Փոխվստահության ամրապնդման ուղղությամբ ինչ-որ բան պետք է արվի

Հարցազրույց Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն. Գ. Ռայներ Մորելի հետ:

  • Ոչ միայն պատերազմը ավերակեց տնտեսությունը, այլեւ դրանից առաջ երկրաշարժը, Խորհրդային Միության փլուզումը, հարյուր հազարավոր փաստականների ներհոսքը… Ամեն դեպքում, պատկերացրեցի, թե Դուք ինչն եք համարում ձեռքբերումներ: Իսկ ի՞նչ կասեք ձախողումների մասին, ի՞նչը կարող էր ավելի լավ արվել:

  • Լավ, բայց ես սկզբից եւեթ ասեմ, որ, հյուր լինելով ձեր սքանչելի երկրում, չէի ցանկանա որեւէ քաղաքականության միջամտել: Հետեւաբար, ես միայն կհայտնեմ որոշ նկատառումներ, որ ինքներդ էլ գիտեք, դրանք շրջանառվում են հասարակության մեջ: Դա օլիգարխիայի խնդիրն է, հովանավորչության խնդիրը, անկախ դատական համակարգի խնդիրը: Ձեր գործընկերներն ու բարեկամները պատրաստ են ամենայն օժանդակություն ցուցաբերելու, որ հաղթահարեք այդ խնդիրները:
    Եվ ցանկանում եմ մի ասպարեզ ավելացնել, որտեղ, կարծում եմ, Հայաստանը կարող էր ավելիին հասնել՝ ՓՄՁ-ները (փոքր եւ միջին ձեռնարկությունները): Վարչապետն արդեն այս ուղղությամբ ջանքեր է գործադրում: Ես կցանկանայի, որ Հայաստանում ավելի շատ ՓՄՁ-ներ ուղղակի սնկերի պես աճեին: ՓՄՁ-ները հարաբերականորեն ավելի արագ են աշխատատեղեր ստեղծում, հետեւաբար, բնակչությունը ավելի շատ եկամուտներ կունենա եւ կմնա Հայաստանում: Եթե որեւէ կերպ այս հարցում կարող ենք օգնել, ուրախությամբ մեր կարողության առավելագույնը կանենք:

  • Հենց այդ թեմայով ես մի հարց ունեմ: Գիտեք, ես միշտ զարմացել եմ, թե ինչպես է, որ գերմանական արդյունաբերական հսկաները, անգամ միջին ընկերություները, դեռ մուտք չեն գործել Հայաստան, այստեղ չեն հիմնել ձեռնարկություններ, մասնաճյուղեր:

  • Գործարար մարդիկ կարող են իրենց պատճաբանությունն ունենալ, բայց ինձ թվում է՝ ուղղակի բոլոր այն գերմանական ընկերությունները, որոնք ցանկություն կամ ծրագրեր են ունեցել Եվրոպայում իրենց գործունեությունն ընդլայնելու, արդեն հաստատվել են նախկին սոցիալիստական երկրներում կամ հենց Ռուսաստանում: Այսօր մոտ վեց հազար գերմանական ընկերություն է գործում Ռուսաստանում: Կարծում եմ՝ ուղղակի Եվրոպայում ընդլայնվելու նրանց ձգտումներն այդտեղ էլ ավարտվել են, դրա համար էլ չեն առաջացել դեպի հարավ եւ Հայաստան: Արդեն մի որոշ ժամանակ այս պատկերն էր, այժմ էլ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները, ԵՏՄ-ի կազմավորումը, դրան միանալու Հայաստանի մտադրությունն ավելի մեծ անորոշություն են ստեղծել: Հետեւաբար, հնարավոր է հիմա յուրաքանչյուրն էլ ուղղակի դադար է վերցրել՝ տեսնելու, թե ինչ կլինի հետո:

- Այսպիսով, հանգում ենք նրան, որ չափազանց շատ բան կախված է քաղաքականությունից, հետեւաբար, ես հարցնեմ Գերմանիայի ԱԳ նախարար Վալտեր-Շտայնմայերի վերջերս Հայաստան կատարած այցի մասին:

