Նոր «հոկտեմբերի 27» Գյումրիո՞ւմ

Այսօրվա հրապարակումը երեկ կեսօրին մտադիր էի վերնագրել՝ ուղղակի հարցնելով՝ արդյո՞ք Հայաստանն անդամակցել է ԵՏՄ-ին հունվարի 2-ին եւ եթե այո, ապա դա ինչպե՞ս է տեղի ունեցել, եթե Բելառուսը Հայաստանի ԵՏՄ պայմանագիրը վավերացնելու ներպետական գործընթացներն ավարտեց միայն հունվարի 11-ին: Ռուսական, Հայաստանում էլ՝ պրոռուսական ինչ-որ կայքեր դեկտեմբերի 31-ին տարածել էին տեղեկատվություն, թե Բելառուսի նախագահն ստորագրել է, եւ Բելառուսի իրավական-տեղեկատվական pravo.by պորտալում հրապարակվել է Հայաստանի պայմանագիրը վավերացնող Բելառուսի օրենքը:

Դա ճիշտ է, եւ հենց այդտեղ էլ ծագել է ողջ խնդիրը, քանի որ Բելառուսի օրենսդրությամբ «Закон о нормативных правовых актах Республики Беларус», статья 65 որեւէ օրենք ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից միայն տասն օր հետո, եթե այլ ժամկետ նշված չէ օրենքում: Լուկաշենկոն ոչ մի նոր ժամկետ չէր նշել, այդքանով էլ Բելառուսում Հայաստանի պայմանագրի վավերացման ներպետական ընթացակարգը հունվարի 1-ի դրությամբ չավարտվեց՝ դրանից բխած բոլոր իրավական հետեւանքներով: Լուկաշենկոյի քայլը համազոր էր Բելառուսի կամ Ղազախստանի խորհրդարաններում Հայաստանի պայմանագիրը չվավերացնելուն:

Չնայած Ռուսաստանը, Օրուելի «Անասնաֆերմային» վայել իր էությամբ եւ ճնշումներով, հասավ Բելառուսի եւ Ղազախստանի խորհրդարաններում ամեն կանոնակարգ խախտելով Հայաստանի պայմանագիրը վավերացնելուն, Լուկաշենկոն Ռուսաստանի բոլոր ջանքերը ջուըրը նետեց: Լուկաշենկոյի քայլը մի այնպիսի ապտակ էր նախագահ Պուտինին, որ համեմատելի է միայն շաբաթներ առաջ Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոյի հասցրած շառաչուն ապտակի հետ: Անգամ բնական էր, որ մինչ երեկ առանձնապես տեղեկություն չկար Պուտինի գոյության մասին, չհաշված Սուրբ Ծնունդն ինչ-որ գյուղական վանքում նշելը եւ Charlie Hebdo-ի ահաբեկչության առթիվ ցավակցություն հայտնելը: Դրա կապակցությամբ էլ հանդեսի ողջ մնացած ծաղրանկարիչներից մեկն ասել էր, թե Պուտինի ցավակցությունը ծիծաղելի է:

Նախագահ Պուտինից ավելի հետաքրքիր էր Հայաստանի իշխանությունների քար լռությունը: Եթե Հայաստանն անդամակցել է ԵՏՄ-ին, ո՞ւր է Հայաստանի իշխանությունների պաշտոնական հայտարարությունն այդ մասին, ո՞ւր է տեղեկությունը, թե որ երկիրը երբ ավարտեց Հայաստանի պայմանագրի վավերացումը, երբ եւ ում դիվանագիտական նոտա ուղարկեց ներպետական գործընթացներն ավարտելու մասին, եւ դրանից հետո երբ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրը մտավ ուժի մեջ, եթե Բելառուսը մինչեւ 2015-ի հունվարի 10-ն այդ գործընթացը չէր ավարտել:

