Ի՞նչն է դատապարտելի և աններելի Տեր-Պետրոսյանին

Այն, ինչ դատապարտելի եւ աններելի է Տեր-Պետրոսյանին, դեմագոգիան է աշխարհաքաղաքական հարթությունում: Ընդ որում, դժվար է կռահել՝ Տեր-Պետրոսյանը սրտաբո՞ւխ է Թատերական հրապարակի երկու ներկայացումներում էլ անդրադարձել ԵՏՄ-ի թեմային, Արեւմուտքի հանդեպ իր անձնական վիրավորվածությունից եւ վրեժխնդրությունից դրդվա՞ծ, թե՞ գովազդային հայտնի տրյուկի հաշվարկով՝ անդրադառնալ կամ հայտարարել մի բան, ինչը կառաջացնի ռեակցիա:
Տեր-Պետրոսյանը, հավատարիմ հարկի-անհարկի ինքն իրեն մեջբերելու թուլությանը, արդեն քանի անգամ հայտարարում է, թե ինքը դեռ մարտի 1-ին (այսինքն՝ նույն օրը, երբ ՌԴ խորհրդարանը լիազորեց զինված ուժեր կիրառել երկրի սահմաններից դուրս) կանխատեսել էր, որ Հայաստանի համար ԵՏՄ-ին միանալն անշրջելի գործընթաց է, հիմա էլ իբր դա իրականացել է: Ասվածը նույն կարգի սոփեստություն է, ինչ եթե մեկը պնդեր, թե ԽՍՀՄ-ը չի փլուզվի, եւ փլուզվելուց հետո էլ հայտարարեր՝ ասում էի, չէ՞, չի փլուզվի, ի՞նչ տարբերություն. հիմա ԽՍՀՄ չի կոչվում, ԱՊՀ է կոչվում:

Շարքային քաղաքացին կարող է ՄՄ, ԵՏՄ, չգիտես էլ ինչ ցնդաբանություն իրարից չտարբերել, սակայն Տեր-Պետրոսյանը հրաշալի գիտե, թե ինչ կառույց էր Վլադիմիր Պուտինը ծրագրում ստեղծել, եւ ինչ մնաց դրանից: Դրանց միջեւ նույնիսկ այս պահին, մայիսին ստորագրված ԵՏՄ պայմանագրի դրությամբ նույնքան ընդհանրություն կա, որքան ԽՍՀՄ-ի եւ ԱՊՀ-ի միջեւ: Իսկ թե Հայաստանի հոկտեմբերին ստորագրած «Պայմանագիրը ԵՏՄ պայմանագրին միանալու մասին» ընդհանրապես կվավերացվի, թե 2015-ի հունվարի մեկից հետո հարկադրյալ նոր պայմանագիր կստեղծվի Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու մասին, առանց պայմանագրի կողմ դառնալու, դեռ ժամանակը ցույց կտա:
Իհարկե, ԵՏՄ պայմանագրին միանալու եւ ԵՏՄ-ին միանալու միջեւ կա մեծ տարբերություն, բայց նույնիսկ դա էլ մի կողմ թողած, Տեր-Պետրոսյանը չգիտի՞, որ ՄՄ-ն սկզբնապես փոխարինվում էր ԵՏՄ-ով, որպեսզի նոր կառույցը եւ պայմանագիրը քաղաքական բաժին եւ կարգավորումներ պարունակեր, ոչ թե մնար նույն տնտեսական միավորումը: ՄՄ-ն փոխարինվում էր ԵՏՄ-ով, որպեսզի վերպետական լիազորություններ կենտրոնացներ ի հաշիվ անդամ-երկրների ինքնիշխանության, անգամ ԵՏՄ խորհրդարանի ծրագիր է եղել: ԵՏՄ պայմանագիրը, որը նախապատրաստվում էր մինչեւ Ռուսաստանի միջազգային մեկուսացումը, խնդիրներ էր ստեղծում WTO-ի՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ եւ այլն:

Մինչդեռ այժմ ի՞նչ է մնացել բոլոր այդ հավակնություններից: Շնորհիվ Նուրսուլթան Նազարբաեւի (ընդսմին կարելի է կասկած չունենալ, որ նա դա արել է ԵՄ-ի եւ WTO-ի պահանջների ներքո), ԵՏՄ պայմանագիրն իսպառ զրկվեց քաղաքական բաղադրիչից եւ ոչ մի քայլ առաջ չանցավ ՄՄ-ի համեմատությամբ: Պատահակա՞ն է, որ Ղազախստանի նախագահը հոկտեմբերի 10-ին Մինսկ ժամանեց Բրյուսելից, անվերջ շնորհակալություն հայտնելով ԵՄ-ին, որ Ղազախստանի հետ երկրորդ սերնդի PCA պայմանագիր է նախապատրաստվում, եւ ԵՄ-ն հավանություն է տվել Ղազախստանի WTO անդամակցությանը:
Սակայն ԵՏՄ պայմանագիրը քաղաքական բաղադրիչից զրկելուց ավելի էական Արեւմուտքի պատժամիջոցներն են, որ Տեր-Պետրոսյանի մարտիմեկյան մարգարեությունից ընդամենը երկու շաբաթ անց սկսեցին գործադրվել Ռուսաստանի հանդեպ եւ աստիճանաբար խստանալով՝ այսօր հասցրել են այնտեղ, որ ամեն առավոտ ավետիս է տրվում ռուբլու փոխարկային կուրսի հերթական անկման մասին, միայն վերջին 2-3 շաբաթում՝ արդեն 6-8 տոկոս:

Տեր-Պետրոսյանը երբ մարտին, առավել եւս անցյալ սեպտեմբերին հայտարարում էր ՄՄ-ին միանալու գործընթացի անշրջելիության մասին, իր հաշվարկը թերեւս այն էր, որ Ռուսաստանն ուղղակի արգելափակելու կամ վիժեցնելու է ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագիրը: Ինքն էլ պարսկական խորիմաստ ասույթի ոգով. «Դու կարող ես ճանաչել Աստծուն, կարող ես ճանաչել արքային, բայց պետք է վախենաս հանրահավաքից», իր կարողացած չափով դողում էր նրանից, թե Ռուսաստանն ինչ չարիքներ կարող է պատճառել Հայաստանին, եւ որոշել էր, որ ճիշտը չհակադրվելն է: Թեեւ ինքը ոչ պետական պաշտոնյա էր, ոչ էլ իր դիրքորոշումը կամ հայտարարությունները Հայաստանի համար հետեւանքներ էին առաջացնելու: Ավելի շուտ՝ դրանք իր ահաբեկվածությունը կամ ռուսասիրությունը ցուցադրեցին:
Սակայն գոնե հիմա, երբ անգամ ՌԴ շարքային քաղաքացիներն են զգում ՌԴ տնտեսական անկումը, Տեր-Պետրոսյանը գիտակցո՞ւմ է, որ իրականում իր մարգարեության հակառակը կատարվեց՝ այժմ Ռուսաստանն է արգելափակված եւ գլորվում է դեպի անդունդ: Եվ այժմ ասել, թե ԵՏՄ-ն անշրջելի էր, նույնքան մոտ է իրականությանը, որքան պնդելը, թե ԱՊՀ-ն նույն ԽՍՀՄ-ն է:

Նման դեմագոգիան զավեշտալի է, Տեր-Պետրոսյանի պարագային՝ գուցե նույնիսկ ամոթալի:

Մեկնաբանություն
X