  • Մենք շատ ուրախ էինք մեր արտգործնախարարին Երեւանում տեսնելու, այցը հոկտեմբերի 23-ին էր: Քաղաքականությունում, ինչպես նորմալ կյանքում, ոչինչ չի կարող փոխարինել անձնական շփումներին եւ կապերին: Հետեւաբար, ես ուրախ եմ, որ սա արդեն Շտայնմայերի եւ Նալբանդյանի երկրորդ հանդիպումն էր 2014-ի ընթացքում. մայիսին նախարար Նալբանդյանն էր այցելել Բեռլին:
    Քննարկումները, իհարկե, առնչվեցին Լեռնային Ղարաբաղի խնդրին եւ դրա հանգուցալուծման ուղիներին: Գերմանիան 100%-ով սատարում է Մինսկի խմբի համանախագահների ուղեգծին, այն է՝ այդ հիմնախնդիրն ունի միայն խաղաղ լուծում: Եվ հատկապես Մադրիդյան սկզբունքները, որ ձեւավորվել են Մինսկի խմբի կողմից, լուծման ուղու վրա կանգնելու հիմնաքարն են:
    Գերմանիան դատապարտում է ուժի գործադրումը այս հակամարտությունում, ինչին հատկապես ականատես եղանք հուլիս-օգոստոսին եւ ճիշտ այս օրերին, երբ խոցվեց ուղղաթիռը, եւ զոհվեց անձնակազմը: Մեր ցավակցություններն ենք հայտնում զոհված զինվորների ընտանիքներին: Մենք երկու կողմերին էլ հորդորում ենք, որ ձեռնպահ մնան ուժի կիրառումից, եւ կցանկանայինք, որ կողմերն իսկապես համաձայնության հասնեին փոխվստահության ամրապնդման հարցում: Յուրաքանչյուրն էլ այս վերջին ամիսներին կատարվածից հանգում է եզրակացության, որ փոխվստահության ամրապնդման առումով ինչ-որ բան պետք է արվի:
    Եվ, իհարկե, նախարար Շտայնմայերը մտքերի լայն փոխանակության ունեցավ թե իր գործընկերոջ՝ պրն Նալբանդյանի, թե Նորին գերազանցություն նախագահի հետ: Թեման վերաբերում էր տարածաշրջանային եւ միջազգային քաղաքականությանը: Բայց կհասկանաք՝ ավելի շատ մանրամասներ չեմ կարող հայտնել:

- Ափսոս, որ դիվանագիտության կանոնները երբեք չեն փոխվում: Այնուամենայնիվ, չե՞ք ասի՝ մասնավորապես, Հայաստան-ԵՄ հարաբերությունների շուրջ քննարկումներ եղե՞լ են:

  • Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների առնչությամբ դիրքորոշումն իմ նախարարը հայտնեց պրն Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում. «Գերմանիան հարգում է Հայաստանին իբրեւ իր գործընկերոջ, որը, անկասկած, իրավունք ունի կատարելապես ինքնիշխան կերպով կայացնելու իր քաղաքականության վերաբերյալ որոշումները, այդ թվում՝ Մաքսային միությանը կամ Եվրասիական տնտտեսական միությանը միանալու խնդրով»:
    Նախարար Շտայնմայերը նաեւ ասաց, որ ինքը տեսնում է Արեւելյան գործընկերությունը շարունակելու Հայաստանի ցանկությունը: Գերմանիան լիովին սատարում է Հայաստանի կառավարության քաղաքականությանը ԵՄ առնչությամբ: Անցյալ տարի նախագահ Սարգսյանը Վիլնյուսում հստակորեն ցույց տվեց, որ Հայաստանը ցանկանում է պահպանել ամենը, ինչ մինչ այժմ ձեռք է բերվել ԵՄ-ի հետ հարաբերություններում: Վիլնյուսում, ըստ էության, համաձայնագիր չկար ստորագրելու, բայց կողմերը, գիտեք՝ նախարար Նալբանդյանը եւ Լեդի Էշթոնը, պաշտոնապես Նամակներ փոխանակեցին:
    Մենք ցանկանում ենք շարունակել համագործակցությունը Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ, եւ այդ համագործակցությունը կառուցակարգելու ուղղությամբ առաջին հանդիպում-նիստը կայացավ նոյեմբերի 4-ին, Բրյուսելում: Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է արագ գալ համաձայնության aquis-ի (մինչ այժմ ձեռք բերվածի) հիման վրա: Թե սա որքան արագ կկարողանանք անել, ներկա պահին կախված է հայկական կողմից: Հայկական կողմը պետք է մեզ ասի, թե ինչի շուրջ կարող ենք համաձայնության գալ՝ հաշվի առնելով նաեւ ԵՏՄ-ին միանալու մասին Հայաստանի ստորագրած պայմանագրի կարգավորումները:

  • Երկկողմ հարաբերություններում, ենթադրում եմ, արտգործնախարարներն ուղղակի հաստատել են, որ ամեն ինչ հրաշալի է:

