Վերջնագիծը հատվեց․ ԵՏՄ պայմանագիրը խախտումներով վավերացվեց

Ինչպես արդեն հայտնի է, Բելառուսի խորհրդարանի երկու պալատներն էլ երեկ վավերացրին Հայաստանի՝ ԵՏՄ պայմանագրին միանալու մասին պայմանագիրը: Պայմանագիրը վավերացվեց Բելառուսի խորհրդարանի կանոնակարգի ծայրեծայր ոտնահարումով: Երեւի չկա մի հոդված, որ խախտված չլինի՝ սկսած այնտեղից, որ եթե անգամ որեւէ օրինագիծ համարվում է հրատապ, այն պետք է պարտադրաբար պալատի նիստում քննարկվելուց առնվազն 2 օր առաջ պատգամավորներին բաժանված լինի, մեկ օր էլ առաջ նկատառումները եւ առաջարկություններն ամփոփվեն գլխադասային հանձնաժողովում:

Կամ որեւէ օրինագիծ չի կարող ներայացվել պալատի նիստին, առանց հանձնաժողովում քննարկման եւ եզրակացության: Եվ տասնյակ այսպիսի կանոնակարգային հոդվածներ, որ ամբողջովին ոտնահարվել են Հայաստանի ԵՏՄ պայմանագիրը վավերացնելիս: Պայմանագիրը միանգամից ներկայացվել է նիստում եւ դրվել քվեարկության, ենթադրելի է՝ գուցե նույնիսկ այն չեն հասցրել բազմացնել եւ պատգամավորներին բաժանել: Նույնկերպ էլ Ներկայացուցիչների պալատի քվեարկությունից հետո, դեռեւս պալատի նիստը չավարտված, փաստաթուղթը վազեցրել են վերին պալատ, որպեսզի ընթացող Հանրապետության խորհրդի նիստում էլ հասցնեն քվեարկել: Նույնպիսի ակրոբատիկ ընթացքով Ղազախստանի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատն էլ երեկ, Մեջլիսից մեկ օր հետո, վավերացրեց Հայաստանի ԵՏՄ պայմանագիրը:

Եվ ամենեւին պետք չէ մտածել, թե Բելառուսում եւ Ղազախստանում այնպիսի ավտորիտար ռեժիմներ են, որ նման խելահեղ, ապօրինի քայլերը զարմանալի չեն: Շատ էլ զարմանալի են, որովհետեւ այդ երկրների խորհրդարանների կայքերում հարյուրավոր, հազարավոր օրինագծերի շրջանառման ընթացք է արտացոլված, եւ դրանցում խիստ կարգուկանոն եւ պահպանվող ընթացակարգ է երեւում: Հայաստանի ԵՏՄ պայմանագրի դեպքը բացառիկ է: Եվ ինչի՞ մասին է խոսում այն: Այն մասին, որ պայմանագիրը վավերացվել է ներքին դիմադրության, Ռուսաստանի ահռելի ճնշման եւ ավարտվող վերջնաժամկետի պայմաններում: Այնպես որ, եթե մեկին հարկավոր լիներ պայմանագիրը բողոքարկել Բելառուսի եւ Ղազախստանի սահմանադրական դատարաններում, միայն ռեգլամենտի խախտումների համար այդ վավերացումները հարկ կլիներ չեղյալ ճանաչել:

Ինչեւէ, այժմ, երբ ամենքը տեսան, թե վերջին պահին ինչ խելահեղությամբ եւ խախտումներով վավերացվեցին պայմանագրերը, արժե բացատրել, թե ինչու էր դեկտեմբերի 19-ը վերջնաժամկետ, որի խախտումը կնշանակեր Հայաստանի ԵՏՄ պայմանագրի անվերադարձ տապալում: Հարցն այն է, որ Բելառուսի սահմանադրությամբ երկրի խորհրդարանը գումարում է տարեկան 2 նստաշրջան, որոնց տեւողությունը սահմանափակված է Սահմանադրությամբ՝ հոկտեմբերի 2-ին բացվող նստաշրջանը չի կարող տեւել ավելի քան 80 օր, ապրիլի 2-ին բացվողը՝ ավելի քան 90 օր:

Այսօր ավարտվում էր աշնանային նստաշրջանը, եւ այլեւս մինչեւ ապրիլի 2-ը չէր լինելու նոր նիստ: Արտահերթ նստաշրջան Սահմանադրությունը թույլ է տալիս հրավիրել միայն «առանձնակի անհրաժեշտության» դեպքում՝ պատերազմ, արտակարգ դրություն, այլ ֆորսմաժորային իրավիճակներ: Այնպես որ, եթե այսօր պայմանագիրը չվավերացվեր, այդպես չէր, որ, օրինակ, հունվարի 10-ին կարող էր վավերացվել, ինչպես Հայաստանում շատերին էր թվում:

Ավելին, հունվարի 1-ից, էլ ուր մնաց ապրիլի 2-ից հետո, Հայաստանի ԵՏՄ պայմանագիրն ընդհանրապես չէր կարող վավերացվել, որովհետեւ բուն ԵՏՄ պայմանագրի 2-րդ եւ 108-րդ հոդվածներով, ըստ էության, հիմնադիր եւ ասոցացված անդամների կարգավիճակ է ամրագրված՝ մի կողմում ԵՏՄ անդամ, պայմանագրի կողմ հանդիսացող երկրներն են, մյուս կողմում՝ ուղղակի ԵՏՄ միությանն անդամագրվող երկրները: Հունվարի 1-ից հետո հնարավոր էր միանալ միայն ԵՏՄ միությանը, որովհետեւ այլ բան 108 հոդվածը չի նախատեսում: Մինչդեռ Հայաստանի պայմանագիրը ԵՏՄ պայմանագրին միանալու եւ հիմնադիր երկրի կարգավիճակ ձեռք բերելու մասին էր: Դրա համար էլ ամեն գնով այսօր վավերացվեց:

Մեկնաբանություն
X