Հայաստանի նախագահի դերը կատարեցին գյումրեցիները

Երեկ Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության ամենանշանակալից ու շրջադարձային դրվագներից մեկն էր: Նախ, վերմարդկային ցավի առումով: 1999-ից ի վեր ո՞վ կհավատար, թե նման հուղարկավորություն նորից կլինի Հայաստանում, երբ կողք-կողքի դրվեն մի ոճրագործության զոհ դարձած այդքան անմեղ աճյուններ: Եվ ո՞ւմ պատճառով, Ռուսաստանի ու ռուսների: Լավ, դրանք դեռ որքա՞ն պետք է Հայաստանի հողի վրա քայլեն եւ ինչի՞ համար: Իբր որովհետեւ Պերմյակովի կարգի կենդանիները մեր անվտանգությո՞ւնն են երաշխավորում:

Սերժ Սարգսյանը նախագա՞հ է, թե՞ խրտվիլակ, եթե չի կարողանում երկիրը ռուսներից պաշտպանել: Ինչ է, վախենում է, որ հակադրվելու արդյունքում իր ընտանիքի՞ն էլ կարող է դժբախտություն պատահել: Այդքան վախենում է՝ թող հրաժարական տա եւ հեռանա: Չի վախենում՝ թող իր սահմանադրական պարտքը կատարի եւ երկիրը պաշտպանի ռուս խաժամուժից, ոչ թե ռուս խաժամուժին՝ իր երկրի քաղաքացիներից: Ինչո՞ւ պետք է որեւէ հայ, այդ թվում ոստիկան վիրավորվի ինչ-որ ռուսների պաշտպանելու համար: Եթե ՀՀ իշխանություններն այդքան պարտավորվածություն են կրում ռուսների անվտանգության համար, թող դրանց Հայաստանի փողոցներից ու շինություններից հավաքեն մի կայազորում եւ պաշտպանեն:

Կամ ի՞նչ է նշանակում Հայաստանում միջազգային իրավունք բացատրել, թե ռուս հանցագործը հայտնվել է ռուսների ձեռքում, ռուսական իրավազորության ներքո, եւ չեն կարող մեզ հանձնել, փոխանակ բացատրելու, թե ինչպես է Հայաստանի պետական սահմանին իբր բացահայտված հանցագործը ռուսական ռազմաբազայում հայտնվել, երբ բազայի եւ սահմանի միջեւ տասնյակ կիլոմետրերի հեռավորություն է:

Եթե Սերժ Սարգսյանը նախագահ է, ապա ինչպե՞ս եւ ինչո՞ւ է թույլ տվել, որ ռուս հանցագործի գուցեեւ նույնքան հանցագործ զինակիցները ռուսական բազայի տարածքից դուրս ազատ տեղաշարժվեն, էլ ուր մնաց քննչական-ոստիկանական գործառույթներ իրականացնեն: Ռուս հանցագործի, հնարավոր է, նույնքան հանցավոր զինակիցները՝ լինեն դրանք Մոսկվայից ժամանողներ թե բազայում գտնվողներ, ի՞նչ իրավունքով են տասնյակ կիլոմետրերի հեռավորությամբ գտնվող մի վայրից մյուսը հանցագործության կասկածյալ տեղափոխել: Սերժ Սարգսյանը Հայաստանի անվտանգության երաշխավո՞րն է, թե՞ դեկորացիան:

Լավ, գոնե հիմա ինչո՞ւ սահմանապահներին մեղադրանք չի առաջադրվում հայտնաբերված հանցագործին ՀՀ իշխանություններին չհանձնելու համար: Ո՞ր իրավունքով են նրանք այդ տականքին Մոսկվայից ժամանած հայրենակիցներին թե հանցակիցներին հանձնել: Կամ եթե այժմ ՌԴ իրավազորությունն արդեն այնքան է ոտնահարվել, որ ՀՀ իրավապահ մարմինները, ՀՀ օրենսդրության հիման վրա Պերմյակովին իբրեւ մեղադրյալ ներգրավել են հարուցված քրեական գործում եւ նույնիսկ հարցաքննության են ենթարկել, այդքանով էլ հանցագործին վերցրել են ՀՀ իրավազորության ներքո, այլեւս դրան ֆիզիկապես ՀՀ իրավապահ համակարգին չհանձնելն ինչո՞վ է փրկում ՌԴ սահմանադրությունը ոտնահարվելուց, որ չեն հանձնում:

Իսկ եթե համառում են եւ չեն հանձնում, ինչո՞ւ մեր իրավապահները, սեփական ժողովրդի ցույցերը ցրելու փոխարեն, ֆիզիկապես չեն մտնում ռուսական ռազմաբազա եւ այդ տականքին հանում: Ինչ է, ռուսները պիտի դիմադրե՞ն… Թող դիմադրեն, դրանից հետո ողջ ռազմակայանով ստիպված կլինեն կորչել Հայաստանից: Ռուսները նման շրջադարձի կգնա՞ն:

Ամեն դեպքում, երեկ Գյումրիի քաղաքացիները Սերժ Սարգսյանին ակնառու բացատրեցին եւ իրենք կատարեցին Հայաստանի նախագահի դերը: Նրանք ռուսներին բացատրեցին, որ գրողի ծոցի կարող են գնալ իրենք էլ, իրենց օրենքներն էլ, իրենց երկիրն էլ, ամենքը, բացի այդ հանցագործից, որը սպանդ է կատարել, եւ որին ՀՀ արդարադատությունը պիտի դատի:

Մեկնաբանություն
X