Որտե՞ղ խճճվեց Պուտինը

Երեկ հիշարժան օր էր Ռուսաստանի տնտեսության համար: Դեռ նոյեմբերի 6-ի առավոտյան միջազգային լրատվամիջոցները հաղորդեցին, որ ռուսական ռուբլին անկման նոր սահմանագծերի է հասել ԱՄՆ դոլարի եւ եվրոյի համեմատ: Ռուսաստանի բանկը հաստատել էր 1 դոլարը 44,39, 1 եվրոն՝ 55,62 ռուբլի փոխարժեք:

Կեսօրից հետո, ժամը 13:30-ի դրությամբ, Մոսկվայի բորսայում 1 դոլարի փոխարժեքը հասավ 45,57, 1 եվրոն՝ 57,01 ռուբլու: Երկու ժամ անց, 15:30-ի դրությամբ, 1 դոլարի դիմաց սկսեցին վճարել 46,08, 1 եվրոյի դիմաց՝ 57 ռուբլի: Եվս մի քանի ժամ անց, 18:30-ի դրությամբ, դոլարի փոխարժեքը հասավ 46,77, եվրոյինը՝ 58,12 ռուբլու:

Երեկ արդեն Մոսկվայի փոխանակման կետերում դոլարն անցավ 50, եվրոն՝ 60 ռուբլու սահմանագիծը: Ֆանտաստիկ անկում է: Իսկ մենք դեռ Ռուսաստանի ֆինանսական փլուզման սկզբում ենք, ոչ թե վերջում: Արդյո՞ք Ռուսաստանի բանկը կանխատեսում էր նման անկում եւ ի՞նչ էր մտածում, երբ ընդամենը մեկ-երկու օր առաջ հայտարարում էր, թե այսուհետ մեկ օրվա ընթացքում պատրաստ է առավելագույնը 350 միլիոն դոլարի արտարժութային ինտերվենցիա իրականացնել, երբ հոկտեմբերին օրական շուրջ 2 միլիարդ դոլարի ինտերվենցիաներով ռուբլու անկումը կանխել չէր կարողացել:

Վերջերս BBC-ն գրել էր, որ Ռուսաստանի պատմության ամենախոր տնտեսական ճգնաժամի ընթացքում՝ 1917 թվականին, սահմանագիծը, որից այն կողմ տեղի ունեցավ Ռուսաստանի տնտեսական փլուզումը, 1 դոլարի դիմաց 72 ռուբլի փոխարժեքն էր: BBC-ի տեղեկությունը, թերեւս, արխիվային տվյալ է եւ դժվար թե սխալ լինի: Իսկ եթե այդպես է, ապա ռուբլու անկման ներկա տեմպերով առաջանալուց 2015-ի ընթացքում Ռուսաստանն ակնհայտորեն այդ հոգեբանական շեմը կհատի: Իհարկե, ցարական Ռուսաստանի ռուբլու եւ այսօրվա ՌԴ ռուբլու միջեւ գոյություն ունի արժեքային տարբերություն, գուցե այսօր Ռուսաստանի տնտեսական կոլապսի սահմանագիծն այլ լինի, բայց նույնն են ընթացքի ուղղությունը եւ անկման միտումը, ինչ 100 տարի առաջ: Այնպես որ, դժվար է դեժավյուի զգացումը հաղթահարել եւ հավատալ, թե Ռուսաստանը հարյուր տարի անց նույնպիսի տնտեսական փլուզման, սովահարության ու ներքին ընդհարումների թատերաբեմ չի դառնա, ինչպես Առաջին համաշխարհայինի տարիներին:

Այժմ դրությունն ավելի աննախանձելի է, որովհետեւ ռուսական պետություններն ամեն կես դարը մեկ ջախջախվել են կամ, արյունաքամ լինելով, պաշտպանվել, կամ տնտեսապես փլուզվել Նապոլեոնի արշավանքներում, Ղրիմի պատերազմում, Առաջին համաշխարհայինում, Երկրորդ համաշխարհայինում, ԽՍՀՄ փլուզման ժամանակ, բայց բոլոր այդ աղետները վրա են հասել Ռուսաստանի վատ կառավարման, նյութատեխնիկական անբավարարության, մարդուժի անխիղճ եւ անմիտ ոչնչացման եւ նման այլ ներքին գործոնների արդյունքում: Երբեք այդպես չի պատահել, որ արտաքին աշխարհը նպատակադրված Ռուսաստանին մեկուսացներ եւ տնտեսական ճնշման ենթարկեր: Մինչդեռ հիմա հենց դա է պատահել:

Արդյունքը եղավ այն, որ Ռուսաստանի պահուստային ֆոնդերի մեկ երրորդը մի քանի ամսում մսխվեց, մաքուր կապիտալի արտահոսքն արդեն կազմել է 110 միլիարդ, եւ տնտեսագետները կարծում են, որ տարվա կտրվածքով կգերազանցի 150 միլիարդ դոլարը, նվազագույնը 1 բարելի դիմաց 120 դոլարի հաշվարկով կազմով բյուջեն այժմ հարկադրված է հարմարվել 1 բարելի դիմաց 80 դոլար եւ ավելի ցածր վճարներին եւ այլն: Իսկ ամենաէականը՝ արեւմտյան պատժամիջոցները, որոնց արդյունքում այս ողջ անկումը թափ է հավաքել եւ Ռուսաստանին անշեղորեն տանելու է դեպի տնտեսական փլուզում, ոչ միայն չեն հանվելու, այլեւ, ամենայն հավանականությամբ, խստացվելու են:

Երբ Վլադիմիր Պուտինն սկսում էր իր ղրիմյան արկածախնդրությունը, թերեւս հաշվարկում էր, որ Ղրիմից հետո կառաջանա Արեւելյան Ուկրաինայում՝ Դոնբասում, այնուհետ լավագույն դեպքում կառաջանա դեպի Կիեւ, վատագույն դեպքում, ի վերջո, ինչ-որ քողածածկույթի ներքո դուրս կգա Դոնբասից, այդտեղ էլ կդրվի վերջակետ: Վերջապես, մի կերպ կամ մյուս, Արեւմուտքը կհաշտվի Ղրիմի անեքսիայի հետ, ինքն էլ՝ Ուկրաինայի եվրոպական եւ եվրոատլանտյան ինտեգրման:

Այժմ ոչ միայն «մտոք», այլեւ «աչոք» կույրին է տեսանելի, որ ՌԴ նախագահը սխալ էր հաշվարկել: Ղրիմը համարյա ծուղակ էր, որի մեջ խճճվեցին Ռուսաստանը եւ Պուտինը: Դրա դիմաց սկսվեցին տնտեսական զորեղ ճնշումները, որոնք կհանվեն միայն, երբ Մոսկվան դուրս գա Ղրիմից: Արեւմուտքը շահում է երկու դեպքում էլ. եթե Պուտինը դուրս գա Ղրիմից՝ դա դաս կլինի եւ կզսպի բոլոր միջազգային օրինախախտներին: Եթե Պուտինը դուրս չգա Ղրիմից, ապա տնտեսական պատժամիջոցները կփլուզեն Ռուսաստանի տնտեսությունը: Մինչդեռ Պուտինի տեսակետից անհնար է գտնել չարյաց փոքրագույնը. դուրս գա Ղրիմից՝ հոգեբանորեն կկոտրի մի ամբողջ ժողովրդի, դուրս չգա՝ տնտեսապես կփլուզի երկիրը:

Մեկնաբանություն
X