Լավ, ասենք՝ Հայաստանում ոչինչ չասվեց, մաքսատներում էլ հին դրվածքներից մեծ բան չփոխվեց, եւ կյանքը շարունակվեց, բայց, ի վերջո, եթե մի քանի ամսից ԵՏՄ-ն չոչնչանա, հարկ կլինի թե ԵՏՄ բուն պայմանագիրը, թե դրան միանալու մասին Հայաստանի պայմանագիրը գրանցել ՄԱԿ-ի քարտուղարությունում: Այդ ժամանակ ինչպե՞ս են կատարվածը կոծկելու: Ինչպե՞ս են բացատրելու այն, որ Բելառուսը Հայաստանի ԵՏՄ պայմանագիրը չի վավերացրել մինչեւ հունվարի 1-ը, ինչը նշանակում է, որ 2015-ի հունվարի 1-ից հետո Հայաստանը չէր կարող ԵՏՄ-ին անդամակցել պայմանագրին միանալու ճանապարհով:

Մինչեւ 2015-ի հունվարի 1-ը հնարավոր էր միանալ ԵՏՄ պայմանագրին, եւ վաղը խնդիրներ չունենալ ՄԱԿ-ում ու, հետեւաբար՝ WTO-ում: Հունվարի 1-ից հետո դա անհնար է, քանի որ ԵՏՄ բուն պայմանագիրը թույլ է տալիս միանալ միայն Միությանը եւ ոչ թե պայմանագրին, դրանց մեջ առկա ահռելի տարբերությամբ: Իսկ եթե Հայաստանի ԵՏՄ պայմանագիրը չգրանցվի ՄԱԿ-ի քարտուղարությունում, WTO-ն ի՞նչ հիմքով պետք է Հայաստանի հետ բանակցի կամ մաքսատուրքեր վերանայի:
Չնայած, իրավական կազուսից բացի, զուտ տնտեսական առումով էլ ԵՏՄ-ի ստեղծած խառնաշփոթն ահռելի է, երբ Լարսի ճանապարհը փակ է եւ ձմռանը թերեւս չի էլ բացվի, իսկ Վրաստանն էլ կարծես թույլ չի տալու, որ ԵՏՄ-ից եկող ապրանքները Վրաստանով անցնեն առանց մաքսազերծման: Բնական կլիներ, որ երեկ հենց այս կազուսները քննարկվեին տոնական արձակուրդից վերադարձած տպագիր մամուլում եւ պաշտոնական շրջանակներում:

Բայց երեկ Գյումրիում ռուս զինվորականի կազմակերպած սպանդը, որ գրեթե 1999-ի Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կրկնությունն էր, զբաղեցրել էր բոլորին: Գյումրիում էլ, ինչպես 1999-ին ՀՀ ԱԺ-ում, հանցագործությունը կատարողը, չթաքցնելով ինքնությունը, գործել էր հրազենով, կատարել ոչ թե սպանություն, այլ սպանդ, հայտաբերվելու դեպքում էլ, անկասկած, կհայտարարի, որ գործել է ինքնուրույն եւ առանց կազմակերպիչների, ինչպես հավատացնում էր Նաիրի Հունանյանը: Իսկ ամենաէականը, Ռուսաստանից նորից դեսանտ է ուղարկվել, ինչպես 1999-ին «Ալֆա» ջոկատը, որ իբր Հայաստանի իրավապահներին աջակցի: Իրականում, գուցե հանցագործին ոչնչացնի եւ իրականության բացահայտումը խափանի: Տեսնենք, թե ռուս հանցագործին եւ, ենթադրելի է, նրան սեփական հովանու տակ առնելու համար Հայաստան ժամանող ավելի բարձրաստիճան ռուսական իշխանական դեսանտին ինչ կհաջողվի:

Ամեն դեպքում, չափազանց ցավալի է, բայցեւ հատկանշական, որ 2015-ի տարեսկզբից Հայաստանում արյուն է հոսում, սկզբում՝ սահմաններում, հիմա՝ երկրի ներսում: Արեւմտյան լրատվամիջոցները վաղուց էին սրամտում, թե Ռուսաստանը ոչինչ չունի տալու աշխարհին, բացի երեք P-ից՝ prostitutes, petroleum, polonium, հիմա թերեւս մնացել է միայն polonium-ը՝ սպանությունների միջոցը:

Մեկնաբանություն
X