ԵՏՄ-ն խոչընդոտ չէ Հայաստան-Արևմուտք կապերի համար

Հարցազույց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ն. Գ. Ջոն Հեֆերնի հետ

Ուկրաինայի ճգնաժամը և դրա ազդեցությունները

- Ամեն պարագայում, բարեբախտաբար, առայժմ Արեւմուտքի եւ Ռուսաստանի առճակատումը ռազմական դաշտում չէ, այլ՝ տնտեսական: Արդեն բոլորը տեսնում են, թե ինչպես են միջազգային պատժամիջոցները հարվածում Ռուսաստանի տնտեսությանը, բայց ավելի էական է, թե ինչպես են դրանք անդրադառնում ռուսների ու նրանց բարեկամների մտածողության վրա: Այդ մարդկանց համար գրեթե շոկ էր, երբ նախագահ Օբաման ասաց, թե Ռուսաստանն ընդամենը ռեգիոնալ ուժ է, որ սպառնում է իր որոշ հարեւաններին, այն էլ՝ սեփական թուլությունից ելնելով: Այդ մարդիկ սովոր էին մտածել, թե Ռուսաստանը տիեզերքի կենտրոնն է, եւ հիմա տեսնում են իրենց պատկերացումների սնանկությունը: Դա կոտրում է հոգեբանորեն…

  • Կարող է այդպես է: Բայց այդ մարդիկ պետք է գիտակցեն, որ Ռուսաստանն է ստեղծել ճգնաժամն Ուկրաինայի շուրջ, եւ ինքն է իրեն դրել այսօրվա աննպաստ դրության մեջ: Միջազգային հանրությունն անվերջ հորդորում է Ռուսաստանին հարգել միջազգային նորմերը եւ իր սեփական հանձնառություններն Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հանդեպ: Դրա փոխարեն Ռուսաստանն ամեն ինչ անում է միջազգային նորմերը ոտնահարելու եւ Ուկրաինայում համաձայնության, կայունության կամ խաղաղության ցանկացած նշույլ վիժեցնելու համար: Ոչ մի գաղափար կամ շարժառիթ չեն կարող արդարացնել Ռուսաստանի անպատասխանատու քայլերը եւ ագրեսիան: Եվ, իհարկե, այս իրադրությունը խնդիրներ է ստեղծում նաեւ Ռուսաստանի բարեկամների համար:

Հայաստանը նույնպես սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ եւ Ուկրաինայի խնդրում ջանում է ամեն կերպ չեզոքություն պահպանել: Մենք հարգում ենք այդ դիրքորոշումը: Բայց մեկ-երկու անգամ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Եվրոպայի խորհրդում Հայաստանի քվեարկություններն օգտակար կամ համոզիչ չէին չեզոքության տեսակետից: Իհարկե, մենք հետո դիմեցինք, Հայաստանի իշխանությունները բացատրեցին, թե ժողովուրդների ինքնորոշումը Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն է, եւ այլն, մենք դա զեկուցեցինք մեր մայրաքաղաքներին… Բայց փաստարկն այնքան էլ համոզիչ չէր, որովհետեւ ցանկացած քվեարկությունում գոյություն ունի «ձեռնպահի» հնարավորություն:

- Գիտեք, խորհրդային մի գրող, ցավոք, անունը չեմ հիշում, մոտավորապես այդպիսի միտք է ասել. «Եթե չես կարող պաշտպանել ճշմարտությունը, գոնե պահպանիր լռություն»:

  • Այդ դեպքն է: Ինչեւէ, այս վերջին զարգացումները, երբ Հայաստանը չթույլատրեց ուղիղ թռիչք Ղրիմից, թռիչքն իրականացվելու է այլ ռուսական քաղաքներով, ավելի դրական պահվածք է եւ չեզոքության ավելի համոզիչ վկայություն:

- Ես նորից վերադառնամ պատժամիջոցներին եւ փորձեմ դատել՝ հնարավո՞ր է դրանք վերացվեն տեսանելի ապագայում: Պատժամիջոցները սահմանվեցին ի պատասխան Ռուսաստանի՝ Ղրիմ ներխուժելու եւ այն բռնակցելու: Հետո, իհարկե, Ռուսաստանի միջամտությունը Դոնբասի շրջանում դրությունն ավելի վատթարացրեց, բայց եթե Ռուսաստանը, դիցուք, հենց վաղը հեռանա Դոնբասից, պատժամիջոցները կհանվե՞ն: Իմ ընկալումն այն է, որ պատժամիջոցներն ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, որքան կշարունակվի Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը:

