Լինել Վահան Հովհաննիսյան

Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» վեպի մասին կարելի է խոսել մի քանի դիտանկյուններից՝ այն արժեքավոր է հայ գրականության մեջ ժանրային իմաստով՝ որպես պատմական-արկածային դետեկտիվ, որի նախադեպը դժվար է ցույց տալ: Արժեքավոր է մեր պատմության փիլիսոփայության իմաստով՝ որպես անցյալը, ներկան եւ առավել եւս ապագան շաղկապող գաղափարաբանական հենք: Նույնիսկ ռուսերեն բնագրով, մինչ թարգմանվելը, հիշատակված պատճառներով այն արդեն իսկ հայ արդի գրականության փաստ եւ իրադարձություն էր: «Մանդիլիոնը», անշուշտ, համաշխարհային քաղաքակրթության մեջ հայ ազգի տեղի եւ նշանակության արժանի գնահատման խնդիրն է հետապնդում, սակայն վեպը նաեւ համաքրիստոնեական-համամարդկային կտրվածքով կարդալու անհրաժեշտություն կա:

Որպես գրող եւ վեպի հայերեն թարգմանիչ՝ ես կարող էի խոսել նաեւ վեպի զուտ գրական-գեղարվեստական արժանիքների մասին, որովհետեւ գրքի ռուսերեն տարբերակին թռուցիկ ծանոթանալիս՝ ընթերցելիս իսկ կար լուրջ գրքի, լուրջ հեղինակի հետ հանդիպելու զգացողություն եւ ինտելեկտուալ բավականություն: Ի հեճուկս, կամ գուցեեւ շնորհիվ, գրական ամբիցիաներ չունենալու: Խոսելով նման վեպ գրելու շարժառիթների մասին, Վահան Հովհաննիսյանը հիշատակել էր հանրահայտ Դեն Բրաունի «Դա Վինչիի ծածկագիրը», նկատելով, որ «նման գրքերում կատարվում է մի շատ հին աղանդի գաղափարների վերադարձ, նրանք քրիստոնեությունը չեն հերքում, ասում են՝ Քրիստոսը եղել է, շատ էլ լավ մարդ է եղել՝ բարի, սուրբ, ջերմ, բայց մարդ է եղել, նույնիսկ ընտանիք է ունեցել, այդ ընտանիքի շառավիղներն ինչ-որ տեղերում ապրում են, եւ սկսվում է հետաքրքիր դետեկտիվ որոնում այդ շառավիղների կամ այդ ամենի մասին վկայող փաստաթղթերի»:
Քրիստոնյա աշխարհում հայ ժողովրդի առաքելության շուրջ պատմագեղարվեստական այս փայլուն մտակառույցը վեպի վերածելու համար հեղինակը պետք է լիներ պատմաբան-հնագետ, պետք է ի մոտո ծանոթ լիներ համաշխարհային մշակույթին եւ քաղաքակրթության զարգացման փիլիսոփայությանը, պետք է գրողի անուրանալի ձիրք, էրուդիցիա եւ ինտելեկտ ունենար, ինչու ոչ՝ նաեւ քաղաքական հայացքներ եւ քաղաքացիական դիրքորոշում, անսակարկելի արժեհամակարգ եւ պատվաբեր կենսագրություն, այլ կերպ ասած՝ լիներ Վահան Հովհաննիսյան:
Վահան Հովհաննիսյանը նյութ հորինելու խնդիր չի ունեցել՝ գլխավոր պատումը կառուցված է Քերթողահայր Մովսես Խորենացուց ավանդված Եդեսիայի Աբգար թագավորի՝ Հիսուսին գրված նամակի, Տիրոջ պատասխան նամակի եւ Դաստառակի, արեւելամիջերկրածովյան երկրների անցյալի, ապա եւ մինչեւ մեր ժամանակները ձգվող իրադարձությունների շուրջ:
«Մանդիլիոնը» գրվել է ի պատասխան գրական-գաղափարական եւ հավատամքային «ֆաստֆուդի» տեսքով միլիոնանոց տպաքանակներով գրքի միջազգային շուկա նետվող քրիստոնեության նրբահնար աղավաղումների. այս վեպով Վահան Հովհաննիսյանը հայ մտավորականի իր քայլն է անում: Նույնքան գրավիչ ու հրապուրիչ, որքան ստապատում եւ իրականում աստվածանարգ գրքերը, բայց՝ առաջին քրիստոնյա երկրի զավակի արժանապատվությամբ եւ իրավունքով:

Գիրքը մի քանի ուղերձներ ունի՝ անցյալի ճակատագրական անմիաբանությունից եւ կարեւորն անկարեւորից չզատելու անճարակությունից դասեր քաղելուց մինչեւ համաքրիստոնեական համերաշխություն, մինչեւ քաղաքակրթության վարընթացը սիրով եւ հավատով կասեցնելու, մշակույթների եւ կրոնների երկխոսության, հանդուրժողականության եւ մանավանդ հայ ազգային ինքնության ինքնաճանաչման ու վերահաստատման հրամայական:
Արձակագիր եւ հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանը վեպի առաջին ընթերցողներից է եւ առաջինը, ով ողջունեց Վահան Հովհաննիսյանի նոր արեւելումը՝ որպես վիպասան: Նա զուգահեռ թվարկել էր համաշխարհային գրականության մեջ այս ժանրի հայտնի վեպեր՝ Լիոն Ֆեյխտվանգերի «Իսպանական բալլադը», Մորիս Դրյուոնի վեպերը՝ «Աշխարհի ուժեղները», «Անիծված թագավորները» եւ, իհարկե, Դեն Բրաունի «Դա Վինչիի գաղտնագիրը», Վահան Հովհաննիսյանի զարմանալի վեպը գնահատելով այս համատեքստում եւ առանձնացնելով հատկապես այն, որ այս վեպը հիշեցնում է, որ մենք ոչ միայն քրիստոնեությունն առաջինը պետականորեն ընդունած եւ հնամենի քաղաքակրթություն ունեցող ժողովուրդ ենք, այլեւ, որպես կենդանի ապրող ժողովուրդ, շարունակում ենք լինել այդ շղթայի մի օղակը, ավելին՝ մեր պատմությունը եւ ներկան սրբազան, առեղծվածային երեւույթներով են պարուրված. Աբգար թագավորից սկսած՝ շարունակում ենք կրել այդ առեղծվածայինը: Ալվարդ Պետրոսյանի խոսքին մանրամասն հղում արեցի նաեւ այն պատճառով, որ վեպը հայերեն թարգմանելու գաղափարը նրանն է եղել. «…վայելել եմ վեպը եւ ուզում եմ այդ վայելքը հայերեն էլ վայելեմ»:

Ուրախ եմ, որ գիրքը թարգմանվել է անգլերեն եւ մատչելի է «Ամազոն»-ում, ուրախ եմ, որ այն թարգմանվում է գերմաներեն, սա էլ դեռ վերջը չէ: Որովհետեւ այն հավասարաչափ արդիական է քրիստոնյա աշխարհի համար: Եվ՝ ոչ միայն:
Գիտնականի բարեխղճությամբ հեղինակը ծանոթագրություններ է արել. վեպի սյուժեում ընդգրկված պատմական իրադարձությունների եւ դեմքերի վավերականությունը փաստված է Նոր Կտակարանով եւ պատմական աղբյուրներով: Այսպես, ազգությամբ հայ Աբգար Հինգերորդ Արշաման Օսրոյենի կամ Եդեսիայի անդրանիկ քրիստոնյա թագավորն էր, Հայ եկեղեցու տոնելի սրբերից, եւ հայտնի է, որ նրա գրագրի՝ Անանի միջոցով Փրկիչը նրան պատասխան նամակ եւ Դաստառակ է ուղարկել, որի կրկնօրինակները պահպանվում են աշխարհի շատ եկեղեցիներում ու վանքերում, որպես մասունք: Վավերական է վեպի հերոսներից Ջակոպո Կոնտարինին, ով եղել է Կոստանդնուպոլսի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարներից մեկը, վավերական են Պարսկաստանում Վենետիկի Հանրապետության դեսպան Ամբրոջոն եւ մյուսները: Վավերական է Վիշապի Օթյակը՝ հիմնված սերբ ազգային հերոս Միլոշ Օբալիչի կողմից: Դժվար չէ հասկանալ «Գայլի ոհմակ» թրքական ահաբեկչական բազմացանց կազմակերպության ինչ լինելը: Այսպես իրական են պատմությանն առնչվող բոլոր դեպքերն ու դեմքերը: Մտացածին չէ Դաստառակի շուրջ պատումը Խաչակրաց արշավանքների, Կոստանդնուպոլսի անկման եւ դարերի հետագա հոլովույթում:

Թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավումը վեպում առանցքային տեղ է զբաղեցնում, եւ ինքնապաշտպանության մասնակից Աբրահամ Անկյուրացու ողբը դեռ հնչում է, քանի որ քաղաքակրթության ընթացքի շեղման եւ հետեւանքների կանխազգացողությամբ իրականում այն մարգարեական է: Եթե քրիստոնյա աշխարհն այնքան միաբան լիներ, որ Տիեզերական քաղաքը գրավելու ցնորամտությանն ի պատասխան մեկընդմիշտ ետ շպրտեր արեւելքից ներխուժած բարբարոս ու բիրտ ուժը, այսօր մենք կապրեինք այլ աշխարհում: Խորհրդանշելով քրիստոնեական լույսը եւ հայ ժողովրդի առաքելությունը քրիստոնեության անխաթար պահպանման մեջ՝ «Մանդիլիոնի» անընդհատական պատումը շարունակվում է հայ ժողովրդի մեծագույն ողբերգության՝ Ցեղասպանության եւ այնուհետ Հայաստանի խորհրդայնացման, Սեւրի չիրագործված դաշնագրի, պետականության կերտման դժվարին ճանապարհին:

Անշուշտ, գեղարվեստական են վեպի գլխավոր հերոսները՝ ամերիկահայ Անի Լորա Մորանը եւ գնդապետ Ռալֆ Կօտերեանը, Արցախյան ազատամարտում զոհված Մարկը, կանադահայ Ռընե Փելեշը, հայաստանցի Վիգեն Գասպարյանը: Սակայն նրանք այնքան իրական են, որ ակամա սկսում ես նրանց փնտրել մեր դեռ անավարտ պատերազմի հերոսների, մեր սփյուռքյան եւ հայաստանյան եղբայրների ու քույրերի մեջ: Այնքան իրապատում է Դաստառակի ճանապարհը, որ անհնար է կարդալուց հետո եւս մի անգամ ուխտի չգնալ Սուրբ Էջմիածին եւ չփնտրել Օթյակի Պահապանի շիրիմը:
Դաստառակը թարգմանելու ընթացքում տեղի ունեցան Ղրիմի հայտնի դեպքերը եւ ապա՝ Մերձավոր Արեւելքի սրացումները, եզդիների բռնի տեղահանությունը, գնալով սպառնալից է դառնում «Իսլամական պետության» հեռանկարը՝ ապացուցելով այդ վեպի արդիականությունը եւ կարեւորությունը բոլոր նրանց համար, ովքեր մտահոգ են այս Արեւի կամ Լուսնի տակ մարդկության կյանքի համար:

Եվ վերջում. խորհրդանշական է, որ վեպը հայերեն լույս տեսավ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախաշեմին: Վահան Հովհաննիսյանն իր վեպով հիշեցնում է, որ քրիստոնյա աշխարհը պետականորեն առաջինը մկրտված եւ ապա ճակատագրով քրիստոնեության սահմանապահ-մարտիկ, իր ազգային մարմնով ու կեցությամբ դարպաս ու պատվար դարձած եւ մարդկության պատմության ընթացքում առաջինը ծրագրված սպանդի ենթարկված մի ազգի առաջ դեռ պարտք ունի՝ եթե ուրիշ ոչինչ, ապա քրիստոնեական սիրո եւ ըմբռնումի:

Գիրքը թարգմանելու ամիսներին ես խորությամբ հասկացա, որ անկարելի էր լինել Վահան Հովհաննիսյան եւ չգրել ահա այս զարմանալի ազնիվ ու խորը վեպը:
Իսկ ամենավերջում նկատեմ. զարմանալի չէ, որ Լույսի ու Խավարի, Բարու եւ Չարի պայքարի մասին այս գիրքը, հեղինակի խոստովանությամբ՝ գրվել է օդային թռիչքների ժամանակ: Իսկապես՝ նախախնամություն կա այստեղ, որ Անձեռակերտ Դաստառակը՝ «Մանդիլիոնը», գրվել է երկինքներում:

Կարինե
ԱՇՈԻՂՅԱՆ

Մեկնաբանություն
X