Աստանան այսօր տապալեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը

Դժվար է կռահել, այս Ամանորին՝ իր ավանդական հեռուստատեսային ուղերձում ինչ է ճառելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, բայց այդ պահին իմաստ կունենա մտովի շնորհակալություն հայտնել եւ արեւշատություն մաղթել Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւին, որովհետեւ ակնհայտորեն, ոչ թե Սարգսյանը, այլ Նազարբաեւն է Հայաստանը փրկում Եվրասիական թյուրիմացությունից:

Ի՞նչ է այսօր արել Նազարբաեւը: Մի ֆրազով՝ այսօր գործնականում վերջնաժամկետն էր, երբ Հայաստանի՝ ԵՏՄ պայմանագրի միանալու մասին պայմանագիրը կարող էր ներկայացվել Ղազախստանի խորհրդարանին, որպեսզի թեկուզ տիեզերական արագություն զարգացնելու գնով, հնարավոր լիներ մինչեւ տարեվերջ պայմանագիրը վավերացնել: Առավոտյան պարզ դարձավ, որ վերջնագիծը հատվել է, պայմանագիրը չի ներկայացվել Ղազախստանի խորհրդարան:

Իհարկե, պայմանագիրը ներկայացնելը դեռ չէր էլ նշանակում, թե այն անմիջապես շրջանառության մեջ կդրվեր, առավել եւս՝ Մեջլիսի առաջիկա նիստում կքննարկվեր, էլ ուր մնաց քննարկումները մի օրում ավարտվեին, վերպահումներ եւ առարկություններ չլինեին եւ պայմանագիրն էլ հաստատվեր, ուղարկվեր Սենատ: Նման հեքիաթ անգամ Գրիմ եղբայրների երկերում չի պատահում: Բայց հրաշալին այն է, որ Հայաստանի պայմանագիրը առհասարակ չի էլ ներկայացվել Մեջլիս, երբ դրանից հետո էլ դեռ կա Սենատ:
Ղազախստանի սահմանադրության համաձայն այդ երկրի խորհրդարանը կազմված է երկու պալատներից՝ Մեջլիս եւ Սենատ: Դարձյալ համաձայն սահմանադրության՝ Մեջլիսի նիստեր գումարվում են միայն չորեքշաբթի եւ հինգշաբթի օրերին:

Ելնելով այդ դրվածքից ամեն ուրբաթ, բնականաբար նաեւ այսօր, Մեջլիսի կայքում հրապարակվում է օրինագծերի ցանկը, որոնք մուտք են արվել Մեջլիս եւ առաջիկա մի քանի ամսում քննարկվելու են: Հասկանալիորեն, եթե օրինագիծը ուրբաթ օրը հապարակված ցանկում չկա, այն չի կարող հաջորդ չորեքշաբթի կամ հինգշաբթի քննարկվել Մեջլիսի նիստերում: Ինչպես ասվեց, Հայաստանի՝ ԵՏՄ պայմանագրին միանալու մասին փաստաթուղթը արդեն չկա այսօր հրապարակված ցանկում:

Այժմ եթե նույնիսկ Հայաստանի պայմանագիրը հաջորդ ուրբաթ օրվա, այսինքն՝ դեկտեմբերի 19-ի ցանկով Մեջլիսում դրվի շրջանառության մեջ, դրան հաջորդող չորեքշաբթի-հինգշաբթի օրերին էլ՝ դեկտեմբերի 24-25-ին Մեջլիսում նիստեր լինեն, եւ մի անիրական, երեւակայական սցենարով պայմանագիրը քննարկվի, նույնիսկ ընդունվի, այն այլեւս չի հասնի Սենատում քննարկվելու: Սենատի վերջին նիստը դեկտեմբերի 25-ին է: Դրանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է պայմանագիրը վավերացված լիներ Մեջլիսում, որպեսզի ուղարկվեր Սենատ, այնտեղ ստացվեր, Սենատի բյուրոյի նիստով անցներ եւ հասներ Սենատի քննարկման:

Այժմ այդ ամենը անհնար է: Այդքանով էլ Հայաստանի՝ ԵՏՄ պայմանագրին միանալը գործնականում տապալված է:

Ի դեպ նույնպիսի իրադրություն էլ Բելառուսի խորհրդարանում է, որովհետեւ դա էլ երկպալատ խորհրդարան է եւ ստորին՝ Ներկայացուցիչների պալատի հաջորդ նիստը դեկտեմբերի 17-ին է, իսկ վերջին նիստերի սահմանադրական ժամկետը թե ստորին, թե վերին պալատների համար դեկտեմբերի 19-ն է: Վերջնաժամկետը սահմանադրական է, հաշվարկվում է «Խորհրադարանի աշնանային նստաշրջանը սկսվում է հոկտեմբերի 2-ից եւ չի կարող տեւել ավելի քան 80 օր» սահմանադրական կարգավորմամբ, ինչն ի դեպ երբեք չի խախտվել:

Այնպես որ բոլոր ժամկետները Բելառուսի մասով ավարտվում են հաջորդ շաբաթ, իսկ Ղազախստանն իր մասով, կարելի է արձանագրել, որ արդեն տապալեց Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագրի վավերացումը:

Ովքեր էլ ծանոթ են 2014-ի մայիսին Աստանայում կնքված ԵՏՄ պայմանագրին, հատկապես դրա 108 հոդվածին, գիտեն, որ ԵՏՄ պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը կամ պետք է բոլոր չորս երկրներում վավերացվեր մինչեւ 2015-ի հունվարի 1-ը, կամ էլ այն մի կողմ է շպրտվելու:

2015-ի հունվարի 1-ից ԵՏՄ-ն կսկսի գործել, այդքանով էլ ԵՏՄ պայմանագիրը կմտնի ուժի մեջ, եւ դրա 108 հոդվածի կարգավորումներին բացարձակապես չհամապատասխանող, գրեթե ԵՏՄ հիմնադիր անդամի կարգավիճակի հավակնող Հայաստանի պայմանագիրը ինքնաբերաբար կդառնա ԵՏՄ պայմանագրին հակասող՝ բոլոր հետեւանքներով:

Մեկնաբանություն
X