  • Իմ ընկալումն էլ դա է: Ես էլ նույն կարծիքին եմ, որ պատժամիջոցները սահմանվել են ի պատասխան Ռուսաստանի ներխուժմանը Ղրիմ եւ այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի հարգի իր սեփական հանձնառություններն Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հանդեպ, որ ամրագրված են մի շարք միջազգային պայմանագրերում, այդ թվում՝ 1994թ. «Բուդապեշտի հուշագրում», այդքան ժամանակ առանձնակի հնարավորություն չկա պատժամիջոցները վերացնելու:
    Որոշ կետերում կարող են լինել փոփոխություններ: Ինքս այնքան էլ լավ չգիտեմ սեպտեմբերին Մինսկում կնքված համաձայնությունների մանրամասները, հնարավոր է այդ փաստաթղթերում լինեն կարգավորումներ, որ Ռուսաստանի կամ պրոռուս անջատողականների որոշակի գործողություններին հետեւեն պատասխան քայլեր ուկրաինական կամ եվրոպական կողմից: Սակայն, ընդհանուր առմամբ, ակնբախ է, որ պատժամիջոցները շարունակվելու են այնքան ժամանակ, որքան Ղրիմը կմնա Ռուսաստանի բռնազավթման եւ բռնակցման ներքո:

- Ես լսեցի, պետքարտուղար Քերրին հայտարարել էր, թե նոյեմբերի սկզբին անջատողականների վերահսկելի տարածքներում կազմակերված ապօրինի ընտրություններից հետո Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն այժմ կարող են վերանայվել եւ էլ ավելի խստացվել: Թերեւս այդ հայտարարությունը, նաեւ արեւմտյան այլ ղեկավարների դատապարտումները դեր կատարեցին, որ Ռուսաստանն սկսեց բառապաշարի մանեւրներ՝ սկզբում ասելով, թե ճանաչում են ընտրությունը, հետո, թե հարգում են ընտրության արդյունքները…

  • Հնարավոր է՝ այդպես է: Պատժամիջոցները կարող են կրճատվել, կարող են եւ, ինչպես ինքդ ճիշտ նկատեցիր, ընդհակառակը՝ խստացվել: Ամեն ինչ կախված է Ռուսաստանի վարքից:

Գիտեմ, Հայաստանում որոշակի անհանգստություն կա Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների առնչությամբ, քանի որ դրանք ազդում են Ռուսաստանի տնտեսության, ֆինանսական սեկտորի, բիզնեսի վրա, արդյունքում ավելի քիչ տրանսֆերտներ են գալիս Հայաստան, այլ տնտեսական կապեր են վտանգվում: Բայց դրանք պատժամիջոցների կողմնակի հետեւանքներ են, որոնցից հնարավոր չէ խուսափել: Հայաստանի դեմ որեւէ պատժամիջոց չի գործադրված, իսկ եթե կան հայկական ընկերություններ, բիզնեսներ, որ տուժում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից, այդ դեպքում վերջիններս ուղղակի պետք է վերագնահատեն իրավիճակը եւ դրան հարմարեցնեն իրենց գործունեությունը:

**Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները **

- Պրն դեսպան, Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները, իհարկե, բարեկամական են, դրանք հաջողությամբ զարգանում են, բայց, միեւնույն է, հեռու են այն խորությունից եւ սերտ բնույթից, որ պատշաճ էր՝ ունենային, հաշվի առնելով ԱՄՆ-ի պատմական կապը Հայաստանի հետ, Ազգերի լիգայի իրադարձությունները…

  • Ես ուրախ եմ լսել, որ դու այդպես ես մտածում…

- Այո, ես այդպես եմ մտածում… բայց որտե՞ղ է խոչընդոտը, որը թույլ չի տալիս, որ այդ հարաբերությունները դառնան ավելի խորը, ամուր եւ ռազմավարական: Խնդիրները Հայաստանի ներսո՞ւմ են, կապված են ժողովրդավարությա՞ն հետ, քաղաքական դաշտի՞, արդարադատությա՞ն եւ այլն, թե՞ արտաքին, ասենք՝ աշխարհաքաղաքական գործոններ են:

  • Լավ, այն, ինչ ես կարող եմ ասել՝ իհարկե, կան մարտահրավերներ: Բայց մարտահրավերներ կան, եւ դրանք բնական են ցանկացած երկրների միջեւ երկկողմ հարաբերություններում: Մեր հարաբերությունների օրակարգում, եթե, օրինակ, անդրադառնանք տնտեսությանը, կան ճյուղեր, որտեղ համագործակցությունը ծաղկում է, ինչպես IT ոլորտում: Գիտեք, բազմաթիվ ամերիկյան ընկերություններ հետաքրքրված են այստեղ գործընկերության հաստատումով, ժամանում են այստեղ, հիմնում են համատեղ ձեռնարկություններ, կազմում համատեղ ծրագրեր, եւ համագործակցությունը ողջ թափով զարգանում է:

