ԵՏՄ անդամակցության տապալումը. Հետհաշվարկ` օր 2

Երեկ ամեն ինչ հրաշալի էր Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության տապալման տեսակետից՝ ընդսմին ոչ միայն Ղազախստանում եւ Բելառուսում:
Ղազախստանում երեկ եւ այսօր տոնում են Անկախության օրը, հետեւաբար այսօր էլ չի աշխատում երկրի խորհրդարանը, եւ Մեջլիսը նիստ չի գումարում: Դա ինքնաբերաբար նշանակում է, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի շրջանառության մեջ դրվելը հետաձգվում է հաջորդ շաբաթվան: Դեկտեմբերի 24-ին կկայանա Մեջլիսի վերջին նիստը ընթացիկ տարում, որի ընթացքում հնարավոր է Հայաստանի պայմանագիրը դրվի շրջանառության մեջ: Դրանից հետո մինչեւ տարեվերջ այլեւս չի լինի ոչ նիստ, ոչ քննարկում, ոչ էլ վավերացում նույնիսկ Մեջլիսում, դեռ Սենատը մի կողմ թողած:

Բելառուսում Ղազախստանից էլ բարենպաստ իրադրություն է պայմանագրի տապալման տեսակետից: Երեկ էլ Հայաստանի պայմանագիրը չներկայացվեց Բելառուսի խորհրդարան: Համենայն դեպս ստորին՝ Ներկայացուցիչների պալատի Միջազգային հարցերի հանձնաժողովում պայմանագրի ստացման մասին չկար հաղորդում: Իսկ այսօր Ներկայացուցիչների պալատը գումարում է լիագումար նիստ: Արդյոք սա վերջի՞նն է տարվա ընթացքում, թե՞ վերջին նիստը կգումարվի ուրբաթ, դեկտեմբերի 19-ին, կիմացվի այսօր: Ամեն դեպքում դեկտեմբերի 19-ին սահմանադրականորեն կավարտվի Բելառուսի խորհրդարանի նստաշրջանը եւ այլեւս չի լինի ոչ մի նիստ մինչեւ տարեվերջ:

Իսկ 2015-ի հունվարի 1-ից հետո, ինչպես առիթ ունեցել ենք ասելու՝ Հայաստանի պայմանագիրը կհակասի գործողության մեջ մտած ԵՏՄ պայմանագրին, այդքանով էլ ենթակա չի լինի վավերացման: Ինչու եւ ինչպես՝ կներկայանենք դեկտեմբերի 19-ին, բացատրելով Հայաստանի պայմանագրի բախումը բուն ԵՏՄ պայմանագրի 2-րդ եւ 108-րդ հոդվածների հետ: Բայց նախ թող բարեհաջող հասնենք դեկտեմբերի 19-ին եւ պայմանագրի անդարձելի տապալումը արձանագրենք:

Ի միջի այլոց Բելառուսում Հայաստանի պայմանագրի չվավերացվելը որքան էլ մեզ համար առաջնային լինի, էլ ավելի ուշագրավ է այն, թե ինչ է կատարվում ռուս-բելառուսական հարաբերություններում ընդհանրապես: Իբրեւ դափնեպսակ Ռուսաստանի մասին վերջին օրերին արած բոլոր իր սկանդալային հայտարարությունների, երեկ էլ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել եւ ըստ էության խոսել Ռուսաստանի հետ հնարավոր հիբրիդային պատերազմի մասին: Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը թող միայն փորձի սադրանքի դիմել եւ ռազմական գործողություններ սկսել, չնայած միջուկային զենք չունենալուն՝ Բելառուսը բավարար զինուժ եւ ռազմական հզորություն ունի հակահարված հասցնելու: “Մեզ վրա սրով եկողը, ինքը սրից կընկնի”, հայտարարել է Լուկաշենկոն:

Ռուսաստանն իր հերթին երեկ համաշխարհային ֆինասական newsmaker էր դարձել: Մեկ դոլարը երեկ դարձավ 80 ռուբլի, մեկ եվրոն 100 ռուբլի: Տնտեսագետները խոսում են տնտեսական դեֆոլտի մասին, քանի որ ընդամենը հոկտեմբերին դոլարի 40 ռուբլի դառնալը համարում էին անկում: Այժմ ռուբլին այնպես գահավիժեց, որ ցարական Ռուսաստանի կործանման տարեթվի՝ 1917-ի 72 ռուբլին 1 դոլարի դիմաց պատմական վերջնագիծն էլ հատեց: Ի դեպ երեկ ռուսական ռուբլու փլուզմանը հետեւած ցնցումներ արձանագրվեցին նաեւ Հայասատանում, դոլարի փոխարժեքի թռիչքաձեւ բարձրացումով:
Կողմնակի հայացքով էլ տեսանելի է, որ Հայաստանում դոլարի փոխարժեքը բարձանում է, որովհետեւ դատարկ թղթի վերածվող ռուսական ռուբլու զանգվածը լցվում է Հայաստան եւ փոխանակվում արտարժույթի: Մնում է հարցը՝ ինչո՞ւ Հայաստանի ֆինանսական իշխանությունները ռուբլու փոխարժեքը չեն սահմանում այնքան ցածր, որ անիմաստ դառնա ռուբլին Հայաստան ներկրելը եւ այստեղ արտարժույթի վերածելը: Փոխարեն ռուբլու կուրսը իջեցնելու՝ դոլարի կամ եվրոյի կուրսը բարձրացնելո՞վ են հավասարակշռություն ապահովում:

Ինչեւէ, մինչ ռուսական ռուբլին ամեն հավասարակշռություն կորցրած գահավիժում է, նախագահ Պուտինը կարծես սթափվելու նշաններ է ցույց տալիս: Ամեն դեպքում Դոնբասում ռազմական գործողությունները վերջապես դադարել են եւ կիրակի օրվա Քերրի-Լավրով հանդիպումից հետո Լավրովը հայտարարել էր, թե Ռուսաստանը ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը եւ երկրի դաշնայնացման կամ ներքին կառուցվածքին առնչվող որեւէ պահանջ չի ներկայացնում: Այլ կերպ ասած, Ռուսաստանը վերջապես պոչերը հավաքում է Ուկրաինայից:

Այդուհանդերձ, որպեսզի Ռուսաստանում չկարծեն, թե մեծ գործ են անում միջազգային իրավունքի ոտնահարումները դադարեցնելով, ԱՄՆ սենատը շաբաթ օրը ընդունեց Ուկրաինային ռազմական աջակցության եւ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների օրինագիծը՝ The Ukraine Freedom Support Act: Երեկ էլ հայտնի դարձավ, որ նախագահ Օբաման այս շաբաթ օրինագծը կստորագրի: Այն ըստ էության նախատեսում է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի նույնպիսի փլուզում, ինչպիսին մինչ այժմ պատահեց Ռուսաստանի ֆինանսական համակարգի եւ էներգետիկ սեկտորի հետ:

Մեկնաբանություն
X