժ Սարգսյանի երկու այցերը Պրահա միայն այս տարվա ընթացքում, անցյալ տարի Չեխիայի ԱԳ եւ մշակույթի նախարարների այցերը Հայաստան, որոշ սոցիալական օգնության ծրագրերը եւ այլն:

Ընդամենը մեկ-երկու շաբաթ առաջ, սեպտեմբեր 11-12-ին, Երեւանում կայացավ հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Այդ առիթով ոչ միայն կառավարության պաշտոնյաներ, այլեւ չեխ գործարարներ էին ժամանել Հայաստան: «Նրանք հիմնականում ներկայացնում են բանկային սեկտորը, էներգետիկ ոլորտը, տրանսպորտը եւ մեքենաշինությունը,- ասում է պրն. Միկիսկան:- Ինչու առաջինը բանկային սեկտորը, որովհետեւ դա տնտեսական համագործակցության լոկոմոտիվն է, երբեմն կարող են լինել արժեքավոր գաղափարներ, բիզնես ծրագրեր, որոնց հարկավոր է ֆինանսավորում: Երբ կա գործող բանկային մեխանիզմ, այդ խողովակով Չեխիայից ֆինանսական միջոցներ կարելի է ներգրավել: Ներկա պահին կան որոշակի առեւտրային կապեր Չեխիայի եւ Հայաստանի միջեւ, դրանց 80%-ը երկու կողմից էլ տնօրինում են հայերը: Ոչինչ պարսավելի չկա դրանում, որ չեխերն էլ հայազգի միջնորդներին են դիմում, բայց ինձ թվում է՝ գործակցությունը հաճախ այդտեղ էլ կանգ է առնում: Այժմ պետք է ջանալ չեխերին էլ ուղղակի ներգրավել հայաստանյան տնտեսությունում, հատկապես ներդրողներին: Այս առումով շատ գործ կա անելու»:

ԱՅԴ ՄԵԿ ՎԱՅՐԿՅԱՆ
ԼՌՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՄԵՐ ՀԻՄՆՆ Է