Մեկ այլ հաջող օրինակ կա էներգետիկ ոլորտում: Գիտեք, Հայաստանի տնտեսության այս ոլորտում երկար գերիշխել է մեկ գործընկեր: Հիմա Որոտանի հիդրոկայանի գործարքը զանազանում է արտաքին ներկայությունը ձեր էներգետիկ ոլորտում: Իմիջիայլոց, Որոտանի գործարքը եւ մոտ 250 միլիոն դոլարի ներդրումը մի շարք ցուցիչներով գերազանցում է բոլոր մյուս ներդումները, որ մինչ այժմ ամերիկյան բիզնեսը կատարել է Հայաստանում: Գործարքը դեռ ավարտին չի հասել, բայց ընթացող բանակցությունների մթնոլորտը բարենպաստ է, եւ ես լավատես եմ վերջնական արդյունքի առնչությամբ: Բայց, իհարկե, Հայաստանի բիզնես միջավայրը, ընդհանուր առմամբ, ունի խնդիրներ՝ օրենսդրական դաշտ, դատական համակարգի անկախություն եւ այլն, որոնք պետք է բարելավվեն:

Գալով ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների քաղաքական-դիվանագիտական կողմին, այստեղ երկու հիմնական մարտահրավեր կա՝ Թուրքիայի հետ հարաբերությունները եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Գիտեք, ԱՄՆ իշխանությունը, ներառյալ ամենաբարձր մակարդակները, խորությամբ ներգրավված է երկու խնդիրների ուղղությամբ էլ լուծումների փնտրտուքին: Ինչ խոսք, մենք ուրախ կլինեինք, որ արդեն հասած լինեինք ձեռքբերումների եւ լուծումների, բայց իրականությունն այն է, որ առայժմ շարունակվում են աշխատանքները:

- Մինչեւ դիվանագիտական ոլորտին անցնելը կարելի՞ է այս խառնաշփոթին անդրադառնալ, որ կոչվում է ԵՏՄ: Ինքս այն մարդկանց թվին չեմ պատկանում, ովքեր հասկանում են, թե ինչ է դրա էությունը կամ ապագան, կամ Հայաստանն ինչ ներգրավում է ունենալու դրանում: Ուղղակի հիշում եմ, որ սկզբից նախագահ Սարգսյանը ցանկություն հայտնեց միանալ Մաքսային միությանը, հետո, իբր, ճանապարհային քարտեզ կազմվեց այդ գործընթացի կարգավորման համար, մի տարի հետո թղթեր ստորագրվեցին մեկ այլ միության միանալու մասին, դրանք էլ առայժմ վավերացված չեն նույնիսկ Հայաստանում… կատարյալ խառնաշփոթ: Այդուհանդերձ, ինձ սա է հետաքրքրում. Հայաստանի ներգրավումը Պուտինի ԵՏՄ ձեռնարկին կարո՞ղ է խոչընդոտել կամ վնասել Հայաստանի տնտեսական կապերին Արեւմուտքի եւ, մասնավորապես, ԱՄՆ-ի հետ:

  • Համաձայն եմ, որ շատ անորոշություն կա եւ ինքնին ԵՏՄ-ի շուրջ, եւ դրանում Հայաստանի ներգրավման հարցում: Բայց ինչպիսին էլ լինի այդ ներգրավումը, չեմ կարծում, որ դա կկանխի կամ կխոչընդոտի Հայաստանի տնտեսական կապերի ընդլայնմանը, համագործակցությանն Արեւմուտքի հետ, ԵՄ-ի, ԱՄՆ-ի:
    Կարծում եմ՝ պատկերն ավելի ճիշտ նման կլինի նրան, ինչ տեսնում ենք ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերություններում: Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, բայց դա երբեք չի խոչընդոտել ՆԱՏՕ-ի հետ կապեր հաստատելուն, համագործակցություն զարգացնելուն, ՆԱՏՕ-ի բազմաթիվ ձեռնարկներում հաջողությամբ ներգրավվելուն: Ես ակնկալում եմ, որ մոտավորապես նույն պատկերը կհաստատվի տնտեսական դաշտում:

Շարունակելի

Սկիզբը՝ http://hraparak.am/?p=66916&l=am/herankarnery+qajalerox+en+ev+xostumnalic

Անգլերեն բնագիրն այստեղ՝ http://hraparak.am/?p=67468&l=am/the+perspectives+are+encouraging+and+promising

Մեկնաբանություն
X