Ոչ թե գլխավոր ռեժիսոր, այլ՝ ռեժիսոր

Երեկ մամուլում հրապարակում եղավ, որ ռեժիսոր Վիգեն Ստեփանյանը նշանակվել է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսորի պաշտոնում, ինչը թատրոնում տարակուսանքի առիթ է տվել: Զանգահարեցինք թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանին, ով մեզ հետ զրույցում նշեց, որ ոչ թե գլխավոր ռեժիսոր է նշանակվել, այլ՝ ռեժիսոր, իսկ գլխավոր ռեժիսորի հաստիքը թափուր է: Թե կոնկրետ ինչ է անելու եւ ինչ ներկայացումների մեջ է որպես ռեժիսոր ներգրավված լինելու Վիգեն Ստեփանյանը, Արզումանյանը նշեց, որ դեռ կոնկրետ խոսակցություն այդ թեմայով չեն ունեցել, քանի որ Ստեփանյանն ընդամենը 1 շաբաթ է, ինչ գալիս է աշխատանքի: «Ինքն ընդունված է մեզ մոտ ուղղակի ռեժիսորի հաստիքի վրա»,- նշեց Օպերայի տնօրենը՝ ավելացնելով, որ թատրոնում այժմ ունեն 3-4 ռեժիսոր, որոնց հետ համատեղ Վիգեն Ստեփանյանը փորձելու է աշխատել, բեմադրություններ անել: Այն դիտարկմանը, որ, այնուամենայնիվ, օպերային եւ թատերական ռեժիսուրան տարբեր են, արդյոք կկարողանա՞ դա հաղթահարել Վիգեն Ստեփանյանը, Օպերայի տնօրենը վստահեցրեց, որ կկարողանա, իսկ օպերային ռեժիսուրայի մասնագետներ, ցավոք, շատ քիչ կան Հայաստանում. «Երաժշտական ռեժիսուրա մենք չունենք, հիմա Թատերական ինստիտուտի հետ որոշում ենք կայացնում, որ ապագայում պետք է ստեղծենք այդ բաժինը»: Ինչ վերաբերում է գեղարվեստական ղեկավարի հարցին, ապա, ինչպես գլխավոր ռեժիսորի պաշտոնը, սա էլ է թափուր:

Մեկնաբանություն
X