Նախկին Վարշավյան պակտի միակ երկիրը, որտեղ ինքս երբեւէ եղել եմ, Սլովակիան է: 2006-ին Բրատիսլավա էի այցելել մի ֆիլմի նկարահանման համար, որը կոչվում էր «Եվրոպական Միությունը՝ նոր անդամակցած երկրների աչքերով»: Այն ժամանակ Չեխիան, Սլովակիան եւ Վարշավյան պակտի մյուս երկրները նոր էին միացել Եվրոպական միությանը (2004-ի մայիսին): Ճանապարհը դեպի ժողովրդավարացում, շուկայական տնտեսություն, օրենքի գերակայություն, խաղաղ համակեցություն՝ նույնն է եղել նրանցից շատերի համար եւ միանգամայն ուսանելի է Արեւելյան Եվրոպայի երկրների համար, որոնք այժմ են շարժվում են դեպի ԵՄ՝ ԱլԳ ծրագրի շրջանակներում:
Այդուհանդերձ, կա մի առանձնակի իրողություն Չեխիայի եւ Սլովակիայի առնչությամբ, որը նրանց տարբերում է Արեւելյան Եվրոպայի բոլոր մյուս երկրներից եւ վերածում է խորապես մարդկային, ռացիոնալ եւ քաղաքակիրթ վարքի էտալոնի նոր պետությունների հիմնադրման առումով: Ի հակադրություն շրջապատի բոլոր մյուս ժողովուրդների, Չեխիան եւ Սլովակիան առանձնացան առանց որեւէ խնդրի կամ բարդության: Դա ինչպե՞ս պատահեց: Սա մի հարց է, որ չէի կարող պրն. Միկիսկային չտալ:
«Տեսեք, մինչեւ 1989թ. անջատողականության կամ ազգայնականության ցանկացած շարժում կամ խոսակցություն ճնշվում էր: Բայց պատմականորեն սլովակներն իրենց միշտ ստորադասված են զգացել, լինի դա Ավստրոհունգարական կայսրության կազմում, թե Չեխոսլովակիայի, թեեւ Չեխոսլովակիայի կազմում Սլովակիայի առաջընթացն առաջին երկու տասնամյակներին նկատելի է եղել, եւ դա՝ շնորհիվ Չեխիայի ներդրումների ու օժանդակության: Այդուհանդերձ, սլովակներն ինչ-որ տեղ նույնիսկ ընդունել են Գերմանիայի նացիստական ռեժիմը, քանի որ Երկրորդ համաշխարհայինի տարիներին այն պաշտոնապես ճանաչել էր Սլովակիայի անկախությունը: Հետեւաբար, երբ 1989-ին Բեռլինի պատն ընկավ, անկախության մասին խոսակցությունները ծայր առան:
Առաջինը Մորավիայի նահանգը, որը Չեխիայի ավանդական երեք տարածքներից մեկն է (մյուսները Բոհեմիան եւ Սիլեսիան են), բարձրաձայնեց անկախության իր ձգտումների մասին: Անգամ մի անեկդոտ էր ծնվել, որը պաշտպանում էր Մորավիայի «պատմական իրավունքն» անկախության հանդեպ: Չեխոսլովակիայի հիմնը միշտ բաղկացած է եղել երկու հատվածներից, առաջինը երգվել է չեխերեն, երկրորդը՝ սլովակերեն: Եվ երկու հատվածների միջեւ, բնականաբար, եղել է մի վայրկյան լռություն: Անեկդոտն ասում էր, որ մորավիացիներն այդ մեկ վայրկյանի լռությունը համարում են իրենց հիմնը եւ չեխերի ու սլովակների կողքին իրենց անկախ դիրքի ապացույցը: Սա կարող եմ հավաստել, քանի որ ինքս էլ կիսով չափ մորավիացի եմ, մայրս Բռնոյից է»:
Ինչ խոսք, սրամիտ է, իսկ պրն. Միկիսկան շարունակում է. «Մոտ մեկ տարի ընթանում էին անջատման մասին խոսակցությունները, բայց գործնականում ոչ ոք չէր պատկերացնում, թե դա ինչպես է կատարվելու: Մյուս կողմից, այդ ժամանակ պատերազմը Հարավսլավիայում արդեն բռնկվել էր, եւ մարդիկ ուղղակի սարսափած էին նման հեռանկարից: Այս խոսակցությունների եւ անորոշության մեջ 1992-ի հունիսին Չեխիայում ընտրություններում հաղթեց մի կուսակցություն, Սլովակիայում՝ մեկ այլ: Երկու կուսակցությունների ղեկավարները՝ Վացլավ Կլաուսը եւ Վլադիմիր Մեսիարը, որոնք, ի դեպ, վաղեմի հակակրանք ունեին միմյանց հանդեպ, բայց մյուս կողմից էլ նաեւ հարգում էին իրար, 1992-ի օգոստոսի վերջին հանդիպեցին Բռնոյում՝ Մորավիայի մայրաքաղաքում, Պրահայի ու Բրատիսլավայի միջեւ: Այս երկու մարդիկ ուղղակի նստեցին պարտեզում, խոսեցին եւ, ի վերջո մոտենալով խմբված լրատվամիջոցներին, հայտնեցին, որ Չեխոսլովակիայի գոյությունը դադարելու է, եւ 1993-ի հունվարի 1-ին հիմնադրվելու են երկու առանձին պետություններ: Դա անսպասելի էր չեխերի եւ սլովակների մեծամասնության համար, անգամ իշխանության մեջ գտնվողների, բայց դա իմաստուն եւ ռացիոնալ որոշում էր, որը հնարավորություն տվեց խուսափել հակադրությունից եւ թշնամանքից: Բոլորն էլ գիտակցեցին, որ ճիշտ որոշումը դա է, եւ ետդարձի ճանապարհ չկա, թեեւ ձայներ հնչում էին հանրաքվե անցկացնելու մասին: Այդպես կերտվեց պատմությունը»:

Թերեւս ժողովուրդների խաղաղ բաժանումը լավագույն դասն է, որ չեխերի եւ սլովակների պատմությունը տվել է աշխարհին:

Մեկնաբանություն
X