  • Այո, ամեն ինչ լավ է, բայց նախարարները քննարկեցին, թե երկկողմ՝ արդեն առկա ինտենսիվ փոխհարաբերություններից այն կողմ ուրիշ ինչ է հնարավոր անել: Օրինակ, 2013-ին մեր երկկողմ առեւտրաշրջանառությունը կազմել է 200 միլիոն եվրո, եւ 2014-ի առաջին կիսամյակում արձանագրվեց եւս 9.2% աճ: Մեր զարգացման համագործակցությունն ամուր է, Գերմանիան Հայաստանի ամենամեծ երկկողմ դոնորներից մեկն է: Դուք գիտեք, մեր GIZ-ի (Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունն է) եւ KFW-ի անձնակազմերը շատ ակտիվ են Հայաստանում: Մենք սեպտեմբերին երկկողմ բանակցություններ էինք վարում եւ հանձնառություն ստանձնեցինք եւս մոտ 113 միլիոն եվրոյի ծավալով նոր ծրագրեր իրականացնել:

  • Ավելի քան հրաշալի է: Եվ իմ վերջին հարցը, որ մի քիչ աղերսվում է փիլիսոփայությանը: Դուք կհամաձայնե՞ք, որ 2014-ը եթե ոչ ջրբաժան, ապա առնվազն շրջադարձային տարեթիվ դարձավ Եվրոպայի պատմության մեջ, քանի որ Երկրորդ աշխարհամարտից ի վեր հազիվ թե դիմակայությունը մայրցամաքում երբեւէ հասել էր այսպիսի լարման:

  • Այդ հարցին շատ դժվար է պատասխանել: Ես սկսեմ հայացքը ետ շրջելուց դեպի 1990-ականներ: ԽՍՀՄ փլուզումից հետո նոր երկրները, որոնք Խորհրդային Միության կազմում էլ գոյություն ունեին, հնարավորություն ստացան հաստատվելու իբրեւ իրապես անկախ պետություններ: Եվ Եվրոպայում հաստատվեց ամուր քաղաքական գիտակցություն, որ նոր առաջացած սահմաններն անձեռնմխելի են: Այս գիտակցությունը հաջողությամբ պահպանվում էր, մինչեւ Ռուսաստանն սկսեց վիճարկել այս ընդհանրական դրվածքը: Ավելին՝ Ղրիմի բռնակցումով եւ Ուկրաինայի արեւելքում ծավալած իր գործողություններով Ռուսաստանը ոտնահարեց միջազգային իրավունքը: Եվրոպան չէր կարող դա հանդուրժել, սովորականի նման հարաբերություններ շարունակել: Մենք զգում ենք, որ Ռուսաստանին սթափեցնելու կարիք կա: Եվ Եվրոպայի կողմից սահմանված պատժամիջոցները խնդիր ունեն Ռուսաստանին այդ ազդանշանը հասցնելու, որ իր վարքագիծն անհանդուրժելի է:

  • Նախագահ Պուտինը սխալ չէ՞ր հաշվարկել իր քայլերի հետեւանքները եւ միջազգային արձագանքը:

  • Գիտեք, գերմաներենում մենք մի ասացվածք ունենք, որն ասում է. ինչ-որ տեղ մուտք գործելուց առաջ պետք է նախ ելքի մասին մտածել: Դա նշանակում է, որ ետդարձի ճանապարհը պետք է նախապես իմանալ: Նախագահ Պուտինը միջամտեց Ուկրաինայի գործերին, հավանաբար ենթադրելով, որ Եվրոպայում տարբեր շահերը չափազանց շատ են, որոշ երկրներ, ինչպես Գերմանիան, հազարավոր տնտեսական թելերով կապված են Ռուսաստանին եւ հազիվ թե ցանկանան այդ կապերը խզել, հետեւաբար, հազիվ թե Եվրոպան կարողանա միավորվել եւ մեկ ձայնով խոսել, ուր մնաց պատժամիջոցներ սահմանել: Բայց Եվրամիությունը միացյալ քայլեր ձեռնարկեց եւ սահմանեց պատժամիջոցները՝ ցույց տալու համար Ռուսաստանին, թե ինչն է վտանգվում եւ իր համար, եւ հետագա հարաբերությունների:
    Սակայն, չնայած պատժամիջոցների ազդեցությանը, ռուսական կողմից իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ քայլեր չենք տեսնում: Ռուսաստանը սեպտեմբերի 5-ին եռակողմ պայմանագիր ստորագրեց Մինսկում՝ ստանձնելով անջատողականներին զենքի մատակարարումը դադարեցնելու, սահմանը վերահսկելու պարտավորություններ, սակայն, ինչպես Վան Ռոմպույն օրերս ասաց Բրիսբենում, «ԵՄ-ն շատ է ցավում, բայց Ռուսաստանը ոչնչով չի հարգում Մինսկում ստանձնած իր հանձնառությունները»:
    Սա է ընդհանուր պատկերը: Սա արդե՞ն ջրբաժան է եւ շրջադարձ… չեմ կարող ասել: Բայց բոլորը պետք է աշխատեն, որ Մինսկի պայմանագրերն իրագործվեն:

Մեկնաբանություն
X