Պուտինը՝ տայգայից, Նազարբաևը՝ Բրյուսելից, Լուկաշենկոն՝ հեռախոսագծից

Հոկտեմբերի 10-ին հերթական անիմաստ հավաքներն են կայանալու Մինսկում՝ փլուզված ԱՊՀ-ի, լուծարվող ԵվրազԷՍ-ի եւ անհայտ ապագայով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ձեւաչափերով: Հենց միայն հանգամանքը, որ ընդամենը մեկ օրում մի քանի տասնյակ անձանց մասնակցությամբ, մի քանի ձեւաչափով հանդիպումներ են ծրագրված, յուրաքանչյուրի շրջանակում էլ մի քանի տասնյակ անիմաստ հարցեր են շոշափվելու, արդեն պատկերացում է տալիս միջոցառումների անլրջության ու մակերեսայնության մասին: Բայց էլ ավելի տպավորիչը Մաքսային եռյակի առաջնորդների պահվածքն է Մինսկի հավաքից առաջ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որ տարեսկզբից ի վեր արժանիորեն հալածվում է մարդկության կողմից, կայացրեց ավելի քան խելացի որոշում՝ իր ծննդյան օրը նշել տայգայում, ենթադրելի է՝ կենդանիների ընկերակցությամբ: Համենայնդեպս, Պուտինի խոսնակը խոստովանել էր, որ չգիտի՝ նախագահին ուղեկցողներ լինելո՞ւ են տայգայում, թե՞ ոչ: Թե տայգայից Պուտինը երբ եւ որտեղ կվերադառնա, Կրեմլի կայքը չի հաղորդել, փոխարենը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահը կայցելի Մինսկ, որտեղ նախ կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը, ապա ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանը եւ եւս երկու միջինասիական երկիր փաստաթուղթ կստորագրեն ԵվրազԷՍ կոչված ինչ-որ կառույցի լուծարման մասին, որը, ըստ Կրեմի տեղեկատվության, գոյություն է ունեցել 14 տարի եւ եվրասիական տարածաշրջանում նպաստել է ինտեգրացիայի խորացմանը:

Թե ինչպես է ստացվել, որ ինտեգրացիայի խորացման արդյունքում ԵվրազԷՍ-ի հինգ մասնակիցներից միայն երեքն են մնացել Մաքսային միությունում, եւ դեռ անհայտ է, թե ՌԴ-ից բացի ուրիշ ով կլինի ԵՏՄ-ում, մնում է գուշակել: Նույնպես գուշակության առարկա է այն, թե Պուտինն ուղիղ տայգայի՞ց է մեկնելու Մինսկ, թե՞ ճանապարհին կանգ կառնի Մոսկվայում: Ըստ Կրեմլի կայքի, Մինսկում, ենթադրելի է՝ օրվա ավարտին, նաեւ Մաքսային եռյակի հանդիպում կկայանա, որտեղ ընթացիկ հարցեր կքննարկվեն, այդ թվում ԵՏՄ-ին առնչվող: Ընթացիկ դատարկախոսությունից այն կողմ քննարկման այլ թեմա չի էլ գտնվի, քանի որ Մաքսային եռյակի մեծամասնությունը՝ երեք անդամներից երկուսը, ԵՏՄ հիմնադրման պայմանագիրն անգամ չեն վավերացրել:
Ղազախստանի նախագահը, որ վաղուց, անթաքույց եւ գովելի հաջողությամբ, զբաղված է Եվրասիական տնտեսական միությունը քաղաքականապես իմաստազրկելու եւ ԱՊՀ-ի կարգի սնամեջ ու ամորֆ կառույցի վերածելու խնդրով, այժմ էլ Մինսկ կժամանի Բրյուսելից, որտեղ բանակցելու է բելգիական իշխանությունների եւ Եվրոպական հանձնաժողովի ղեկավարության հետ: Նախօրեին էլ Նազարբաեւը հանդիպել է Ուկրաինայի նախկին նախագահի՝ Լեոնիդ Կուչմայի հետ եւ Ուկրաինային խոստացել է իր երկրի ամենայն աջակցությունը:

Իսկ ահա հյուրընկալ երկրի նախագահը՝ Ալեքսանդր Լուկաշենկոն, վերջին մեկ-երկու օրը, թվում է, հեռախոսի կողքին է անցկացրել, ընդ որում՝ ոչ բարեհաջող: Հոկտեմբերի 6-ին Բելառուսի նախագահի կայքը հաղորդել էր Նազարբաեւի հետ Լուկաշենկոյի հեռախոսազրույցի մասին, որը, սակայն, լիովին անտեսել էր Ղազախստանի նախագահի կայքը: Երեկ էլ Կրեմլի կայքն էր անտեսել Պուտին-Լուկաշենկո հեռախոսազրույցի բովանդակությունը, մինչդեռ, ըստ Բելառուսի նախագահի կայքի, այդ հեռախոսազրույցում նաեւ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության խնդիրն է շոշափվել: Հավանաբար, նորից լուծում չի ստացել, դրա համար էլ Կրեմլը Հայաստանի թեմայով պաշտոնապես լռել է:
Էլ ավելի հետաքրքրական է Լուկաշենկոյի կայքի հաղորդագրությունը Նազարբաեւին արված առաջարկի մասին, որ Ղազախստանի եւ Բելառուսի խորհրդարանները միաժամանակ վավերացնեն ԵՏՄ պայմանագիրը: Անհայտ է, թե առաջարկին ինչ է պատասխանել Նազարբաեւը: Փոխարենը հայտնի է, որ Բելառուսի խորհրդարանը ԵՏՄ պայմանագրին անդրադառնալու է հոկտեմբերի 9-ին եւ հնարավոր է այն վավերացնի, հնարավոր է՝ ոչ: Բելառուսն ինչ-որ պայմաններ է առաջադրել Մոսկվային, որոնց կատարումից է կախված ԵՏՄ պայմանագրի վավերացումը:
Վերջապես երեկվա դրությամբ անհայտ էր՝ արդյո՞ք Մինսկ մեկնելու է Հայաստանի նախագահը: Նաեւ ռուսական եւ պրո-ռուսական ԶԼՄ-ների հերթական հարայ-հրոցից ենթադրելի է՝ նորից Հայաստանը որեւէ թուղթ չի ստորագրի: Եթե թուղթ ստորագրվեր, աղմկարարության կարիք չէր լինի:

Մեկնաբանություն
X